Մարտի 1-ին «Երկիր մեդիա»-ն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում է հրթիռ տեղափոխող ռազմական մեքենա՝ Իրանի դրոշով։ Տեսանյութում երևացող տարածքը նման է ստորգետնյա թունելի։
«Երկիր մեդիա»-ն գրել էր, թե տեսանյութը վերցված է Իրանի գերագույն առաջնորդի պարտականությունները կատարող Այաթոլլահ Ալիռեզա Արաֆիի X-ի էջից․
«Այս գիշեր աշխարհն ականատես կլինի սիոնիստների գոռոզության ավարտին»,- գրել էր լրատվամիջոցը՝ հղում անելով Այաթոլլահ Ալիռեզա Արաֆիին։
Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Այաթոլլահ Ալիռեզա Արաֆին նշանակվել է ժամանակավոր ղեկավար խորհրդի իրավաբան անդամ, որն անցումային շրջանում պատասխանատու է գերագույն առաջնորդի պարտականությունները կատարելու համար` մինչև իրավահաջորդի ընտրությունը։
«Ստուգված է»-ն պարզել է, որ «Երկիր մեդիա»-ի տարածած տեսանյութը իրական չէ, այլ ստեղծվել է արհեստական բանականության կողմից՝ դեռևս 2025 թվականին։
Մեզ չհաջողվեց գտնել «Երկիր մեդիա»-ի տեսանյութում նշվող գրառումը Այաթոլլահ Ալիռեզա Արաֆիի էջում։ Նրա էջն արգելափակվել է X-ում տված երդումից հետո, թե վրեժխնդիր է լինելու Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության համար:
Իսկ տեսանյութն առաջինը հրապարակել էր Iran Military News-ը, որը պաշտոնական աղբյուր չէ։ Այն ներկայանում է իբրև ռազմական լրատվամիջոց։
Տեսանյութի աջ ներքևի հատվածում երևում է Veo մակնշումը, իսկ Veo-ն Google-ի ստեղծած արհեստական բանականության (AI) մոդել է՝ նախատեսված տեսանյութեր գեներացնելու համար։

Տեսանյութը հին է
Տեսանյութը ոչ միայն իրական չէ, այլև հին է։ Համացանցում առկա ամենահին հրապարակումները թվագրվում են 2025-ի հունիսին (1, 2, 3, 4)։
Հայաստանյան մեդիայում տեսանյութից մի դրվագ 2025-ի օգոստոսին հրապարակել էր Hayeli.am-ը։ Vala Hebrew Media-ին հղում անելով՝ կայքը գրել էր, թե Իրանը փորձարկել է գերհզոր հրթիռ, որն ունի տակտիկական միջուկային ռումբի ուժ։ Նույն բովանդակությունը արտատպել էին մի շարք այլ կայքեր (1, 2, 3)։
Գոհար Սարգսյան