Պատկերը ստեղծվել է արհեսատական բանականության (ԱԲ) կիրառմամբ

Փետրվարի 18-ին Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրել էր իր և քաղաքացու խոսակցությունից մի դրվագ, որտեղ քաղաքացին դժգոհել էր թոշակի ստացման նոր քաղաքականությունից.

«Դահլիճ մտնելուց առաջ մի մարդ մոտեցավ ինձ, հիմա էլ դահլիճում նստած է։ Ասում է՝ ես ո՞նց անեմ, թոշակառու եմ, ասում են՝ ապրիլի 1-ից թոշակը պետք է ստանաս միայն անկանխիկ։ Գնում եմ թաղում ինչ-որ բան առնելու, կամ հարևանից կաթ եմ ուզում վերցնել, ես ո՞նց անեմ։ Ցանկացած երկրում փողի առնվազն 15-20 տոկոսը կանխիկ է շրջանառվում, իսկ այստեղ ասում են՝ ոչ, կանխիկ փող պետք է չլինի»։

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է պատգամավորի պնդումը և պարզել, որ այն մոլորեցնող է։ Ճիշտ է՝ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակառուները և նպաստառուները կենսաթոշակը ստանալու են անկանխիկ եղանակով, սակայն չկա որևէ արգելք այն կանխիկացնելու։

Ինչ փոփոխություն է կատարվելու ապրիլի 1-ից

Կենսաթոշակների վճարման կարգում կատարվելիք փոփոխությունը, որը պետք է ուժի մեջ մտնի ապրիլի 1-ից, ենթադրում է՝ բոլոր թոշակառուներն ու նպաստառուները թոշակներն ու նպաստները ստանալու են անկանխիկ եղանակով։ 

Կառավարությունը կենսաթոշակների վճարման այս նոր համակարգի փոփոխությունները սկսել է 2021-ից։ 

Եթե այսօր 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է տրված թոշակը կամ նպաստը «Հայփոստ»-ի աշխատակցի միջոցով ստանալ տանը, ապա ապրիլի 1-ից դա չի լինելու։ Գումարները քաղաքացուն փոխանցվելու են բացառապես անկանխիկ։ 

Նոր կարգավորմամբ այս խմբերը նույնպես պետք է կենսաթոշակը ստանան բանկային քարտի միջոցով։

Փետրվարի 16-ին կայացած ասուլիսում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշել է, որ կանխիկ ստանալու հնարավորությունը գործում էր միայն «սահմանափակ տեղաշարժ ունեցող» շահառուների համար և հավելել, որ վճարումներն անկանխիկ կատարող թոշակառուները կկարողանան 20 տոկոս հետվճար ստանալ․

«․․․Եթե կենսաթոշակառուն իր կենսաթոշակը ստանում է քարտով, ապա կարող է նաև հավելյալ գումար ստանալ։ Փետրվարից հետվճարի առավելագույն չափը կկազմի 10 հազար դրամ կամ կատարված գործառնությունների 20 տոկոսը։ Համակարգի ներդրումից հետո բոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անկանխիկ գործառնություններից ստանալ իրենց հետվճարները»,- ասել է նա։

Կանխիկի շրջանառության ծավալը՝ ըստ Կենտրոնական բանկի

Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանի այն պնդմանը, թե Կառավարության քաղաքականության հետևանքով կանխիկ փող պետք է չլինի, ապա այն չի համապատասխանում իրականությանը։ Կենսաթոշակների վճարման եղանակի փոփոխությունը վերաբերում է միայն սոցիալական վճարումների իրականացման ձևին և չի ենթադրում կանխիկ դրամի շրջանառության վերացում կամ արգելք։

Կենտրոնական բանկի կայքում առկա տվյալների համաձայն՝ 2025-ին Հայաստանում կանխիկ դրամը շրջանառությունում պահպանվում է և շարունակաբար աճում։

Մասնավորապես, շրջանառությունում գտնվող կանխիկ ՀՀ դրամի ծավալը 2025 թ․ հունվարի վերջի դրությամբ կազմել է մոտ 802,653.2 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում այն աստիճանաբար ավելացել է՝ դեկտեմբերին հասնելով մոտ 993,953.9 մլն դրամի։

Այս տվյալները ցույց են տալիս, որ կանխիկ փողը տնտեսությունում չի վերանում։

Այսպիսով, Աղվան Վարդանյանի հայտարարությունը մոլորեցնող է, քանի որ պատգամավորը կենսաթոշակների անկանխիկ վճարումը ներկայացնում է որպես կանխիկի վերացում և արգելք՝ գումարը կանխիկացնելու։

Գոհար Սարգսյան

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել