Ռուսական Կոմերսանտ պարբերականի kommersant.ru կայքի գլխավոր խմբագիր Պավել Չերնիկովը Հայաստանում դասախոսություններ կարդաց «Թերթերի ներկայությունը ինտերնետում» թեմայով:
Media.am-ը զրուցել է Պավել Չերնիկովի հետ տպագիր մեդիայի խնդիրների եւ ապագայի, ինչպես նաեւ ռուսական տպագիր մեդիայի շուկայի որոշ առանձնահատկությունների մասին:
Գրեթե ամբողջ աշխարհում խոսում են տպագիր մամուլի, թղթի վրա տպված մեդիայի ճգնաժամի մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ ճգնաժամի ազդեցությունը Ռուսաստանում:
Մենք առայժմ ամբողջ ծավալով չենք զգում այդ ճգնաժամը: Բայց տեսնում ենք, որ արեւմտյան մամուլում տարեցտարի նվազում է գովազդից ստացվող եկամուտը: Ընդ որում, տարեցտարի այդ միտումն ավելի նկատելի է դառնում: Այդ պատճառով էլ մենք հասկանում ենք, որ մի քանի տարի հետո այդ երեւույթը որոշակիորեն կարտահայտվի նաեւ ռուսական շուկայում:
Ի՞նչ մեթոդներով են դիմակայում ռուսական թերթերը համատարած «ինտերնետիզացիային»:
Առայժմ թերթերի տպագիր տարբերակում գովազդի վաճառքից ստացված եկամուտները մի քանի անգամ գերազանցում են նույն թերթերի ինտերնետային տարբերակներից ստացվող եկամուտներին: Սակայն թերթերի ինտերնետային լսարանն արդեն համեմատելի է եւ շատ դեպքերում էլ գերազանցում է թերթերի տպաքանակները: Ակնհայտ է, որ թե ազդեցիկությամբ, թե ապագա եկամուտների կառուցվածքով ինտերնետի դերը հրատարակչական բիզնեսում աճում է:
Այդ պատճառով, մասնավորապես «Կոմերսանտ»-ի ռազմավարությունը հետեւյալն է. «ոչ թերթային» լսարանի գրավում, սեփական ռադիոկայանի զարգացում, կայքի զարգացում, բջջային հեռախոսների համար ծրագրային լրացումների ստեղծում եւ այլն: Զուգահեռաբար իրականացվում է լրագրողների աշխատանքի վերակազմակերպում եւ ուղղվածությունների/մասնագիտացման/ փոփոխություն: Լրագրողների աշխատանքն ավելի շատ ուղղվում է ոչ միայն թերթի վաղվա համարի ստեղծմանը, այլ նաեւ ավելի օպերատիվ կերպով ինտերնետը կամ ռադիոն օգտագործելուն: Լրագրողներն ավելի ու ավելի են ուղղվում դեպքի մուլտիմեդիա բովանդակություն ստեղծելը: Նրանք սովորում են լուսանկարել, տեսանկարահանել, որակյալ ձայնագրություններ կատարել եւ այդ ամենը առավելագույն օպերատիվ ձեւով հաղորդել խմբագրություն:
Որո՞նք են «Կոմերսանտ»-ի տպագիր եւ ինտերնետային տարբերակների տարբերությունները:
Մենք կայքում հրապարակում ենք այն ամենը, ինչ լույս է տեսնում թղթի վրա: Բացի դրանից օրվա ընթացքում կայքի համար նորությունների ժանրում հրապարակումներ ենք պատրաստում: Առավոտյան «Կոմերսանտ»-ի գլխավոր էջը լցված է թերթի նյութերով, որոնք օրվա առաջին կեսին հետաքրքիր են ընթերցողին: Օրվա ընթացքում կայքում հայտնվում են ընթացիկ նորությունները, որոնք չեն տպագրվել եւ թերթի օրվա համարի հրապարակումներն աստիճանաբար դուրս են գալիս առաջին էջից:
«Կոմերսանտ»-ի կայքն օրական ունենում է 110-130 հազար այցելու, որոնք ընդհանոր առմամբ դիտում են 700-800 հազար կայքէջ: Կայքի գովազդային քաղաքականությունն է ստացիոնար բաներային տարածքների վաճառքը (մասամբ գովազդային գործակալությունների միջոցով, մասամբ՝ սեփական վաճառք), հատուկ նախագծերի եւ հավելվածների թողարկումը, գովազդային փաթեթների վաճառքը միաժամանակ տարբեր հարթակներում՝ թերթում, կայքում, ռադիոեթերում:
Հաճախ ինտերնետային հրատարակությունները «գողանում» են թերթերի նյութերը: Դուք ինչպե՞ս եք պայքարում դրա դեմ:
Իրոք, «Կոմերսանտ»-ի հոդվածները հաճախ են անօրինական արտատպում: Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ «մանր գողեր»-ին բավականին դժվար է պատասխանատվության կանչել: Չնայած դրան՝ մեր իրավաբանական ծառայության զինանոցում բավականաչափ գործիքներ կան օրենքը չարամտորեն խախտողների նկատմամբ դատական հետապնդումներ սկսելու համար: Շուկայի խոշոր խաղացողների հետ մենք իրավաբանորեն ձեւակերպված պայմանավորվածություն ունենք արտատպումների կանոնների մասին, եւ նրանց հետ խնդիրներ չեն առաջանում:
Իսկ հնարավոր համարու՞մ եք, որ ասենք 10 տարի հետո ընդհանրապես տպագիր մեդիա չլինի:
Կարծում եմ առաջիկա 10 տարիներին ռուսական շուկայում դրամատիկ փոփոխություններ տեղի չեն ունենա: Տպագիր թերթերը չեն մահանա եւ չեն վերանա: Դրա համար, իմ կարծիքով, ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ: Ավելի շուտ, կփոփոխվի սպառման ֆորմատը: Ակնհայտ է, որ հնարավոր ու անհնար Էլեկտրոնային սարքերի զարգացմանը զուգահեռ, մարդիկ ավելի ու ավելի քիչ են կարդալու թղթի վրա տպագրված թերթերը: Բայց ամեն դեպքում լսարանի մի մասը թերթի ընթերցումը կպահպանի որպես սովորություն, այնպիսի սովորություն, ինչպես, օրինակ՝ առավոտյան սուրճ խմելն է կամ մեր ժամանակներում ինտերնետի եւ հեռուստատեսության զարգացվածության պայմաններում տպագիր գրքի ընթերցումը: Այս իմաստով թերթերի ապագան կարելի է համեմատել ամենօրյա ծխախոտներից հազվագյուտ սիգարների անցման գործընթացի հետ: Տպագիր մեդիայի համար տեղեկատվություն արտադրող խմբագրությունները գոյատեւելու համար ստիպված են յուրացնել նոր ֆորմատներն ու տեխնոլոգիաները: Եւ հենց նոր ֆորմատների յուրացումն էլ, իմ կարծիքով, առավել արդիական կլինեն առաջիկա 10 տարիներին:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: