2011.12.19,

Տեսակետ

«Լրագրողի միակ պաշտպանը պրոֆեսիոնալիզմն է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Անատոլի Վերբինը երկար տարիներ աշխատել է Reuters գործակալությունում որպես ԽՍՀՄ և Բալկանյան երկների հատուկ թղթակից: Այժմ, լինելով անկախ մեդիա խորհրդատու, նա շրջագայում է աշխարհով մեկ՝ երիտասարդ լրագրողների համար անցկացնելով թրեյնինգներ ու սեմինարներ: Շփվելով հայաստանյան լրագրողների հետ՝ նա համոզվել է, որ լրագրության դաշտի խնդիրները ողջ աշխարհում նույնն են:

Լուրի կառուցման ու մատուցման ֆորման փոխվե՞լ է մեր այս տեխնոլոգիապես հագեցած կյանքում:

Ես խորապես համոզված եմ, որ տեխնոլոգիաների զարգացումը բնավ էլ չի ազդել լուրի էության վրա: Վերջիվերջո, լուր է համարվում այն նորությունը, որը տվյալ ժամանակահատվածում կարող է մեծ քանակով մարդկանց հետաքրքրել:

Կարևոր է նաև, որ այդ լուրը մարդկանց համար ընկալելի ու «մոտ» լինի (ֆիզիկապես, աշխարհագրորեն, մենթալիտետի առումով):

Լուրը կարելի է համեմատել թառափի հետ, որը երբեք երկրորդ թարմության չի լինում: Առաջին թարմությունը նաև վերջինն է:

Իսկ ինչպե՞ս կարելի է բնութագրել վատ պատրաստած լուրը:

Կարծում եմ՝ լրագրողների հիմնական «մեղքը» մակերեսային աշխատանքն է ու համատեքստի բացակայությունը:

Տեղի ունեցած փաստը դեռ նորություն չէ:

Փաստին անպայման պիտի գումարվի կոնտեքստը, այլապես լրագրողի աշխատանքը զրո է: Իհարկե ես լավ ծանոթ չեմ հայկական մեդիաներին, բայց, հետեւելով ռուսական ու ուկրաինական մեդիայի աշխատանքին, տեսնում եմ, որ լուրերից անընդհատ դուրս է մնում հենց համատեքստը:

Վերջերս հրեշավոր մի օրինակի հանդիպեցի. ռուսական թերթերից մեկը գրել էր, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում բացօթյա սառցե ատրակցիոն է բացվելու ու բավական ծավալուն տեքստում մի բառով անգամ չէր նշվել, որ ճիշտ այդ օրն ու ճիշտ այդ ժամին սառցադաշտի հարեւանությամբ ընդդիմության հանրահավաքն է լինելու:

Այսինքն, կոնտեքստ չկար: Ինչո՞վ էր մտածում այդ լրագրողը, հասկանալ չեմ կարող:

Կոնտեքստը չի կարելի անտեսել, քանի որ երբ լուրը պատրաստվում է «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափով, և՛ լրագրողների, և՛ ընդհանրապես ԶԼՄ-ների դերը գնալով նվազում է:

Տեխնոլոգիաների զարգացումը թույլ տվեց iPad-ների, հեռախոսների և այլ սարքերի միջոցով իմանալ, թե ինչը երբ ու որտեղ է կատարվել, սակայն միայն լավ լրագրողն է ունակ այդ ինֆորմացիան կոնտեքստում տեղավորել ու բացատրել, թե ինչ է իրականում տեղի ունենում:

Բլոգերը նույնպես ԶԼՄ են համարվում: Կարելի՞ է բլոգերին պրոֆեսիանալ լրագրողի մրցակիցը համարել:

Չեմ կարծում, թե բլոգերներն ու թվիթերցիները կկարողանան նույնքան որակյալ մատուցել լուրը, որքան պրոֆեսիանալ լրագրողները:

Ասենք, գնացքի վթար է տեղի ունեցել, ռելսերն են վնասվել կամ էլ վագոններից մեկն է շուռ եկել: Հասկանալի է, որ այդ նորությունն առաջինը կհաղորդեն ոչ թե ԶԼՄ-ները, այլ վթարի ականատեսները, որոնք դեպքի վայրում արված լուսանկարներն ու վկայությունները կտեղադրեն Ֆեյսբուքում կամ Թվիթերում:

Սակայն նրանց հաղորդած ինֆորմացիան նորմալ լսարանին չի բավարարի:

Միայն լավ լրագրողը կկարողանա այդ լուրը տեղադրել իրական կոնտեքստում՝ շեշտելով երկաթգծի մաշվածության տոկոսը, տրանսպորտային աղետների վիճակագրությունը կամ էլ, ասենք, նշելով, որ տվյալ երկրի իշխանությունները որոշել են զարգացնել ոչ թե երկաթուղին, այլ օդային տրասպորտը և այլն:

Սովորաբար ես նախընտրում են կոնկրետ օրինակներով խոսել: Տեսեք՝ մի քանի տարի առաջ աշխարհը ցնցվել էր Իրանում տեղի ունեցող հավաքներից:

Եվ քանի որ լրագրողներին թույլ չէին տվել ներկա գտնվել զանգվածային հավաքներին, ինֆորմացիայի միակ աղբյուրը դարձել էին բջջային հեռախոսներով նկարահանված կադրերը:

Եվ աշխարհի մոտ տպավորություն ստեղծվեց, որ ողջ Իրանն է ոտքի կանգնել ընդդեմ նախագահի:

Մինչդեռ դա խաբուսիկ ինֆորմացիա էր, որը տարբեր դիտանկյուններից չէր ներկայացվել, քանի որ պրոֆեսիոնալ լրագրողներ չկային:

Հայաստանում մարդիկ սովորաբար երկու տիպի թերթեր են կարդում՝ ընդդիմադիր ու իշխանամետ, քանի որ հասկանում են՝ ճշմարտությունը դրանց արանքում է: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այդ երկակիությունը: 

Կարծում եմ՝ հաղթահարման երկու զուգահեռ ուղի կա: Նախ պետք է լրագրողների մասնագիտական մակարդակը բարձրացնել:

Բարդ իրավիճակներն ու անտանելի պայմանները միշտ են լինում: Եվ միակ պաշտպանությունը դրանցից լրագրողի պրոֆեսիոնալիզմն է:

Իսկ երկրորդ ուղին հասարակության վերափոխումն է:

Չգիտեմ, թե այդ ուղիներից հատկապես որով առաջ կշարժվի Հայաստանը, բայց պետք է հիշել, որ բարձր որակի լրագրություն չի կարող լինել այն հասարակության մեջ, որի կազմակերպվածության աստիճանը ցածր է (լրագրողները այդ հասարակության մասնիկն են):

Եթե հասարակությունը զարգացած է, ունակ է ինքնակարգավորվելու ու քաղաքացիական պահանջներ ձևակերպելու, ապա լավ լրագրողներ էլ կունենա:

Իհարկե իդեալական պատկերացման համաձայն՝ հիանալի կլիներ, եթե լրագրությունը գոնե կես քայլ ավելի առաջ լիներ հասարակությունից: Սակայն եթե լրագրությունը հետ չի ընկնում, արդեն իսկ լավ է:

Երբ Ռուսաստանում Պետդումայի ընտրություններից հետո մեծ բողոքի ալիք բարձրացավ, պարզ դարձավ, որ ԶԼՄ-ներից շատերը՝ հատկապես հեռուստատեսությունը, մի քանի քայլ հետ են ընկել հասարակությունից: Ընտրությունները նաև մեզ են սպասում, ինչպիսի՞ սխալներից պետք է խուսափել: Եվ ինչպե՞ս:

Կարծում եմ՝ հայաստանյան մեդիա դաշտի համար շատ լավ օրինակ կարող է ծառայել հատկապես հետընտրական պրոցեսի լուսաբանումը:

Ռուսաստանում ընտրություններն ուղղորդվում էին սարսափելի ֆալսիֆիկացիաներով, իսկ այդ մասին տեղեկացնում էին միայն ընդդիմադիր լրատվամիջոցները:

Իշխանությանը պատկանող մամուլը (նաև հեռուսատատեսությունը) լռեց: Եվ բոլորը նկատեցին, որ պետական ԶԼՄ-ների նկատմամբ եղած հասարակության արհամարհանքն այդ օրերի ընթացքում մի քանի անգամ աճեց:

Պետական ԶԼՄ- ների պահվածքը պարզապես հիմարություն էր, քանի որ բացի այն, որ խախտվել էր լրագրության առաջնային կանոններից մեկը (առնվազն երկու կարծիքի ներկայացումը), սխալ քաղաքական որոշում էր ընդունվել:

Դա լավ դաս է բոլոր ԶԼՄ-ների համար: Այդ թվում նաև՝ հայկական: Չէ՞ որ բավական տհաճ է, երբ լիովին վերահսկվող ԶԼՄ-ները նման հիմար ու ծիծաղելի իրավիճակում են հայտնվում:

Նույնիսկ նկատելի էր, որ ռուս հեռուստալրագրողներից ոմանք պարզապես ամաչում են: Իսկ ամոթը լրագրողի համար լավ ուղեկից չէ:

Լուրերը շատ արագ, կլիպային ռիթմով են տարածվում ինտերնետում: Դրանից բովանդակությունը չի՞ տուժում:

Ասենք՝ արագ աչքի տակով անցկացրեցինք ինտերնետում տեղադրված որևէ լուր: Եվ ի՞նչ:

Մենք հասցնում ենք միայն վերնագիրն ու առաջին նախադասությունը կարդալ, այսինքն՝ հենց այն, ինչը մեզանից ուզում է լավ լրագրողը: Չէ՞ որ այս կամ մտքի ընդգծումները լրագրողական աշխատանքի մի մասն են:

Վերջերս, օրինակ, տեղակացա, որ ընկերներիցս մեկը դասախոսություն է կարդում «Ինչպես գրել լուրեր ինտերնետի համար» թեմայով: Զանգահարեցի ու հարցրեցի՝ ասա խնդրեմ, ինչպե՞ս է պետք գրել լուրերը ինտերնետի համար: Նա պատասխանեց՝ այնպես, ինչպես միշտ:

Այնպես որ ինչպես նախկինում էին գրում լուրերը, այնպես էլ պետք է գրել:

Միայն այն պատճառով, որ հայտնվել է ինտերնետը, New York Times-ը, Guardian-ը չեն դադարել հարգանք վայելող թերթեր մնալ՝ շարունակելով  որակյալ ինֆորմացիայի աղբյուր համարվել:

Իսկ կարելի՞ է որակյալ ինֆորմացիայի աղբյուր մնալ, երբ առկա է ցենզուրան:

Միայն ավտորիտար ռեժիմներն են գործի դնում լիակատար և ուղիղ գրաքննությունը:

Համոզված եմ, որ ցենզուրայի ամենախայտառակ դրսևորումը ինքնազենցուրան է, որն ընդհանուր քաղաքական իրավիճակից է սկսվում:

Դրա դեմ պայքարելու լավագույն միջոցը ուժեղ ու հեղինակավոր լրագրողական միություններ ստեղծելն է:

Աշխատելով տարբեր լրագրողների հետ` նկատել եմ, որ լուրջ խնդիր է լեզվի տիրապետումը: Լրագրողը հաճախ այնպես է գրում, որ թվում է` նա ոչ թե մայրենի, այլ օտար լեզվով է գրում:

Եթե լրագրողի լեզուն հարուստ ու ճկուն չէ, ուրեմն կրթական համակարգը վերափոխման կարիք ունի:

Բայց ասեմ նաև, որ շատ ավելի հեշտ ու արդյունավետ է սովորեցնել երիտասարդին, քան «վերասովորեցնել» տարեց լրագրողին, որը մտածում է՝ ես այդպես եմ աշխատել ողջ կյանքում:

Այնպես որ լրագրողի լավագույն օգնականը պրոֆեսիոնալիզմն է՝ լեզուն, տրամաբանությունը և գիտելիքները:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *