Վրաստանի Հանրային հեռարձակողի ռեբրենդավորված ռուսալեզու հեռուստաալիքը՝ Առաջին Կովկասյան լրատվականը (Первый Информационный Кавказский (ПИК)), որը նախկինում հայտնի էր ինչպես Առաջին Կովկասյան հեռուստաալիք, իր հեռարձակումն սկսել է այս տարվա հունվարի 25-ին: Նորաբաց հեռուստաընկերության ղեկավարները հայերի շրջանում այս հեռուստաընկերության մասին իրազեկությունը բարձրացնելու, հայ լրագրողներին եւս հեռուստաընկերության աշխատանքում ներգրավելու նպատակով Երեւանում մամուլի ասուլիս էին հրավիրել: ՊԻԿ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Փարսոնսը նշել էր, որ Առաջին Կովկասյանը նախ կովկասյան, հետո նոր վրացական հեռուստաընկերություն է, որը հաղորդում է միայն անկախ եւ անաչառ տեղեկատվություն:
Պարոն Փարսոնս, եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Վրաստանում Առաջին Կովկասյանը համարում են Վրաստանի իշխանությունների քաղաքականության եւ քարոզչության մի մասը, քանի որ այն հեռարձակվում է Վրաստանի Հանրային հեռարձակողի կողմից եւ Վրաստանի կառավարությունից ստացել է 13.3 մլն լարի ֆինանսավորում:
Երբ ես եւ իմ գործընկերները Միացյալ թագավորությունից եկանք այստեղ աշխատելու, մեզ խոստում տրվեց, որ խմբագրական միջամտություն չի լինելու մեր աշխատանքին: Եւ ես կարող եմ ասել, որ 6 շաբաթվա ընթացքում Վրաստանի կառավարության կողմից միջամտության կամ ճնշման ոչ մի դեպք չի եղել: Ոչ ոք չի զանգահարել հեռախոսով, ոչ ոք չի ճնշել իմ թղթակիցներից եւ ոչ մեկին: Մենք լիակատար անկախություն ենք ունեցել: Եւ հիմա, ինչ էլ ասեն, մեր լրատվական հաղորդումներում եւ թոք շոուներում մենք հաճախ շատ քննադատորեն ենք մոտենում նրան, թե ինչ է կատարվում Վրաստանում: Կարող եմ ասել, որ դեռ ամեն ինչ լավ է:
Ձեր հարցի իրական պատասխանն է՝ դուք կարող եք դիտել մեզ ցանկացած ժամանակ, կարող եք օնլայն դիտել, եթե նույնիսկ արբանյակ չունեք, եւ դատել ինքներդ: Բայց ես շատ կզարմանամ, եթե դուք գտնեք, որ մենք իշխանամետ ենք:
Ձեր նորաբաց հեռուստաընկերության առաջին հյուրը Միխեիլ Սաակաշվիլին էր: Ինչու՞ հենց նա:
Ճիշտ է: Դա քիչ թե շատ ամսաթվերի համընկնում էր: Նա գիտեր, որ մենք հեռարձակվելու ենք ամսվա վերջին, իսկ նա վրաց ժողովրդի հետ իր տարեկան հարց ու պատասխանն էր անելու: Նա ուզեց, որ մենք հեռարձակենք դա: Բայց պատճառն, իմ կարծիքով, այն էր, որ սա պետք է Վրաստանում այս ալիքի փիառը լիներ: Ու թեեւ այս ալիքը առաջին հերթին ոչ վրացի հեռուստադիտողի համար Վրաստանի սահմաններից դուրս հեռարձակվող ալիք է, բայց եւ այնպես, վրացական նախագիծ է, սա մեծ նշանակություն ուներ, քանի որ վրացի ժողովուրդը պետք է իմանար այս մասին:
Դրանից հետո (սա կարեւոր է, սրանով պետք է դատեք՝ պետք է դատեք բովանդակությունից) դուք Միխեիլ Սաակաշվիլիին հաճախ չեք տեսնում մեր եթերում: Դա, ըստ էության, նույնիսկ մեր՝ եթեր մտնելուց առաջ էր: Մենք եթեր մտանք Սաակաշվիլիի հարց ու պատասխանի ավարտից մի քանի րոպե անց:
Եթեր մտնելուց հետո, կարծում եմ, դուք կգտնեք, որ չափազանց հավասարակշռված հեռուստաընկերություն ենք: Եւ ես շատ կզարմանամ այլ կերպ համեմատվելու պարագայում, բայց ես իսկապես վստահ եմ, որ դուք կտեսնեք, որ մենք շատ հավասարակշռված ենք եւ քննադատորեն ենք վերաբերվում Վրաստանի կառավարությանը: Մենք կարծում ենք, որ այն արժանի է քննադատության նույն կերպ, ինչ կերպ որ արժանի է ցանկացած այլ կառավարություն: Մենք փորձում ենք ցույց տալ ինչպես լավը, այնպես էլ վատը: Մեր ալիքը առաջին հերթին վրացական ալիք չէ. մենք մեկնաբանում ենք եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հյուսիսային Կովկասի, եւ՛ ամբողջ աշխարհի իրադարձությունները: Մենք չենք կենտրոնանում վրացական նորությունների վրա, այլ դիտարկում ենք Վրաստանը որպես Կովկասի մաս: Այն ավել կամ պակաս կարեւոր չէ, քան Հայաստանը կամ Ադրբեջանը:
Դու՛ք ինչու՞ եք կողմ անաչառ տեղեկատվությանը Կովկասում:
Որովհետեւ ինձ թվում է, որ Կովկասում ազնիվ, անաչառ տեղեկատվության պակաս կա: Եւ՛ Վրաստանում, եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում հեռուստատեսությունը կամ կառավարության իշխանության տակ է, կամ դեպոլարիզացված է: Օրինակ՝ Վրաստանում մի կողմից կա Մաեստրո Թիվի եւ Կավկասիա, մյուս կողմից՝ Ռուսթավի 2, Իմեդի եւ Առաջին ալիք, որոնք նյութը ներկայացնում են շատ տարբեր կողմերից, բոլորովին տարբեր հեռանկարներից:
Այն, ինչ փնտրում ենք, չքաղաքականացված հեռուստաընկերությունն է, ինչպես Al Jazeera-ն կամ Sky News-ը: Եւ բոլորս, հենվելով արեւմտյան լրագրության մեր փորձառության վրա, փորձում ենք Կովկասում նման բան ստեղծել, որովհետեւ մենք հավատում ենք, որ դա բխում է սովորական մարդկանց շահերից: Ես չեմ կարծում, որ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կամ Հյուսիսային Կովկասի մարդիկ քաղաքականացված հեռուստատեսության «դիետա» են ցանկանում:
Որքա՞ն ժամանակ եք պատրաստվում մնալ ՊԻԿ-ում:
Ես չգիտեմ, թե որքան կմնամ, բայց իմ նպատակն է ստեղծել հեռուստաընկերություն, որը կկարողանա իմ գնալուց հետո էլ գոյատեւել: Ես կարծում եմ՝ այս փուլում շատ կարեւոր է օտարերկրացիների ներգրավվածությունը հեռուստաալիքի կառավարման գործում, որովհետեւ այն մեր լրագրողներին վստահություն է տալիս եւ արտասահմանում է վստահություն ներշնչում մեր հեռուստաընկերության նկատմամբ: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է այս փուլում, բայց նույնքան կարեւոր է, որ որոշ ժամանակ անց հեռուստաալիքը կարողանա կանգնել սեփական ոտքերի վրա՝ այնտեղ օտարերկրացիներ չունենալով: Այս պահը կգա, երբ հեռուստաընկերությունում ավանդույթ հաստատվի: Չգիտեմ, թե սա որքան կտեւի, բայց այս պահին սա շատ կարեւոր է, որովհետեւ շատ բան կա սովորելու, շատ կարեւոր է այն, ինչ փորձում ենք անել՝ մարդկանց ուսուցանել ոչ միայն տեխնիկական հմտությունները, այլեւ լրագրության մասնագիտական չափանիշները՝ անաչառություն, ինչպես լուսանկարել՝ այս ամենը ժամանակ է պահանջում:
Միայն Ձե՞ր աշխատակազմին եք ուսուցանում:
Այս պահին միայն մեր աշխատակազմին եքն ուսուցանում, բայց Մելանին (Մելանի Էնսթի՝ Ծրագրերի գլխավոր տնօրեն) եւ ես լրջորեն մտածում ենք Ուսումնական ակադեմիա կամ նման բան հիմնելու մասին, որը հետագայում իր դռները կբացի այն մարդկանց առջեւ, ովքեր կուզենան աշխատել մեզ համար: Գաղափարը Միացյալ թագավորությունից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից ուսուցանման մանագտետներ ներգարվվելն է, ովքեր կուսուցանեն նկարահանելու, վեբ, ինչպես նաեւ գրելու հմտություններ, լրագրության բոլոր հմտություները:
ՊԻԿ-ը ստանու՞մ է ֆինանսական աջակցություն ԱՄՆ-ից, ինչպես Վրաստանում են ասում:
Ոչ, ճիշտ չէ: Դա ծիծաղելի է: Իհարկե ոչ: Մեր ֆինանսավորումը շատ թափանցիկ է: Եթե այն մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, չծուլանան, կգնան եւ կայքում կտեսնեն, թե որքան գումար ունենք եւ որտեղից է այն գալիս: Դա հանրային տեղեկատվություն է: Այս գումար գալիս է Վրաստանից, ոչ թե Միացյալ Նահանգներից: Բայց ես կցանկանայի որոշակի գումար ստանալ ԱՄՆ-ից, ես ամերիկյան փողի դեմ ոչինչ չունեմ: Եթե կարողանամ ստանալ USAID կամ IREX-ի ֆինանսավորումը այս ուսուցանման ծրագրի համար, ես շատ երջանիկ կլինեմ ընդունել դա: Ես խնդիր չունեմ ամերիկյան փողերի հետ, բայց, դժբախտաբար, չունեմ դրանք:
Իսկ Դուք բավարարվա՞ծ եք հեռուստաընկերության այսօրվա ֆինանսական դրությամբ:
Ոչ ոք երբեք բավարարված չի լինում իր ունեցած գումարով: Ես կուզենայի ավելի շատ ունենալ եւ շատ բան կկարողանայի անել հեռուստաալիքի համար, եթե ավելի շատ գումար ունենայի: Բայց մենք հասկանում ենք, որ այս պահին սա հանրային հեռուստաալիք է: Վրաստանը հարուստ երկիր չէ, մենք ստիպված ենք աշխատել մեր բյուջեի սահմաններում: Դա բավարար է մեզ համար, որպեսզի առաջ շարժվենք. մենք շատ գոհ ենք մեր լրագրողների պրոֆեսիոնալիզմի մակարդակից, մենք գոհ ենք մեր սարքավորումներից՝ մեր տեխնիկական սպասարկումը լավ զինված է հաջորդ 5 տարիների համար: Բայց, իհարկե, ավելի շատ գումարը ավելի շատ բան անելու հնարավորություն կտար մեր աշխատակազմին: Սա է պատճառներից մեկը, թե ինչու էի Վրաստանի կառավարության հետ խոսում Վրաստանում օրենսդրության փոփոխման հնարավորության մասին. որպեսզի այն մեզ գովազդ ունենալու հնարավորություն տա: Ես նաեւ պատրաստվում եմ գնալ ԱՄՆ, որպեսզի տեսնեմ՝ կարո՞ղ եմ արդյոք անկախ գումար ստանալ ԱՄՆ-ից: Որովհետեւ երկարաժամկետ հեռանկարում որքան անկախ գումար ունենանք, հեռուստաալիքն այնքան քիչ կենթարկվի ներքին եւ արտաքին ճնշումների:
Հարցազրույցը վարեց Աննա Բարսեղյանը
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: