Փետրվարի 6-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որին կից գրված էր՝ «Ատոմակայանը փակում են. Ինչ վտանգների առջև է կանգնած Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կամ ապագան»։
Տեսանյութում Մարուքյանը պնդում է, թե իշխանությունը Մեծամորի ատոմակայանը փակում է Ադրբեջանի, Թուրքիայի և Արևմուտքի ցանկությամբ․
«Ինչ ա թե ատոմակայանը, որը Ռուսաստանի կողմից ա սնուցվում, փակեն, որովհետև տենց են ուզում՝ Արևմուտքը տենց ա ուզում, Թուրքիան տենց ա ուզում, Ադրբեջանը տենց ա ուզում, ասում են՝ մենք կդնենք մոդուլային․․․. Խի՞ եք ուզում փակել ատոմակայանը, խի՞ եք ընկել մեր ազգային ռազմավարական ինստիտուտների հետևից։ Խի՞ եք քանդում Հայաստանի Հանրապետությունը,- տեսանյութում ասում է Մարուքյանը։
Երբ է փակվելու Մեծամորի ատոմակայանը և ինչու
Մեծամորի ԱԷԿ-ը համարվում է հին սերնդի` VVER-440/V-270 կայան։ Ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդ էներգաբլոկը գործարկվել է 1980-ին՝ 30 տարի նախագծային ժամկետով։
Առհասարակ, այս ռեակտորի, ինչպես նաև VVER-440 տիպի մյուս մոդելների նախագծային շահագործման ժամկետը 30 տարի է։
1989թ. հունվարին ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը, Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, որոշեց կանգնեցնել ատոմակայանի աշխատանքը։
1995թ. նոյեմբերից, շուրջ 6,5 տարվա դադարից հետո, ռուս մասնագետների մասնակցությամբ վերսկսեց ատոմակայանի միայն երկրորդ էներգաբլոկի աշխատանքը։ Նախատեսվում էր այն ապագործարկել 2016-ին։
Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվեց տասը տարով։ Այժմ գումարվել է ևս 10 տարի, և այն շահագործելու ժամկետը հասնում է մինչև 2036 թվական։
Ստացվում է, որ ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, որը տեխնիկական վերազինումից հետո մի քանի անգամ երկարաձգվել է, սակայն այդ ժամկետը ի վերջո լրանալու է։
Այս տեսակի մյուս երկու ռեակտորները Ռուսաստանում գործող «Կոլա 1» և «Կոլա 2»-ն են։ Դրանցում ևս վերազինման աշխատանքներ են իրականացվել՝ շահագործման ժամկետը երկարաձգելով մինչև 60 տարի։
Մեծամորի ԱԷԿ-ի փակումը Հայաստանը ստանձնել է CEPA-ով
2017 թվականին Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement, CEPA), որով նախատեսվում էր Մեծամորի ԱԷԿ-ի փակումն ու անվտանգ ապագործարկումը։
Համաձայնագրի 42-րդ հոդվածը վերաբերում է էներգետիկ համագործակցությանը։ Դրանում նշվում է, որ կողմերի միջև համագործակցությունը պետք է ներառի ատոմակայանի փակումը․

Հատված CEPA-ից
Ճիշտ է՝ համաձայնագիրը փակման հստակ ժամկետ չի նշում և ընդգծում է նոր հզորությամբ այն փոխարինելու անհրաժեշտությունը, սակայն սա Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններից է, որի համար, ըստ CEPA-ի, հնարավորինս շուտ պետք է ընդունվի գործողությունների պլան։
Թուրքիան և Ադրբեջանը, այո՛, պահանջել են ատոմակայանի փակում
Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները, քաղաքացիական հասարակությունը տասնամյակներ շարունակ տարբեր միջազգային հարթակներում պահանջել են Մեծամորի ատոմակայանի փակումը՝ այն անվանելով «տարածաշրջանային սպառնալիք»։
Սակայն Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (IAEA) կանոնավոր ստուգումներ է անցկացրել Մեծամորի ատոմակայանում, որոնց արդյունքներով չեն հայտնաբերվել կրիտիկական շեղումներ՝ հաստատելով, որ կայանը համապատասխանում է անվտանգության հիմնական չափանիշներին։
2023 թվականին «Արմենպրեսի» հետ զրույցում IAEA-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել էր, որ Մեծամորի ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ և իրենք բավարարված են դրանց որակով, ինչպես նաև հավելել, որ գործակալությունը չի նախատեսում փակել ատոմակայանը՝ չնայած Թուրքիայից հնչող մտահոգություններին։
Հայաստանը չունի որոշում՝ որ երկրի հետ համագործակցել նոր ատոմակայանի հարցում
Փետրվարի 7-ին 1in.am-ը «Հայաստանը նոր ատոմակայանի ԱՄՆ առաջարկն է ընդունելու. որոշումը կայացված է» վերտառությամբ տեսանյութ էր հրապարակել՝ առանց ուղեկցող տեքստի։
Այս վերնագիրը մոլորեցնող է, տեսանյութում չի հրապարակվում որևէ փաստ, որը կհաստատի այս պնդում։
Այն նույնությամբ տարածել էին kizaket.am, Новости Армении, fbnews.am լրատվամիջոցները և ֆեյսբուքյան տարբեր էջեր։
Վերնագրում հաղորդման հյուր, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքը ներկայացվում է որպես պնդում, մինչդեռ հնչածը նրա կարծիքն էր միայն․
«Ինձ թվում է՝ եթե ատոմակայանը մոդուլային է լինելու, ապա որոշումը գոնե ենթագիտակցորեն կայացված է, որովհետև մոդուլային, ատոմային կայաններ արտադրելու, և, ընդհանրապես, այսօր տեխնոլոգիական առաջատար հնարավորություններին տիրապետելու տեսակետից Միացյալ Նահանգները մրցակից չունի աշխարհում։ Եթե կա այդ առաջարկը, ապա ակնհայտ է, որ ընտրությունը պետք է կանգ առնի այդ առաջարկի վրա»,- ասել է քաղաքագետը։
Լրատվամիջոցը կարծիքը ներկայացրել է որպես հաստատված փաստ՝ «որոշումը կայացված է»։ Չի նշվում, որ որոշումը կայացնելու մասին պնդումը քաղաքագետի կարծիքն է։ Բաց դրանից՝ վերնագրում բաց է թողնված «ենթագիտակցորեն», «ինձ թվում է» բառերը, որոնք ենթատեքստը զգալիորեն փոխում են։
Իսկ Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ատոմակայանի հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել։
2026-ի փետրվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ միջուկային նոր ռեակտոր ունենալու հարցը քննարկվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ։ Օրեր անց՝ փետրվարի 13-ին, վարչապետը վերահաստատել էր իր այդ դիրքորոշումը։
Նույն օրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ասուլիսում նշել էր, որ Հայաստանը որոշում է կայացրել միայն նոր ատոմակայանի տեսակի հարցում՝ այն մոդուլային կլինի, սակայն, հստակ չէ, թե ում հետ կհամագործակցեն և որ երկրի առաջարկը կընդունվի:
«2025-ի ընթացքում մենք ընտրել ենք ինչ տիպի ատոմակայան ենք ցանկանում ունենալ Հայաստանում։ Դա մոդուլյար տիպի ատոմակայանն է, իսկ ինչ տեսակի և ինչ տիպի ատոմակայան ենք ուզում ունենալ, մենք այդ հարցում չենք շտապում, ուսումնասիրում ենք մեր ունեցած առաջարկները, այդ թվում նաև Միացյալ Նահանգների կողմից, բայց՝ ոչ միայն։ Մենք դիտարկում ենք առաջարկներ Ռուսաստանի Դաշնությունից, Կորեայից, նաև Չինաստանից և Ֆրանսիայից։ Որոշում կկայացնենք բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով»,- ասել է նախարարը։