Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Մարտի 2-ին հայաստանյան մեդիայում տարածվեց տեղեկություն, թե Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։

Տեղեկությունը տարածել էին Mamul.am, Slaq.am, Araratnews.am, Kizaket.am, Karevor News, MegaNews և այլ հարթակներ՝ հղում անելով տելեգրամյան անանուն ալիքներին։

Այս լուրը, սակայն, որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Ավելին՝ Թուրքիայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը մարտի 2-ին հերքել է ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման մասին տեղեկությունը` ընգծելով, որ երկրում չկան օտարերկրյա պետության պատկանող ռազմական բազաներ․

«Երկրի օդային տարածքը, ցամաքային տարածքը, ծովային իրավասության տարածքները և ռազմական օբյեկտները լիովին գտնվում են Թուրքիայի Հանրապետության ինքնիշխանության և վերահսկողության ներքո»,- գրել է կենտրոնը։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մարտի 2-ին կայացած ասուլիսում պատասխանել է հարցին, թե ինչու Իրանը չի հարվածել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազային՝ ընդգծելով, որ իր տեղեկություններով Ինջիրլիքում տեղակայված բազան ՆԱՏՕ-ի ռազմաբազան է, իսկ Թուրքիան մինչ այժմ հակամարտության հարցում Իրանի համար դրական դիրքորոշում է ունեցել․

«Որքանով տեղյակ եմ՝ Թուրքիայում տեղակայված այդ բազայում, եթե չեմ սխալվում, Ինջիրլիք քաղաքում, ՆԱՏՕ-ի ռազմաբազան է։ Սակայն պետք է նշեմ, որ, հաշվի առնելով տեղի ունեցածը, կարող ենք ասել, որ Թուրքիայում կա այդ ըմբռնումը և գիտակցությունը, որ եթե Իսրայելին հաջողվի տապալել Իրանին, ապա հաջորդը լինելու է Թուրքիան։ Մինչ այժմ Թուրքիան այս հարցում մեզ համար բավական դրական դիրքորոշում է ունեցել»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Տեղեկությունը տարածվել էր նաև ադրբեջանական մամուլում

Ադրբեջանական լրատվամիջոցները ևս տարածել են «Ինջիրլիք»-ին հարվածելու մասին տեղեկությունը՝ որպես ապացույց կցելով նաև տեսանյութ։ Նշվում էր, թե տարածվող տեսանյութերում ենթադրաբար երևում են պայթյուններ և բռնկումներ ավիաբազայի մերձակայքում, որտեղ տեղակայված են թուրքական և ամերիկյան ուժեր։

Կադրերում երևացող լրագրողը Haber Global-ի թղթակից Մեհմետ Ալթուսիքն է-ն է։

Լրագրողը տեսանյութը հրապարակել էր իր ինստագրամյան էջում դեռևս 2026-ի հունվարի 10-ին՝ նշելով, որ «Շեյխ Մաքսուդում բախումը սաստկացել է»։ Շեյխ Մաքսուդը թաղամաս է Սիրիայի Հալեպ քաղաքում։ Այսպիսով՝ տեսանյութն արվել է ոչ թե Թուրքիայում, այլ՝ Սիրիայում՝ շաբաթներ առաջ։

Ավիաբազայի վրա հարձակման տեղեկության կեղծ լինելը հաստատվում է նաև թուրքական փաստերի ստուգման հարթակի՝ dogrulukpayi.com-ի այս հոդվածում։

Այսպիսով՝ տեղեկությունը, թե Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ ավիաբազային, սխալ է։

Տարածված տեսանյութը ապակողմնորոշող է և չի ապացուցում Իրանի կողմից Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայի վրա հարվածի մասին պնդումները:

Գոհար Սարգսյան

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել