2013.04.23,

Տեսակետ

«Հանրային ուտոպիաները գլխավոր շարժիչ ուժն են, հեռանկարը, հորիզոնի գիծը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Արվեստաբան, համադրող Ռուբեն Արևշատյանը վերջին մի քանի տարիներին աշխատում է «Քաղցր 60-ականներ» լայնածավալ ու շարունակական միջազգային նախագծի վրա, որի նպատակը անցյալ դարի ամենահետաքրքիր ու հակասական շրջանի (հիպիների, սովետական «ձնհալի») պատկերային արխիվի հավաքագրումն եւ վերաիմաստավորումն է:

Աշխարհի տարբեր անկյուններում անցնում են ցուցադրություններ, գիտաժողովներ՝ այդ բազմաշերտ դարաշրջանը ներկայացնելու համար:

Վերջերս լույս է տեսել «Սովետական մոդեռնիզմ» ճարտարապետական նախագծերի ծավալուն կատալոգը, որի շապիկին, որպես մոդեռնիստական կառույցի ամենացայտուն սիմվոլ, Սևանի Գրողների ստեղծագործական տունն է (հեղինակ Գեւորգ Քոչար):

«Քաղցր 60-ականները» կառուցված է արխիվի սկզբունքով՝ կարելի է դիտել լուսանկարները, պրոեկտները, ծանոթանալ ու կապ հաստատել տարբեր երկրների ճարտարապետների հետ: Դա տվյալների բազա է, որի այցելուները ինքնուրույն աշխատանք են կատարում՝ ուսումնասիրելով պատկեր-փաստաթղթերը:

Ռուբեն Արևաշատյանը նկատում է, որ այսօրվա շատ խնդիրներ սկիզբ են առել դեռ տասնամյակներ առաջ, քանի որ հանրային տարածքի հետ տեղի ունեցող տրանսֆորմացիաների փորձն իր վավերացումը չի ստացել:

Զարմանալի զուգադիպությամբ այսօրվա Հայաստանում ճարտարապետության ու մեդիայի խնդիրները գրեթե նույն ձևաչափով են զարգանում:

Եթերը (ինչպես և տարածքը) մասնավորեցվում է, սակայն շարունակում է հանրային գործառույթ կատարել: Եվ այս երկիմաստ իրավիճակից էլ ծնվում են մանիպուլյացիաները, և կարևորվում է, թե ում ձեռքում է գտնվում հանրային ֆունկցիա իրականացնելու գործիքը: 

Հայաստանում շենքերից շատերն արդեն հուշ են դարձել: Անգամ 20-30 տարվա (էլ չասած նախորդ դարի) շինություններն են կարոտով հիշատակվում: Հուշը ստվերու՞մ է ներկան: 

Հիշելու ցանկությունը նոստալգիա չէ: Այդ կարոտի բնույթը, պատճառը ավելի շատ կապված է չլուծված խնդիրների հետ:

Շատ հետաքրքիր էր, օրինակ, դիտարկել հանրային ռեակցիան, երբ պարզվեց, որ հասարակությունից հեռանում է արժեքային համակարգի մարմնավորումը, ասենք, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կամ Մաշտոցի պուրակը:

Հեռանում էր մի ծանոթ բան ու փոխարինվում բոլորովին այլ արժեքային համակարգով:

Կարծում եմ՝ այդ առումով շատ ուսանելի են 1960-ականները, որոնք առաջ քաշեցին նոր իրավիճակ, նոր հնարավորություններ և շատ հարցեր:

Պատերազմները, հեղափոխություններն ու ճգնաժամը ստիպեցին, որ նախկինում առաջ քաշած հարցերը զարգացման պահից սկսած իսկ տրանսֆորմացվեն ու վերածվեն ռեպրեսիվ համակարգերի:

Գաղափարը (ընդ որում՝ հաճախ շատ առաջադեմ) մնում էր, իսկ նախնական պրոեկտն ու դրա իրականացումը իրար հակասում էին:

Տեխնոլոգիական մոդեռնիզացիան հասարակությունը պոկել-տանում էր առաջ: Դրան զուգահեռ կար երկու համաշխարհային պատերազմների փորձը, որը ցույց տվեց, որ մոդեռնիստական սկզբունքները նաև անմարդկային՝ հակահումանիստական տարրեր են պարունակում:

Մեդոթը, տեխնոլոգիան սկսել էր աշխատել մարդու դեմ:

Ճարտարապետությունը դա փայլուն կերպով է բացահայտում, քանի որ այն միշտ էլ կարողացել է  արտահայտել և՛ հասարակության մեջ ձևավորվող տենդենցները, և՛ իշխանության հարաբերակցությունը հասարակական գործընթացներին:

Ճարտարապետությունը լավագույնս արտահայտում է հանրային ուտոպիաները, որոնք, ի վերջո, գլխավոր շարժիչն են, հեռանկարը, հորիզոնի գիծը, տեսլականը, որը ցույց է տալիս, թե ուր ես գնում, ուր ես ուղղում հայացքդ:

Ուտոպիան այն անհրաժեշտությունն է, որը վերջին 20 տարիների ընթացքում գլոբալ առումով վերացել է:

Կարճ ենք մտածու՞մ:

Մտածողությունը դարձել է ֆատալիստական (ճակատագրապաշտական), և դա ճգնաժամերի, չլուծված պրոբլեմների արդյունք է: Հենց 60-ականները առաջ քաշեցին ուտոպիաների ու հուսալքության, հիասթափության զգացումը:

Զարմանալի է, բայց այդ կոնստրուկտները նույնն են նաև այսօր:

Հարաբերակցությունների խնդիրն ամենուրեք է: Ի վերջո, մենք չենք կարողանում անգամ գիտակցել, թե ինչպիսի դասակարգեր ունենք: Շատերը սովետական իներցիայով կարծում են, որ ոչ մի դասակարագ չկա:

Մինչդեռ դա պատրանք է, մենք բավականին հստակ, անգամ՝ բավականին կոպիտ, համակարգեր ունենք: Իսկ դասակարգերի միջև անգամ գոյություն չունեն պաշտպանության բուֆերներ:

Հանրային գիտակցության կրողը մնում է միայն ազգ հասկացությունը:

Իսկ դա առաջացնում է փակուղային իրավիճակ:

Ինչու՞:

Ընդամենը մի օրինակ բերեմ. ընդունված էր համարել, որ հայը հային չի կարող վնաս տալ, պարզվեց, որ կարող է:

Մարտի 1-ին այդ գաղափարը աչքի առաջ գնդակահարվեց ու հանրային տրավմա դարձավ:

Ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ վերացած կամ վերացման եզրին հայտնված շենքները հիմնականում հանրային ֆունկցիա ունեցող օբյեկտներ են՝ կինոթատրոններ, զբոսայգիներ, անցումներ ու գետնանցումներ…

Հանրայինի գիտակցումը փոխվել է: Առաջացել է մի պարադոքսալ վերաբերմունք, երբ մի կողմից գոյություն ունի հանրայինի անհրաժեշտության բազային պատկերացում (դա պետք է լինի և վերջ), իսկ մյուս կողմից՝ հակադիր պատկերացում է, որ հանրային բարիքի արդարացի բաշխումը պարզապես հնարավոր չէ: 

Մտեք ցանկացած բակ ու կտեսնեք, թե ինչպես է հանրային տարածքը ֆրագմենտացվում, ընդ որում՝ հորիզոնական մակարդակով:

Այսինքն՝ դա վերևից եկող պարտադրանք չէ, հասարակությունն ինքն է սկսում հանրայինը մասնավորեցնել ու իրեն ենթակայեցնել:

Եվ խնդիրը միայն տարածք «պոկելը» չէ, հանրայինի ընկալումն է փոխվում (տարածքը չի կարող պատկանել միաժամանակ բոլորին ու բոլորի կողմից հավասարապես խնամվել):

Այդ գաղափարի հիման վրա քաղաքի իշխանությունները, օլիգարխիան շատ լավ սպեկուլյացիա են անում՝ ասելով՝ դե, տեսեք՝ ինչ վիճակի է հասցվել հանրային տարածքը, ավելի լավ է այն մասնավորեցնել, որպեսզի այն (իբրև թե) սկսի ծաղկել, կանաչել:

Բայց իրականում բազմաթիվ օրինակներով տեսնում ենք, որ քաղաքը կորցնում է իր հանրային տարածքները: Եվ այդ կորուստը արտահայտվում է նույնիսկ կարիկատուրայի հասնող ձևերի:

Պետությունը օտարում է շենքներ, այդ թվում՝ նաև պրոբլեմը:

Կան տարածքներ, որոնք օրենսդրորեն ֆիքսված են որպես հանրային հիշողության հատվածներ, հուշարձաններ: Եվ դրանց սեփականատերերը օրերից մի օր ասում են՝ վայ, հուշը փլուզվում է, պատմությունը քանդվում է, վթարի վտանգ կա, և միայն ես կարող եմ դա փրկել:

Ճարտարապետությունն ու մեդիան կարծես նույն խնդիրներն ունեն: Ալիքներից շատերը մասնավոր են, բայց հանրային ֆունկցիա են կատարում: Նույնը հանրային նշանակության (բայց մասնավորեցված) տարածքների դեպքում է:

Մեդիան լուրջ գործիք է և պետք է առաջին հերթին դիտարկել, թե այդ գործիքն ում ձեռքում է:

Մի օրինակ բերեմ. տարիներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ «Անի» հյուրանոցի կողքի պատից պետք է վերանա Վան Խաչատուրի երկրաչափական աբստրակցիան, լուրջ կռիվ սկսվեց: Արդեն փորվել էին հիմնափոսերը, պատը քանդվում էր, երբ Վան Խաչատուրը  իսկական պատերազմ հայտարարեց իր աշխատանքը փրկելու համար:

Այս պայքարում շատ հետաքրքիր դեր խաղաց մեդիան: Այն ժամանակվա «Պրոմեթևս» (այժմ՝ «հ2») ալիքը մի հոլովակ պատրաստեց, որտեղ  գրաֆիկայով ցույց էր տալիս, թե ինչպես է հյուրանոցի ճակատը դանդաղորեն փակվում ու կառուցվում նորը՝ մաքուր վիճակով:

Այդ հոլովակը շատ կարևոր մեխանիզմ էր, որը ցույց տվեց, թե ինչպես է մեդիան (զուտ որպես գործիք) աշխատում հանրային գիտակցության ձևափոխման վրա:

Այն անում է դա աստիճանաբար: Նույն կերպ, ինչպես, ասենք, հիմա գործարար-պատգամավորը քանդում է Փակ շուկան:

Հուշարձանը քանդվում է հորիզոնական մակարդակի ռազմավարությամբ: Այնպես, ինչպես, ասենք, մարդը կամաց-կամաց սկսում է գրավել իր տան կողքի տարածքը՝ ավտոտնակ կառուցելու համար:

Նա սկզբից մի քանի քար կամ խողովակի բեկոր է դնում այդ տարածքում, հետո ամեն օր այդ կույտը մի քանի սանտիմետր առաջ է հրում:

Հետևելով հարևանների ռեակցիային՝ շատ լավ հասկանում է՝ երբ է պետք հրել, իսկ երբ՝ որոշ ժամանակով դադար տալ:

Նա աստիճանաբար է սահմանագծում իր տարածքը, և մի գեղեցիկ օր տեսնում ես, որ տարածքում արագորեն ավտոտնակ ծնվեց:

Փակ շուկայի տրանսֆորմացիան էլ այդպես կատարվեց: Բուլդոզերներն, օրինակ, ակտիվորեն քանդեցին շինությունը հատկապես Նոր տարվա տոնական օրերին, երբ մարդկանց ուշադրությունը բոլորովին այլ բաների վրա էր կենտրոնացած:

Այդ մեխանիզմով էլ աշխատում է մեդիան՝ հետևողականորեն ու կաթիլ առ կաթիլ ընտելացնելով քեզ փոփոխության մտքի հետ:

«հ2»-ն այդպես վարեց՝ պատրանք ստեղծելով լսարանի մոտ, որ նա արդեն տեսել է հյուրանոցի պատի պատկերը՝ առանց արվեստի գործի:

Մարդն ընդհանրապես պատկերներով է առաջնորդվում: Եվ երբ վերանում են, ասենք, ճարտարապետական պատկերները, նա ընտելանում է նաև այդ ճարտարապետության տված հնարավորությունների բացակայության հետ:

Եթե չկա օրինակը, չկա նաև հեռանկարը:

Չկա կինոթատրոնի շենք, չկա նաև կինո՞…

Այդ խնդիրը երկար եմ ուսումնասիրել ու կարող եմ ասել, որ Երևանում իրավիճակը դեռ այնքան սարսափելի չէ, որքան, ասենք, Աշխաբադում, որը մոդեռնիստական փայլուն ճարտարապետություն ուներ, իսկ հիմա ոչինչ չունի: Շինությունները կամ հողին են հավասարեցրել կամ սալապատել են մարմարով:

Մեծ առումով, ով էլ որ դա անում է (իշխանությունը, թե մասնավոր սեփականատերը), նա միշտ խոսում է հանրային շահի դիրքերից: Ասում են՝ բայց դուք չեք սիրում սովետական անցյալը, ես էլ ձեր չսիրածը վերացնում եմ:

Այսինքն, արվում է ամեն ինչ՝ մեզ ցույց տալու համար, որ Սովետը չի էլ վերացել:

Սովետը շատ գեղեցիկ ու սահուն կերպով շարունակվում է, միայն մի բան է անհետացել՝ հնարավորությունների վերաբերյալ տեսլականը՝ ուտոպիան:

Իսկ մնացածը նույնն է՝ հիերարխիկ սիստեմը, անգամ մարդկային տիպաբանությունը:

Նաև երիտասարդները, որոնք սովետական նոմենկլատուրային կառույցների երիտթևերի ներկայացուցիչների նման հանրային ոլորտում հարց լուծող են դարձել:

Ո՞վ կմտածեր, որ մեր օրերում նման ռեինկառնացիա կապրի կոմսոմոլը:

Իրականում կոմսոմոլը չէր էլ վերացել, այն պարզապես որոշ ժամանակով քուն էր մտել և հետո, արթնանալով, նետվեց առաջ: 60-ականներն իրենց հետ բերեցին անհատականացման գաղափարը:

Անհատներն այնքան կենտրոնացան սեփական ինքնության վրա, որ սկսեցին աշխարհը չափել միայն իրենց անձով:

Երբ դադարում ես չափման միավոր համարել կողքինիդ, լուրջ հոգեբանական ու մշակութային խնդրի առջև ես կանգնում:

Միայն քեզնով աշխարհը չես դիտարկի:

Բառիս բուն իմաստով հորիզո՞ն է պետք:

Մի շատ կարևոր հանգամանք կա. նախկինում քաղաքական լանդշաֆտը ենթադրում էր հորիզոնի առկայություն:

Իսկ երբ դիմացդ փակվում է մի քանի այլանդակ շենքերով, դու դա որպես փաստ ես ընդունում:

Կամ էլ ճիգեր ես գործադրում՝ բարձրանալու և վերևի կետից դիտելու համար (մինչև որևէ մեկը նորից դիմացդ կփակի):

Արդյո՞ք հանրայինի սահմանումը մի քիչ վերացական ու անհասկանալի չէ:

Բոլոր կոնստրուկտները, պատկերացումներն, ի վերջո, վիրտուալ պրոեկտներ են:  Բոլորն էլ որոշակի զարգացում ու ճգնաժամեր են ապրել, և հանրային գիտակցության մեջ462 մի քանի պրոեկտներ շատ ամուր են նստած:

Այդ պրոեկտներով է տեղի ունենում մանիպուլյացիան, որտեղ մեդիան շատ լուրջ դեր է խաղում: 

Իհարկե, յուրաքանչյուր մարդ իր մեջ կասկած է կրում բոլոր տեսակի կառույցների հանդեպ ու փորձում է վերանայել, վերլուծել դրանց դերը: Ուզում է հասկանալ, թե ինչու է ինքն ընկել այդ ծանր կացության մեջ:

Վերևում գտնվող մարդը, խումբը կամ հանրույթը չեն ուզում կորցնել իրավիճակի կառավարումը, և այստեղ ի հայտ է գալիս մանիպուլյացիան:

Ի վերջո այսօր բոլոր մանիպուլյացիաները (նաև մեդիայում) ուղղված են ներկայիս սպառողական հասարակության շատ տենդենցիոզ զարգացման վրա:

Եվ այդ պատճառով էլ հանրայինի ու անհատականի բալանսը գտնելը այսօր ամենակարևոր խնդիրներից է:

Իշխանությունները հաճախ որպես ձեռքբերում նշում են մեդիայի ազատությունը: Թվում է, որ ինչ ասես կարելի է գրել, ցուցադրել…

Դա ասվում է ՝ հիմնականում մատնանշվելով ոչ թե սեփական, այլ ուրիշի ասածը կամ գրածը:

Այսինքն, խնդիրը կրկին մոդեռատորի հարցն է: Խոսակցությունը չի հղկվում այնքան, որ խոսքը լինի հանրային շահի գերակայության մասին:

Եթե դիտարկենք, ասենք, Պետրոս Ղազարյանի կազմակերպած պարբերական հեռուստատեսային առճակատումները, կտեսնենք, որ դրանք ոչնչի չհանգեցնող կռիվներ են, քանի որ, ի վերջո, վարողը (մոդեռատորը) երկու կողմերի ասածները իրար է հավասարեցնում: 

Այդ իմաստով մեդիան կատարում է իր ֆունկցիան. այն լցնում է ժամանակը՝ ամեն ինչից event է սարքում և միաժամանակ ստանում իրավիճակը կառավարելու հնարավորություն:

Տեսեք՝ ինչպիսի հոյակապ պատկեր է. եթերում ուսանողների մի հատված դուրս է գալիս մյուս հատվածի դեմ ու սկսում ապացուցել սեփական ճշմարտությունը: Հետո նույնն անում է մյուս հատվածը: Արդյունքում ասելիքը կորչում է: Այդպիսի պատկերներ լիքն են մեդիայում:

Համակարգը շատ լավ կարողանում է մանիպուլյացիայի արդյունքում երկու կողմին էլ հեշտությամբ իրեն ենթարկել:

Իհարկե, իրավիճակը հավասարակշռելու նպատակով ժամանակ առ ժամանակ հնարավորություն է տրվում որևէ տենդենցին առաջ գնալ, դուրս պրծնել, շեղել ուշադրությունը:

Բայց կարևորը՝ ինչին է ծառայում, ինչին է նպաստում այդ կայունությունը:

Կամ ծառայում է, որ ի՞նչ անի… ինչպես վերջերս հանրային հանդիպման ժամանակ ասաց նախագահը:

Իրականում դա ծայրաստիճան լուրջ խոսք է, գրեթե մանիֆեստ, որն ամբողջությամբ արտահայտում է նեոլիբերալիզմի տրամաբանությունը:

Այսինքն՝ բողոքդ, պահանջդ վերացականորեն առաջ ես քաշում հանուն ինչի՞:

Նախագահը անկեղծորեն այդ հարցը տվեց, ու թեև մենք այդ հարցը վերագրում ենք նեղ իրավիճակում հայտնվելու հետ, իրականում դա ավելի գլոբալ իրավիճակի արտահայտում է:

Այդ հեգնական պրագմատիզմն իսկապես գերակայող մտածողություն է, որը սկսեց ձևավորվել անցյալ դարի 60-ականներին, երբ փշրվեցին պատրանքներն ու սկսվեց հիասթափություն:

Հնարավորի մասին խոսում են բոլորը, պարզապես պետք է կարողանալ հասկանալ ու կոդավորել այդ հնարավորի բոլոր ճանապարհներն ու ուղղությունները:

Երբ հայտնվում ես անելանելի վիճակում, որից ուզում ես դուրս գալ, շատ կարևոր է ուզածդ ձևակերպել: Խոսքը նաև հասարակության մոդելների մասին է: 

Հեգնական պրագմատիզմը շատ լավ է իրեն զգում հատկապես հեռուստատեսությունում: Ինչո՞ւ:

Երբ խոսում ենք ասենք հեռուստատեսային դեբատների ֆորմատի մասին, տեսնում ենք, որ ողջ աշխարհում էլ նույն պատկերն է:

Գրեթե ամենուրեք հեգնական հռետորություն է կամ էլ հավատն առ այն, որ գոյություն ունի ինչ-որ մետա-կատեգորիա, որը վերևից ղեկավարում է իրավիճակը:

Սովորաբար երբ որևէ բանին սկսում ես չափից դուրս լուրջ վերաբերվել, սկսվում է հակադարձ, հիմնականում հեգնական ռեակցիա:

Դա հատուկ է ժողովրդական բանահյուսությանը: Մեկ էլ տեսար որևէ կասկածի, բեկման չենթարկվող գաղափարը հայտնվում է անեկդոտիկ մակարդակի վրա ու լակոնիկ, շատ հակիրճ կերպով ստանում է ճիշտ հակադիր նշանակությունը:

Հումորը ռացիոնալիզացնում է իր փակուղային իրավիճակը:

Դա քննադատական հայացքն է, որը կարողանում է դեկոնստրուկցիայի ենթարկել անբեկանելի պոստուլատներն ու դրանով իսկ «բացել» համակարգի էությունը:

Կարծում եմ՝ այսօր մեր հեգնական հայացքը ծայրահեղության է հասել և ամենայն ուժգնությամբ արտահայտվում է մեդիա դաշտում:

Օրինակ, Սովետի փլուզումից հետո ձևավորված КВН-ի ողջ կուլտուրան սկսեց շատ տենդենցիոզ զարգանալ ու արմատավորվել հատկապես հեռուստատեսության ոլորտում:

Եվ պատահական չէ, որ, ասենք, հիմա Հանրային հեռուստաընկերության խորհրդի նոր նախագահը նախկին КВН-շչիկ է:

Դա նշանակում է, որ հակադարձող՝ հեգնական մշակույթի կրողը դառնում է իշխանություն:

Նույնը մշակութային այլ դրսևորումներում է: Ժամանակին ընդունված էր ասել, որ բարձր (դասական) ու ցածր (ռաբիս) մշակույթներ կան:

Այս դեպքում ռաբիսը բարձրի հակադարձ ռեակցիան էր, որը հավակնում էր լինել իրականանալի ու հասկանալի ճշմարտություն: Բայց իրավիճակը փոխվեց. ռաբիսը տրանսֆորմացվեց ու գերակայող, թելադրող կառույցի վերածվեց:

Հիմա թելադրող է նոր մեդիան:

Նոր մեդիա դաշտերը՝ սոցցանցերը, գործիքներ են, որտեղ ինտեսիվ դիսկուրս է տեղի ունենում:

Այսինքն, որևէ մեկի ասածը տեղնուտեղը արձագանք է ստանում, ենթարկվում է քննության:

Կարող են պատասխանել՝ բացատրություն պահանջելով յուրաքանչյուր բառի ու տերմինի համար: Հնարավոր չէ անտեսել ու խուսափել պարզաբանումներից: Եվ այստեղ հայտնվում է հանրայինի նոր մոտեցում:

Հետաքրքիր օրինակ բերեմ. երբ 3 տարի առաջ տեղի ունեցան Ուոլլ սթրիթի դեպքերը (Occupay Wall Street), հանրայինի  կառավարման նոր համակարգեր մշակելու փորձեր արվեցին:

Թեև այդ հասարակական շարժումը իմպուլսային, ինքնաբուխ էր, բայց կարողացավ դիսկուրսը մի հարթությունից մյուսը տեղափոխել:

Փոփոխվում են դիսկուրսի շերտերը: Մեզ մոտ, օրինակ, ընկալվում էր, որ հանրային տեսակետը արտահայտում է մտավորականությունը: Բայց հիմա տեսնում ենք, որ այդ շերտը ընդհանրապես ոչինչ չի կարողանում ասել ու դիսկուրսի լրիվ ուրիշ դաշտ է տեղափոխվել:

Ինձ համար հիմա ամենահետաքրքիր շերտը կազմում են քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ոչ միայն քաղաքական նոր հոսանքներ են բերում, այլև բազմաթիվ նոր գործիքներ են ստեղծում:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *