Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 2010 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 93-Ա որոշմամբ՝ թիվ 8 մրցույթում, որին հայտ էին ներկայացրել «ԱԼՄ-Հոլդինգ» ՍՊԸ-ն եւ «Երեւան հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, հաղթող ճանաչվեց «Երեւան հեռուստաընկերություն»-ը: Արտոնագիր ստանալուց հետո ծրագրային փոփոխությունների եւ քաղաքականության մասին զրուցեցինք Երեւան հեռուստաընկերության պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի հետ, որը մի շաբաթ առաջ էր ընդունվել աշխատանքի:
Թվային հեռարձակման արտոնագիր ստանալուց հետո Երեւան հեռուստաընկերությունը ծրագրային ի՞նչ քաղաքականություն է վարելու
Քանի որ արտոնագիրը ստացել ենք երիտասարդական ալիք ուղղվածությամբ, շեշտը դնելու ենք հենց երիտասարդական ծրագրերի վրա: Բայց մտածում եմ, որ երիտասարդության համար ակտուալ են ոչ միայն այն թեմաները, որոնք ընդունված է համարել երիտասարդական, այլեւ բոլոր այն մշակութային եւ կրթական-դաստիարակչական նախագծերը, որոնք այսօր քիչ են կամ բացակայում են հեռուստաալիքներում: Մեր հեռուստաալիքի նախագծերը նախատեսված են լինելու եւ՛ երիտասարդների, եւ՛ մնացած տարիքային խմբերի համար:
Երեւան TV-ին սեպտեմբերից ցույց կտա իր նոր դեմքը: Շատ անելիքներ կան, մեկ-երկու ամսում այդ ամենն անել հնարավոր չէ, դրա համար ժամկետ ենք ընտրել սեպտեմբեր ամիսը, որպեսզի պատրաստվելու եւ ճիշտ ուղղությամբ աշխատելու ժամանակ ունենանք: Հիմա մշակում ենք հեռուստատեսության կոնցեպցիան՝ թե ինչպիսին պետք է լինի, ինչ ձեւավորում եւ դեմք պետք է ունենա,ամեն ինչ՝ սկսած լոգոյից, վերջացրած շապիկներով, անոնսային քաղաքականությամբ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է որակյալ հեռուստաալիք ունենալու համար:
Ի՞նչ նախագծեր են նախատեսվում հեռարձակվել Երեւան TV-ով
Չեմ ուզում բարձր խոսքեր ասել, թե Երեւան TV-ն լինելու է լավագույնը, անկրկնելին: Ուղղակի ցույց կտանք Երեւան հեռուստաալիքի դեմքը, որը նաեւ կհամապատասխանի իր անվանը: Դրա համար կլինեն մայրաքաղաքին վերաբերող նախագծեր, որտեղ կանդրադառնանք Երեւանի խնդիրներին, կփորձենք ցույց տալ նաեւ քաղաքի դրական կողմերը: Մեր թիվ մեկ խնդիրը լինելու է նախագծերի որակը:
Մի քանի ամսից նաեւ արտաքին գովազդով մարդկանց կտեղեկացնենք ամբողջությամբ վերափոխված Երեւանի մասին:
Նշեցիք, որ կրթական-դաստիարակչական հաղորդումներ եք հեռարձակելու. ի՞նչ ձեւաչափ կունենան այդ հաղորդումները
Ձեւաչափը չեմ կարող ասել, որովհետեւ դեռ ամբողջությամբ մշակված չէ, բայց այդ բնույթի ծրագիր եթերում անպայման կունենանք:
Նախատեսում ենք նաեւ թոք շոու անել: Դեռ մտածված չէ, թե ինչ թոք շոու, բայց մտածված է այն անցկացնելու վայրը, իսկ դա հեռուստատեսություններում կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այսօր շատ քիչ հեռուստալիքներ ունեն իրենց տաղավարներում թոք շոուներ անելու հնարավորություն, քանի որ չունեն համապատասխան տարածքներ: Երեւան TV-ին ստեղծում է մի տաղավար, որը համապատասխանելու է ժամանակակից բոլոր ստանդարտներին: Երեք-չորս ամսից տաղավարի վերանորոգման աշխատանքները կավարտվեն: Կունենանք առնվազն երկու թոք՝ հանրությանը հետաքրքրող թեմաներով:
Իսկ քաղաքական բանավեճե՞ր
Ամենացավոտ հարցն է: Բոլոր հեռուստանախագծերը իրենց եթերում միշտ ուզում են քաղաքական բանավեճեր ունենալ, քանի որ դրանք շատ ռեյտինգային են համարվում: Բայց,իմ կարծիքով, հարյուրից իննսունհինգ տոկոսը չեն ստացվում: Ստացվում է գուցե հինգ տոկոսը, այն էլ ոչ միշտ, որովհետեւ այսօրվա մեր քաղաքական դաշտն այն կարգավիճակում չէ, որտեղ կարելի է խոսել հենց այնպես, ինչպես հետաքրքիր կլինի հեռուստադիտողին: Մարդկանց մեծամասնությունը դրանց վերաբերում է որպես նախապես մշակված, սարքած եւ ոչ բնական ծրագրեր: Ուզենք, թե չուզենք քաղաքականությունն այսօր մարդկանց վրա բացասաբար է անդրադառնում:
Մենք կփորձենք հնարավորինս զերծ մնալ քաղաքական քննարկումներից, թող երիտասարդությունը մեզ մոտ միայն դրական լիցքերով լի հեռուստանախագծեր տեսնի:
Փոփոխություններ կլինե՞ն լրատվական ծրագրում
Քանի որ բոլոր հեռուստալինքերի լրատվական ծրագրերը փորձում են ունենալ իրենց ուղղվածությունը եւ լինել ավելի պահանջված, առաքելություն վերցնել կատարելու Հայաստանի ամենածանր գործը եւ բոլոր մարդկանց հասցնել ամենակարեւոր, անհրաժեշտ տեղեկատվությունը`նաեւ ներգրավելով քաղաքական իրադարձությունները, պարտադրանք չէ բոլոր հեռուստաալիքների լրատվության համար:
Կարծում եմ՝ կարիք չկա, որ բոլորն աշխատեն նույն ուղղությամբ: Մենք մեր լրատվության մեջ գլոբալ փոփոխություններ չենք կատարի: Միակ փոփոխությունը եթե լինի, կլինի այն, ինչ Երեւան քաղաքում ոչ մի հեռուստաալիք չի անում. կանդրադառնանք երեւանյան պրոբլեմներին եւ կփորձենք դուրս չգալ Երեւանի սահմաններից:
Այդպես ավելի ճիշտ կլինի. մարդիկ կիմանան, որ Երեւան TV-ն ցուցադրում է լուրեր Երեւանի, երեւանցիների ակտուալ խնդիրների մասին: Կփորձենք համագործակցել երեւանյան տարբեր ղեկավար մարմինների հետ, ստանալ ճիշտ տեղեկատվություն եւ ներգրավվել երեւանյան առկա պրոբլեմների մեջ:
Ոմանք Երեւան TV-ն ընկալում են որպես մեքենաների վաճառք ցուցադրող հեռուստաալիք: Շարունակելու՞ եք այդ բլոկի ցուցադրությունը
Միայն Երեւան TV-ն չէ, որ իր եթերում ցուցադրել է մեքնենաներ վաճառելու բլոկեր, բազմաթիվ հեռուստատեսություններ իրենց եթերում այդ բլոկերն ունեցել են. այստեղ պարզապես մատուցման, ձեւավորման եւ ճիշտ ներկայացնելու խնդիր կա:
Չեմ կարող ասել դրանք կլինեն, թե ոչ, բայցե թե լինեն էլ, այնպես մատուցված կլինեն, որ ծրագրի տեսք կունենան, ոչ թե հեռուստաալիքի շրջանակներում շուկա համարվող երեւույթ: Երբ մեր եթերային ցանցն այնքան հագեցած կլինի, երբ մեր բոլոր մտահղացումները կիրականացնենք, կարծում եմ՝ այդ ժամանակ արդեն չի լինի:
Հավատացեք՝ սեպտեմբերից որակյալ հեռուստաալիք եք տեսնելու, այնժամ, կարծում եմ, այդպիսի հարցեր այլեւս չեն առաջանա: Մեկ տարի հետո Երեւան հեռուստաալիքը շատ ավելի ռեյտինգային, բարձրակարգ, լուրջ տեղ զբաղեցնող հեռուստաալիք է լինելու:
Իսկ ինտերնետային ներկայություն ապահովելու՞ եք
Կարծում եմ՝ Երեւան TV-ն անպայման կունենա իր կայքը: Թե ինչպիսին կլինի այն եւ որքանով մարդիկ կկարողանան կայքից օգտվելով տեղյակ լինել մեր եթերում հեռարձակվող ծրագրերից, քննարկման ընթացքի մեջ է դեռ:
Իհարկե բլոգ վարելն էլ շատ ակտուալ եւ մոդայիկ է, բայց դա ինքնանպատակ չպետք է լինի: Երբ այնքան ասելիք, ծրագրեր եւ եռուզեռ կլինի TV-ի ներսում, որ քննարկման առիթներ կլինեն, կունենանք նաեւ բլոգ: Այսօր հեռարձակվող հաղորդումների շուրջ քննարկումները կարող է այդքան էլ հետաքրքիր չլինեն, գուցե անգամ բացասական մեկնաբանություններ ունենան: Բայց այսօրվանից սկսած՝ Երեւան հեռուստաընկերությունը հաստատ քայլելու է դեպի առաջ: Մեր եթերը ցույց կտա մեր դեմքը:
Լուսանկարը՝ Bravo.am-ի
Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: