Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Ջեյ Դի Վենսը Երևանում, 9 փետրվարի, 2026թ․։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության կայքից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին Երևանում ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ Կառավարությունների միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Նույն օրը երեկոյան հայաստանյան և միջազգային մի շարք լրատվամիջոցներ և հանրային դերակատարներ նշեցին, թե ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է Հայաստանի միջուկային էներգիայի ոլորտում 9 միլիարդ դոլարի ներդրում անելու կամ դրա հնարավորության մասին։ 

Այս տեղեկությունը տարածել էին armenpress.am, «Սպուտնիկ» Արմենիա, Bloomberg, news.am, shantnews.am և շատ այլ լրատվամիջոցներ, ԱԺ պատգամավորի օգնական, լրագրողներ և այլն։ 

Ինչ է ասել Վենսը

Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ջեյ Դի Վենսը, խոսելով «1, 2, 3 քաղաքացիական միջուկային համագործակցության» համաձայնագրի շուրջ, նշել է մինչև 5 միլիարդ դոլարի ամերիկյան արտահանման և 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցության մասին՝ վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ Խոսքի այս հատվածում նա չի օգտագործել ներդրում բառը։

Անգլերեն՝ «That means up to $5 billion in initial US exports, plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts»։

«Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարելու, որ մեր երկրները ավարտել են բանակցությունները «1, 2, 3 քաղաքացիական միջուկային համագործակցության» համաձայնագրի շուրջ։ Երբ դա ամբողջությամբ կարգավորվի, դա ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ գործարքներ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի շուրջ։ Դա նշանակում է նախնական մինչև 5 միլիարդ դոլարի ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ Սա դասական փոխշահավետ գործարք է և՛ Հայաստանի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Ինչպես նկատում ենք՝ Վենսն այս կոնտեքստում չի օգտագործում ներդրում բառը, խոսում է մինչև 5 միլիարդ դոլարի ամերիկյան արտահանման և 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցության մասին։ 

Ինչպես է այս հատվածը ներկայացրել թարգմանիչը

ԱՄՆ-ի փոխնախագահի խոսքը համաժամանակյա թարգմանությամբ թարգմանվում էր հայերեն։ 4 և 5 միլիարդ ներդրման մասին տեղեկությունը (որը գումարվել և որպես 9 միլիարդ տարածվել է մեդիայում) թարգմանական սխալի արդյունք է։ Թարգմանիչը, փոխանցելով Վենսի խոսքը հայերեն, նշում է, որ միջուկային էներգիայի ոլորտում նախատեսվում է սկզբնական 5, ապա 4 միլիարդ դոլար գումարի ներդրում։

Թարգմանչի խոսքի ուղիղ մեջբերումը.

«Նաև հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետությունները ավարտել են (բանակցությունները, խմբ.) 1 2 3 Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում։ Երբ որ սա հունի մեջ մտնի, սա մի ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների ապագա ծրագրերի համար։ Սկզբնական մոտ 5 միլիարդ գումարի ներդրումների մասին ենք խոսում, հետագայում՝ երկրորդ փուլում, ևս 4 միլիարդ։ Այստեղ փոխշահավետ իրավիճակ է՝ և՛ Հայաստանի համար, և՛ իմ երկրի համար էներգետիկ կայունության, նաև ստեղծվելու են շատ աշխատատեղեր և՛ ԱՄՆ-ում, և՛ Հայաստանում։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորները, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ՝ սա այն դեպքն է, որ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է վստահ զգում, այնքան վստահ, որպեսզի տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր և, էլի, ի պատիվ ձեր վարչապետի առաջատարության»։

Երբ է Վենսն օգտագործել ներդրում բառը

Շարունակելով խոսքը ամերիկյան մոդուլային ռեակտորների մասին՝ Վենսը նշում է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ ԱՄՆ-ն պատրաստ է ներդրումներ կատարել այդ մակարդակով և ուղարկել տեխնոլոգիաներ.

«Սա նշանակում է ավելի ամուր էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և, ես նաև կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ամուր էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար, դա նաև կստեղծի շատ նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում։ Դա նշանակում է, որ փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաներ կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք ներդրումներ կատարել այս մակարդակով, ուղարկել այս տեսակի տեխնոլոգիա, և սա տեղի է ունենում վարչապետի (Նիկոլ Փաշինյանի, խմբ.) առաջնորդության շնորհիվ»,- ասել է Վենսը։

Թեև Վենսը չի նշում, որ ԱՄՆ-ն կներդնի 9 միլիարդ դոլարի գումար, բայց նույն կոնտեքստում բացահայտորեն նշում է «ներդրում կատարելու» և «տեխնոլոգիա ուղարկելու» մտադրության մասին՝ ընդգծելով նախագծի ֆինանսական խոշոր մասշտաբը։

Ի՞նչ է սա նշանակում։ Արդյոք խոսքը ընդհանուր 9 միլիարդ դոլարի ֆինանսական հոսքերի՞, կապիտալ ներդրմա՞ն կամ ամերիկյան ապրանքների կամ ծառայությունների մատակարարմա՞ն, ստեղծված ենթակառուցվածքների սպասարկմա՞ն մասին է, որի համար Հայաստանը պետք է վճարի. «Ստուգված է»-ն չունի այդ հարցի պատասխանը, այդ պատճառով հարցում ենք կատարել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել