Փետրվարի 2-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ վերջին 8 տարիներին 300 հազար աշխատատեղ է ստեղծվել․
«Մենք վերջին՝ շուտով կլինի 8 տարիներին մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել։ Հաճախ լսում ենք, որ սրանք ստվերից դուրս եկող աշխատատեղեր են, թեև դա էլ ինքնին արդեն մեծ ձեռքբերում է, որովհետև օրինականության դաշտ է գալիս։ Բայց այսքան ստվերից դուրս եկող աշխատատեղ չի կարող լինել»,- ասել էր Թորոսյանը՝ հղում անելով Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) ստացված տվյալներին։
Նախարարը 2017-2025 թվականներին ստեղծված աշխատատեղերի տվյալները ներկայացրել էր նաև գծապատկերով․

Էկրանապատկերը՝ «Լուրեր»-ի յութուբյան էջից
Ընթերցողների խնդրանքով «Ստուգված է»-ն ուսումնասիրել է այս պնդումը։
Մենք հարցում կատարեցինք Պետական եկամուտների կոմիտե։ Կառույցից խնդրել էինք տրամադրել նոր բացված աշխատատեղերի քանակը 2018-2025 թվականների ընթացքում՝ ընդգրկելով և՛ բոլոր աշխատատեղերի թիվը, և՛ եկամուտներ ապահոված աշխատատեղերը։
Աշխատատեղերի ընդհանուր թիվը հաշվարկվում է այն մարդկանց քանակով, որոնք տվյալ պահին ունեն գործող աշխատանքային պայմանագիր։ Դա, սակայն, դեռ չի նշանակում, որ նրանք բոլորը տվյալ ամսում աշխատավարձ են ստացել։ Օրինակ՝ այդ խմբում ընդգրկված են անվճար արձակուրդում կամ ֆիզարձակուրդում գտնվողները։
Եկամուտներ ապահոված աշխատատեղերը հաշվարկվում է ստացված աշխատավարձով և դրանից վճարվող հարկով։ Այս բաժանումը կարևոր է, քանի որ միայն աշխատատեղերի քանակի աճը դեռևս չի նշանակում տնտեսական ակտիվության կամ արտադրողականության համարժեք աճ։ Հետևաբար կարևոր են երկու տվյալներն էլ։
Ընդհանուր աշխատատեղեր
Ի պատասխան ՊԵԿ-ից նշել են, որ հարկային մարմնում աշխատատեղերի թվաքանակի վերաբերյալ հաշվառումը սկսել է 2018-ից և տրամադրել աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը՝ այդ տարվանից սկսած։
Եթե դիտարկում ենք բոլոր աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը 2018-2025-ի ընթացքում, ապա վերջին 7 տարիներին գրանցվել է շուրջ 275 հազար աշխատատեղ, որը շատ մոտ է Արսեն Թորոսյանի նշած 300 հազար թվին։
Այս թիվը ստացել ենք հաշվելով 2025 և 2018 թվականների ցուցանիշների տարբերությունը։
Եկամուտ ապահոված աշխատատեղեր
Ինչ վերաբերում է եկամուտներ ապահոված աշխատատեղերին, ապա 2018-2025 թվականների ընթացքում դրանք ավելացել են 232,542-ով, ինչը Թորոսյանի նշած 300 հազարից պակաս է մոտ 67 հազարով։ Ընդհանուր աճը այստեղ կազմում է մոտ 41-42%, այսինքն՝ փոքր-ինչ ավելի ցածր, քան բոլոր աշխատատեղերի դեպքում։
ՊԵԿ-ի՝ մեզ տրամադրած և Թորոսյանի ներկայացրած տվյալները փոքր ինչ տարբերվում են իրարից։ Ենթադրաբար նախարարը ներկայացրել է տվյալները կոնկրետ ամսվա դրությամբ, ոչ թե ամսական միջինը՝ ինչպես ՊԵԿ-ը։
2018-2025 թվականների տվյալները ցույց են տալիս աշխատատեղերի քանակական կայուն աճ Հայաստանում, սակայն նույն տվյալները նաև հուշում են, որ աճը միշտ չէ, որ լիարժեք վերածվել է եկամուտ ապահովող աշխատատեղերի համաչափ ավելացման։
Որոշ տարիների արձանագրվել է զգալի տարբերություն աճի տեմպի միջև։ Մասնավորապես, 2020 թվականին (կորոնովիրուսի տարում) աշխատատեղերի ընդհանուր թիվը աճել է մոտ 3.9%-ով, մինչդեռ եկամուտ ապահոված աշխատատեղերի աճը կազմել է ընդամենը 1.2%։
Ավելացած աշխատատեղերի և կազմակերպությունների քանակը ստուգեցինք նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքից՝ armstat.am-ից։
Համաձայն դրա՝ 2018-2025 թվականների ընթացքում աշխատատեղերի թիվը Հայաստանում ավելացել է 227,845-ով։
Եթե 2018-ի դեկտեմբերին առկա էր 585,352 աշխատատեղ, ապա 2025-ի նոյեմբերին (առկա վերջին տվյալները) այդ թիվը հասնում է 813,197-ի։
ՊԵԿ-ի և Վիճակագրական կոմիտեի տվյալները փոքր ինչ տարբերվում են․ պատճառը հաշվարկի տարբեր մեթոդաբանություններն են։
Ավելացել է նաև կազմակերպությունների թիվը
Յոթ տարիների ընթացքում ավելացել է նաև կազմակերպությունների քանակը: Եթե 2018-ին առկա էր 41,651 կազմակերպություն (այդ թվում պետական), ապա 2025-ի նոյեմբերին՝ 65,299՝ շուրջ 24 հազարով ավելի։
2025 թվականի տվյալներում նկատվում է մի ուշագրավ շեղում. կազմակերպությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 5261-ով, մինչդեռ աշխատատեղերի թիվը շարունակում է աճել։ Սա կարող է շուկայի խոշորացման հետևանք լինել։
2025 թվականի տվյալներով ստացվում է, որ Հայաստանի յուրաքանչյուր կազմակերպությունում միջինում աշխատում է 12-13 մարդ։
Աշխատատեղերի թվի նման կտրուկ աճը նաև ստվերի կրճատման հետևանք է, ինչը, ըստ պաշտոնական հայտարարությունների, վերջին տարիների տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է եղել։
Թե որքան է ընդհանուր թվի մեջ կազմում ստվերի կրճատումը, պաշտոնական տեղեկություն չկա։ 2024 թվականին ՊԵԿ-ի նախագահ Էդուրադ Հակոբյանն ասել էր, որ ստվերի կրճատման առումով օբյեկտիվ գնահատում չկա և հավելել, որ այն վերջին երեք տարում ՀՆԱ-ում միջինը 0,3-0,4 տոկոսային կետով նվազել է։
Այսպիսով՝ Արսեն Թորոսյանի հայտարարած 300 հազար նոր աշխատատեղերի թիվը մոտ է պաշտոնական վիճակագրությանը, սակայն այն պահանջում է մեթոդաբանական հստակեցում։ ՊԵԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ իրական եկամուտ ապահովող աշխատատեղերի թիվը ցածր է հնչեցված թվից և կազմում է շուրջ 232 հազար։