Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Լուսանկարը ստեղծված է արհեստական բանականության կիրառմամբ։

Հունվարի 29-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում ասաց, որ 2019 թվականին վրացի լրագրողի՝ Ռուսաստանի և նրա ղեկավարի հասցեին հնչեցրած հայհոյանքների պատճառով ՌԴ-ի և Վրաստանի միջև առևտուրը կանգ առավ, և չեղարկվեցին բոլոր թռիչքները։

Քոչարյանը միջադեպը հիշատակեց՝ բացատրելու համար, թե Ռուսաստանն ինչ հնարավորություններ ունի ազդելու Հայաստանի տնտեսության վրա։

«Ես հիշեցնեմ։ Հիշողությունս լավ է։ 19 թվական։ Վրաստանում Գաբունիա անունով մի լրագրող կար՝ բավական հայտնի։ «Ռուսթավի» հեռուստաընկերության եթերում շատ կոպիտ արտահայտվեց Ռուսաստանի վերաբերյալ և Ռուսաստանի նախագահի հասցեին։ Հայհոյանքներով։ Դուք չե՞ք հիշում՝ ինչ է եղել դրանից հետո։ Անմիջապես կանգնեցրին ամբողջ առևտուրը։ Բոլոր թռիչքները չեղարկեցին։ Դա եղավ հուլիսի սկիզբ։ Օդային հաղորդակցությունը կտրեցին։ Ամբողջ Վրաստանի բիզնեսը ունեցավ հսկայական կորուստներ»,- ասել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը մոլորեցնող է, քանի որ սխալ է ներկայացվում դեպքերի ժամանակագրությունը և պատճառահետևանքային կապը։

Իրականում ավիահաղորդակցությունը դադարեցվել է լրագրողի հայտարարությունից շաբաթներ առաջ՝ Թբիլիսիում տեղի ունեցող քաղաքական զարգացումների պատճառով, իսկ առևտուրը ամբողջությամբ կանգնեցնելու որոշում այդպես էլ չի կայացվել։

Ինչ է տեղի ունեցել իրականում

Ռուս-վրացական հարաբերությունները հերթական անգամ կտրուկ սրվեցին ոչ թե 2019 թվականի հուլիսին, այլ հունիսի 20-ին։ Պատճառն այն էր, որ Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը և նիստը շարունակել ռուսերեն։ Սա հակակառավարական և հակառուսական բողոքի զանգվածային ցույցերի առիթ էր դարձել Վրաստանում։

Միջադեպին կոշտ էր արձագանքել նաև պաշտոնական Թբիլիսին․ այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, թե «ծանր էր տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին վրացական օրենսդիր մարմնի գլխավոր ամբիոնին»:

Հունիսի 21-ին Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև ավիաչվերթները դադարեցնելու հրամանագիր ստորագրեց (արխ․)։ Կրեմլը դա պատճառաբանեց ռուս զբոսաշրջիկների անվտանգության ապահովման նկատառումներով, քանի որ Թբիլիսիում ընթանում էին բախումներով ուղեկցվող ցույցեր։

Երբ է հայհոյել լրագրողը

Հուլիսի 7-ին՝ ավիաթռիչքները դադարեցնելու որոշումից շաբաթներ անց, ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդաշարի ընթացքում շուրջ մեկ րոպե շարունակ ռուսերեն վիրավորական՝ այդ թվում սեռական բնույթի արտահայտություններ էր հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Այս երևույթը դատապարտել էին ինչպես Վրաստանի իշխանությունները, այնպես էլ հեռուստաընկերության ղեկավարությունը։ Լրագրողը շուտով ազատվել էր աշխատանքից։ 

Ռուս պատգամավորները հուլիսի 9-ին հայտարարել էին, որ քննարկում են Վրաստանի նկատմամբ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Իշխող «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարը նշել էր, որ խորհրդարանական առաջնորդները կքննարկեն վրացական գինու և շշալցված ջրի ներկրման, ինչպես նաև ուղղակի դրամական փոխանցումների արգելքը։

Թեև ռուսաստանցի քաղաքական գործիչները կոչ էին արել արգելել վրացական ապրանքների ներմուծումը, սակայն այդ սահմանափակումները այդպես էլ կյանքի չկոչվեցին։

Հուլիսի 9-ին ՌԴ նախագահը ճգնաժամը մեղմելու քայլ արեց՝ հայտարարելով, որ դեմ է Վրաստանի դեմ առաջարկվող տնտեսական սահմանափակումներին։

«Ելնելով վրաց ժողովրդի նկատմամբ ունեցած իմ հարգանքից՝ ես դա չէի անի»,- ասել էր Պուտինը՝ վրացի հեռուստահաղորդավարին անվանելով «ինչ-որ սրիկա», որին չարժե լուրջ ընդունել։

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե լրագրողի հայհոյանքների պատճառով Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կանգ էր առել և դադարել էին ավիաթռիչքները, մոլորեցնող է։ Թռիչքները դադարեցվել էին լրագրողի հայհոյանքներից շաբաթներ առաջ՝ քաղաքական ցույցերի պատճառով, իսկ առևտրային էմբարգո, չնայած սպառնալիքներին, այդպես էլ չկիրառվեց։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել