2013.06.14,

Տեսակետ

«Ուզում եմ չբթանա երեւակայելու ունակությունը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը տարբեր հեռուստատեսային նախագծերում է աշխատել, նկարահանել է տեսահոլովակներ: Այս տարի էկրան բարձրացավ նրա գեղարվեստական կարճամետրաժ դեբյուտը՝ «Սպիտակ գառան երազը» տրագիֆարսը, որը նորաստեղծ «Արեւ» ստուդիայի արտադրանքն է:
Այս 13 րոպեանոց գրոտեսկային պատմության հերոսը սպիտակ մանուկ-գառնուկն է, որը երազում է խուսափել իր եղբայրների ճակատագրից ու մահվան հաղթահարումը վերածել մի շոուի՝ մաս-մեդիայի լուսարձակների փայլի ներքո հանրահայտ աստղ հռչակվելով: Դինամիկ, հումորով լի այս ֆիլմը տարբեր դիրքորոշումների՝ զոհաբերելու ու զոհաբերվելու, վերջին ուժերով դիմադրելու ու հոսանքով հանգիստ լողալու մասին է հուշում:
Հրանտ Վարդանյանն իր պատանեկության Երեւանը համեմատում է մի մեծ սոցիալական ցանցի հետ, որտեղ մարդիկ ազատորեն շփվում, վիճում ու փիլիսոփայում էին եւ իրար շատ լավ էին հասկանում: Եվ իր առաջին լիամետրաժ ֆիլմի (որի սցենարը հիմա գրվում է) հիմքում լինելու է հենց այդ շատ թանկ՝ ցանցի ձգողական ուժով օժտված քաղաքի պատմությունը: 

Դուք ժամանակակից հեքիաթ եք նկարահանել, իսկ այդ ժանրը կարծես դուրս է մնացել մեր կինոյից:

Երազի, հեքիաթի, ֆանտաստիկայի ժանրի պատմություն կինոյում կամ թատրոնում պատմելու փորձ մենք գրեթե չենք ունեցել: Մեր բոլոր պատմությունները կարծես միշտ եկել հանգել են զուտ կենցաղային հարթությանը (հաց, պանիր, լոլիկ), ինչը, ճիշտն ասած, մի քիչ տարօրինակ է, քանի որ մենք` հայերս, վառ արտահայտված երեւակայություն ունենք, բայց այն կինոյում չի երեւում:

Հաճախ եմ ասում՝ մարդիկ, ձեր միջի հեքիաթը բաց թողեք, թույլ տվեք, որ հեքիաթը խոսի: Իրականում հեքիաթը շատ լուրջ ու կարեւոր երեւույթ է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ազգը, ժողովուրդը իր կոլեկտիվ երազանքով ու սպասելիքներով ինչի է ուզում հասնել: Հեքիաթը կամ տեսլականը օգնում է ճանապարհը, հեռանկարը, ձգտումը տեսնել: Ի վերջո, բոլորս էլ հոգնել ենք չիմանալուց, թե ուր ենք գնում եւ ինչ ենք անում։

Չէ՞ որ ճանապարհ գնալու մեջ կարեւոր չէ՝ դու հասնելո՞ւ ես նշանակետին, թե՞ ոչ։ Ամենաթանկը ճանապարհ ընկնելու երանելի ցանկությունն է։ 485

Եվ ես վստահ եմ, որ որքան էլ բարդ ու հակասական է մեր այսօրվա կյանքը, մենք ժամանակակից հեքիաթի կարիք ունենք:

Հին հեքիաթները կարդալով՝ հաճախ զգում ես, որ դրանք բավական ֆունդամենտալ են, առակի ֆորմա ունեն ու հագեցած են բարդ խորհուրդով, խրատով: Դրանք ավելի շուտ մեծահասակներին են ուղղված, իսկ ես փորձում եմ ամեն մեծահասակի մեջ երեխա տեսնել:

Հասկանալ, թե այսօրվա դրամատուրգը, ճարտարապետը, շինարարը, քաղաքական գործիչը մանուկ հասակում ինչի մասին է երազել, ինչպիսի կյանք է ցանկացել տեսնել հիսուն կամ հարյուր տարի հետո:

Ի վերջո, հետաքրքիր է, թե ինչպիսին են պատկերացնում իրենց ապագան մարդիկ, որոնք ենթադրաբար տիրացել են աշխարհի բոլոր բարիքներին: Եվ կարծում եմ՝ մարդկանց առիթներ ու հարթակներ են պետք (այդ թվում՝ նաեւ մեդիա), որտեղ բոլորը (նախագահից սկսած՝ մանկապարտեզի հասակի երեխաներով վերջացրած) կարող են իրենց երազների, տեսլականների մասին պատմել, գրել, նկարել:
Հայաստանում գործում էր մի շատ լավ ծրագիր՝ «Հայաստան 2020», բայց այն իր նպատակին չհասավ ու զանգվածային չդարձավ (ավելի շուտ՝ չթողեցին, որ դառնար): Իսկ մեզ հիմա այդպիսի հեռանկարային ծրագրեր շատ են հարկավոր:

Հեռանկարները ավելի շատ ոչ թե Հայաստանի, այլ դրսի հետ են կապվում:

Մտածում ենք այս օրը մի կերպ ապրելու մասին եւ չենք փորձում մի քիչ շունչ քաշել, որպեսզի փիլիսոփայելու ժամանակ էլ մնա: Իմիջիայլոց, Հայաստանում մի շատ լավ ավանդույթ կար. մարդիկ հավաքվում էին սրճարաններում, խոսում ու փիլիսոփայում էին: Հիմա դադարել են… Իսկ տարիներ առաջ Երեւանը երազողների քաղաք էր, որը նման էր երազների մի մեծ ցանցի: Իսկ հիմա լավագույն երազանքը ռեստորան գնալն ու առավելագույնը երկու օրվա կիրառություն ունեցող որեւէ նախագիծ անելն է:

Սեփական տեսլականները, սպասելիքների մոդելները ձեւավորելու համար հարկավոր է ազատ ու մի քիչ էլ գիժ լինել, քանի որ այդ գժվելու, «ծռվելու» (հիշենք մեր «Սասնա ծռեր» էպոսի հերոսներին) մեջ շատ առողջ գաղափար կա:

Իհարկե, դժվար է, բայց պետք է, չէ՞, իմանալ, թե, ի վերջո, ինչի են ուզում հասնել:

Դուք լավ ծանոթ եք հեռուստատեսության աշխատանքին, նրա ներքին խոհանոցին: Ինչպիսի՞ն է այսօրվա հեռուստատեսությունը:

Հեռուստատեսությունն արդեն առաջին պլանից հետ է մղվել, եկել է ավելի դեմոկրատական, ազատ ու արագ գործիքի՝ ինտերնետի դարը:

Ճիշտն ասած՝ ես հազվադեպ են նայում հեռուստացույց, այն անընդհատ կրկնվում է ու գրեթե նույն աղբն է ցուցադրում:

Հեռուստատեսությունը, ինչպես եւ քաղաքականությունը, որդնած երեւույթ է, որը լայն զանգվածներին կրկնաբանություն (տաֆտոլոգիա) է փորձում թելադրել: Իհարկե, դա նրան դեռ հաջողվում է, բայց ընդհանուր դաշտն արդեն կիսամեռ վիճակում է, քանի որ ինտերակտիվ հասարակությունը քաղաքականացված հեռուստատեսության կարիքն արդեն չի զգում:

Բոլոր երկրներում էլ հեռուստատեսությունը հիմնականում պրիմիտիվ բնազդների հետ խաղ անող արտադրանք է հաղորդում: Դա արվում է մարդկանց 486կառավարելի դարձնելու համար։ Իսկ ինչու՞ է հարկավոր գլուխ ցավեցնել եւ ձգտումներ ու զգացմունքներ ունեցող հոգեւոր մարդ ստեղծել։ Այդ տեսակի մարդիկ պետք չեն, պետք են պրիմիտիվ մտածողները: Նրանց հեշտ է առաջնորդել:

«Սպիտակ գառան երազը» ֆիլմում ակնարկվում է առաջնորդի, հովվի, հավատի դերը:

Այսօր հաճախ տեսնում ենք, որ հովիվ են դառնում հուդաները: Այսինքն՝ ճանապարհ ցույց տվող ու ճանապարհ բացող առաջնորդները (ասենք՝ գյուղերի, քաղաքների, անգամ ընտանիքների գլխին կանգնածները) լավ չեն հասկանում թե դեպի ուր են ուղղորդում իրենց հոտը: Շատ ընտանիքներ կան, որտեղ ծնողներն իրենց երեխաներին պահում-մեծացնում են՝ հետագայում մատաղ անելու համար: Օրինակ՝ իրենց աղջիկներկին պատրաստ են ամուսնացնել առաջին իսկ պատահած լակոտի հետ: Բա դա մատաղ չէ՞…

Այնքան հաշվենկատ ենք դարձել, որ պատրաստ ենք հարազատին էլ զոհաբերել հանուն կեղծ գաղափարի: Սուտի, շինծու, ճարտացնող պատմությունների հավատալ չեմ ուզում:

Եթե մարդն ազատ է, ուրեմն պատասխան է տալիս հարազատի, իր ձագի, հարեւանի համար։ Ազատ մարդն իրավունք չունի վնասելու։
Ցանկացած կրոնի մեջ Աստծո գաղափարախոսությունը հիմնվում է սիրո գաղափարի վրա: Եթե մարդը դա հասկանում է, մնացածն արդեն կարեւոր չէ: Մնացածը միայն բթացնում է:

Ինչպե՞ս է ստացվել, որ հումորով, իրոնիկ մոտեցմամբ հարուստ հայերը լավ կինոկատակերգություններ կամ էլ հեռուստահաղորդումներ նկարահանել չեն կարողանում:

Կարծում եմ՝ մեր անընդհատ ճնշված, շրջափակված, քիչ լինելու հանգամանքը հանգեցրել են նրան, որ մենք ափսոսում ենք ինքներս մեզ վրա ծիծաղել: Հումորը, որը հայտնվում է մեր սերիալներում կամ կոմեդիաներում, ավելի լկտի է դարձել: Մենք կարծես իսկապես ափսոսում ենք ավելի խորը եւ լուրջ մեզ ուսումնասիրել:

Ընդհանրապես հումորի տեսակներ կան, որոնք քայքայիչ էֆեկտ են ունենում, եթե դրանցից հանում են ինքնահեգնանքը, սիրո էներգիան, խորությունը եւ թողնում են միայն գռեհիկը:

Կինոն եւ ընդհանրապես արվեստը առաջին հերթին բնորոշվում է իր մեջ պարունակվող էներգիայով: Կինոն ֆիքսված արվեստի ձեւ է, որի բարդությունը կայանում է հենց իր կոլեկտիվ էության մեջ: Մեծ ստեղծագործական խմբի աշխատանքը պետք է  հավաքվի ու մի կետում՝ կինոշրջանակի մեջ ֆիքսվի (ճիշտ այնպես, ինչպես գեղանկարում):

Եվ, թերեւս, ռեժիսորի գործը այդ շրջանակը ճիշտ կառուցելն է:

Հեռուստատեսությունը, քաղաքականությունը, կինոարտադրությունը համակարգային երեւույթներ են, որոնք նոր հոսքերի բացակայության պայմաններում շատ արագ բթանում եւ փտում են:

Ի վերջո, եթե մենք այսօր հանգիստ սրտով այլանդակում ենք Երեւանը (եւ ընդհանրապես ամեն ինչը)՝ ապացուցելով, որ երազելու, պատկերավոր մտածելու վայրեր մեզ պետք չեն, մենք ուղղակիորեն ոչնչացնում ենք մեր երեխաների ապագան: Մենք նրանց գլխացավանքով լի ժառանգություն ենք թողնում: Երկիր, որտեղ մասնագետներ այլեւս չեն մնացել, իսկ մնացածները կառչել են իրենց աթոռներից ու մտածում են՝ մեզանից հետո թող թեկուզ ջրհեղեղ լինի:
Եվ ես շատ կուզեի, որ մեր երեխաների մոտ չբթանա երազելու, երեւակայելու, ստեղծագործելու ունակությունը: Կրթված, ազատ ու արժանապատիվ մարդիկ մեր հարստությունն են:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *