2011.06.02,

Տեսակետ

«Ռուսաստանի գլխավոր խնդիրը ինքնագրաքննությունն է»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հարցազրույց «Кавказский узел» («Կովկասյան հանգույց») լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովի հետ:

Ձեր լրատվամիջոցի համար ի՞նչ հետաքրքրություն է ներկայացնում Կովկասյան տարածաշրջանը:

Շատ կարեւոր է հարցի մյուս կողմը. մեզ հետաքրքրում է ոչ թե տարածաշրջանը, երկիրը, աշխարհաքաղաքականությունը, այլ մարդիկ, ովքեր այստեղ ապրում են:

Երբ Կովկասյան հանգույցը նախագիծ էր եւ դեռ լրատվամիջոց չէր, մեր գործունեությունը սկսեցինք «Memorial» միջազգային հասարակության շրջանակներում հիմնադիրներից մեկի՝ Անդրեյ Սախարովի հետ, որը զբաղվում էր մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրությամբ եւ իր ջանքերն ուղղում էր դրանց պաշտպանությանը: Ղարաբաղում եւ Աբխազիայում պատերազմ էր, Չեչնիայում մարդու իրավունքների մասսայական կոպիտ խախտումներ էին. «Կովկասյան հանգույցն» այս աշխատանքը սկսեց մարդու իրավունքների հետաքրքրությամբ՝ ինչպես նաեւ ցանկանալով շատացնել այլ՝ տնտեսական, մշակութային, քաղաքական թեմատիկայով նյութերը, որպեսզի այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են Կովկասով, ցույց տա կատարվող իրադարձությունների ավելի լայն պատկերն ու նույն մարդկանց տարբեր դեմքերը:

Ինչպիսի՞ն է խոսքի ազատության վիճակը Ռուսաստանում: Որո՞նք են այսօրվա մարտահրավերները:

Ես կարծում եմ, որ ընդհանուր միտում կա ասել, թե Ռուսաստանում գրաքննություն  կա: Դա ճիշտ չէ: Ռուստաստանում չկա գրաքննություն այդ բառի բառարանային, իրական իմաստով, չկան այնպիսի չինովնիկներ, որոնք կարդում են բովանդակությունը մինչեւ նյութի տպագրվելը: Ռուսաստանի գլխավոր խնդիրը ոչ թե գրաքննությունն է, այլ ինքնագրաքննությունը, լրագրության որակի ողբերգական անկումը: Մենք չենք սիրում այս մասին խոսել, ավելի շատ սիրում ենք մատնանշել Պուտինին. դե իսկապես Պուտինը դեմոկրատ չէ, բայց խնդիրը միայն Պուտինը չէ, այլ լրագրողները, որոնք չեն անում իրենց անմիջական աշխատանքը: Նրանք կարող են ծույլ կամ վախեցած լինել, սակայն արդյունքն, այնուամենայնիվ, թույլ է:

Ի՞նչ ազդեցություն ունի սոցիալական մեդիան Ռուսաստանում: Դուք ինչպե՞ս եք այն օգտագործում:

Նոր մեդիան բուռն կերպով զարգանում է Ռուսաստանում եւ շատ դեպքերում (օրինակ՝ կոռուպցիայի) իրական փոփոխություններ է կատարում: «Կովկասյան հանգույցը» փորձում է ավելի մեծ հնչեղություն տալ, ավելի լսելի դարձնել այն մարդկանց ձայները, ովքեր սոցիալական մեդիայի միջոցով բարձրաձայնում են խնդրի մասին, փորձում է նրանց հնարավորություն տալ տարածել տեղեկատվությունը, որպեսզի իրենք ազդեն այն մադկանց ճակատագրերի վրա, որոնց մասին խոսում են: Դրա համար մենք մեր ընթերցողներին առաջարկում ենք SMS ծառայություն, որն, ի դեպ, աշխատում է նաեւ Հայաստանի համար (SMS-ը հրատարակվում է + 7 903 767 60 60 համարին ուղարկվելուց հետո), բջջային, թեթեւ տարբերակը ընթերցողների ոչ միայն մեկնաբանությունների, այլեւ պատմությունների հրատարակման հատուկ ձեւով, ինտերնետային տարբեր նոր մեխանիզմներ: Մենք փորձում ենք առավելագույնս բարձրացնել այն ձայները, որոնք լսվում են Կովկասում, ի դեպ, ոչ միայն Հյուսիսային, այլեւ Հարավային Կովկասում (ներառյալ Ղարաբաղը, Հարավային Օսեթիան եւ Աբխազիան), ինչպես նաեւ Ռուսաստանի հարավում (Կրասնոդար, Ռոստով եւ այլ մեծ մարզեր)՝ բոլոր 20 շրջաններում, որտեղ մենք  աշխատում ենք : 

Բանավեճեր են ընթանում, թե ինչ է մեդիան եւ ինչ է նոր մեդիան, հանգում ենք նրան, որ առանց լրագրության, բովանդակության նոր մեդիա որպես այդպիսին գոյություն չունի: Այս իմաստով ի՞նչ է նոր մեդիան, պարզապես գործի՞ք:

Ես կարծում եմ, որ պարզապես գործիքը երբեք չի աշխատի: Նոր մեդիան առաջին հերթին մարդիկ են, ովքեր եւ՛ լրագրողական եւ՛ քաղաքացիական դիրքորոշում ունեն: Գործիքը, որպես այդիսին, իմաստ չունի. այն ոչ մի փոփոխություն չի բերում: Մենք տեսնում ենք, որ շատ երկրներում, անգամ Ռուսաստանում, այս գործիքը  չի աշխատում, որովհետեւ քաղաքացիական դիրքորոշման եւ լրագրողական արժեքների բացակայությունը գրողներին բերում է հանրությանը զվարճացնելուն: Մարդկանց մեծ մասը նոր մեդիայի միջոցով հրատարակում է, զվարճանում է, շփվում է, նրանց համար այդքան էլ կարեւոր չէ քաղաքացիական բաղադրիչը: Լրագրությունը նույնպես օգտագործում է նոր մեդիան. արդեն ավանդույթ է դարձել ֆեյսբուքյան եւ թվիթերյան պատմությունների հիման վրա նյութեր գրել եւ խոշոր միջոցառումների ռադիո-հեռուստահեռարձակման ընթացքում հեշթեգերի միջոցով  Թվիթերում թրենդեր ստեղծել: Բայց հաճախ զգայուն քաղաքական բովանդակությունից ոչ մի օգուտ չկա, որովհետեւ լսելու, մեջբերված լինելու, արտահայտվել ցանկացողներին արտահայտվելու հնարավորություն տալու ունակություն եւ ցանկություն Ռուսաստանյան ժուռնալիստական համայնքը, ինչպես տեսնում եմ, այդքան էլ չունի:

Մեդիան կարող է վերցնել պատմություն, օգտագործել քրաուդսորսինգը զվարճության համար, բայց քրաուդշեյրինգ չանել: Ի՞նչ է քրաուդշեյրինգը. այն մեդիա քաղաքականություն է՝ տարածք տրամադրել ընթերցողներին, ոչ միայն լրագրողների կողմից մեջբերված լինել, այլեւ մեդիապլատֆորմն օգտագործել որպես սոցիալական եւ քաղաքացիական հարցերի շուրջ արտահայտվելու հնարավորություն, ինչպես նաեւ օրակարգ սահմանել մեդիայի համար: Եթե այսպիսի տարածք ստեղծվի, մարդիկ կփոխանակեն պատմությունները՝ ձեւավորելով մեդիայի՝ այդ թվում՝ պրոֆեսիոնալ լրագրողների ռեպորտաժների հանդեպ հետագա հետաքրքրությունը: Ավանդական մեդիայի նման մոտեցումը նոր մեդիան շիկացած թեմայից կարող է փոխել լրագրողական եւ քաղաքացիական դիրքորոշման բարձր մակարդակի նոր գործիքի: Ահա, թե ինչպես մարդիկ, օգտագործելով այս տեսակ գործիքը, կարող են ոչ թե աղմուկ հանել, այլ իրական փոփոխություն կատարել:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *