Ռուսական պետական քարոզչության մարտավարություններից մեկը արևմտյան լրագրողների և բլոգերների ներգրավումն է սեփական պատումների տարածման գործում։ Մեդիայում օտարերկրյա լրագրողների հայտնված տեղեկությունները հաճախ ռուսական օրակարգի վերարտադրությունն են։ Օրինակ՝ Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, վերջերս հրապարակել էր հոդված, որտեղ Հայաստանի արդարադատության համակարգին վերաբերող ապատեղեկատվության տարածմանը մասնակցել էին ռուսական ծագում չունեցող, կրեմլամետ լրագրողներ։
Այս հոդվածում ներկայացված է նաև այլ երկրների նմանատիպ փորձը, երբ օտարերկրացի հեղինակները, չնայած իրենց ծագմանը, առաջ են տանում ռուսական քարոզչությունը։
Ինչ է հայտնի այս մարտավարության մասին
Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո տարբեր հարթակներ գրեցին Արևմուտքում ապրող, բայց Կրեմլի օգտին քարոզչություն անող անձանց մասին (1, 2, 3)։
Ուկրաինական պատերազմի համատեքստում կեղծ լուրերի մեխանիզմը գործում է հետևյալ կերպ․ որպես լրագրող կամ հետազոտող ներկայացող անձինք, որոնք ունեն արտասահմանյան ծագում, տարածում են կեղծ տեղեկություն, որը միանգամից արտատպում են ռուսական պետական հեռուստալիքները և տարածում տարբեր հարթակներով։ Նրանք նաև ծառայում են որպես աղբյուր ռուսական լրատվամիջոցների համար։
«Настоящее Время» հեռուստաալիքը հայտնում է, որ այս անձինք հիմնականում աշխատում են ռուսական աղբյուրների համար, վաղուց տեղափոխվել են Ռուսաստան կամ առհասարակ լրագրող չեն։ Նրանց տարածած տեղեկությունները հիմնականում հերքվում են փաստեր ստուգող լրագրողների կողմից։
Նման հեղինակներից մեկը ֆրանսիացի զինվորական ներկայացող Ադրիեն Բոկեն է, որը 2022թ․-ից ի վեր բազմաթիվ կեղծ լուրեր է տարածել ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում։ Ֆրանսիական «Լիբերասիոնը» պարզել էր, որ Ադրիեն Բոկեն, որը մեդիայում հաճախ ներկայացվում է որպես ֆրանսիական բանակի նախկին հրամանատար, կեղծել է թե՛ իր՝ իբր հումանիտար ուղևորության զգալի մասը Ուկրաինա, թե՛ իր ռազմական կենսագրությունը։ Լրատվամիջոցի հետաքննությունը ցույց էր տվել, որ նա երբեք հրամանատար չի եղել, չի ծառայել որպես բժշկական օժանդակ անձնակազմի անդամ և ընդհանուր առմամբ անցկացրել է երկու տարուց պակաս ակտիվ զինվորական ծառայություն՝ հիմնականում լոգիստիկ բնույթի պաշտոններում։
Ուկրաինական «FreeДом»-ը նմանատիպ լրագրողների մասին պարզել էր, որ նրանք շատ հաճախ դավադրապաշտական և կեղծ լուրերի հայտնի տարածողներ են։
2023 թվականին ԱՄՆ հետախուզությունը պարզեց, որ Ռուսաստանը գործակալների միջոցով ԱՄՆ-ում համակարգված քարոզչություն է տարածում։ Նրանք թիրախավորում են անտեղյակ ամերիկացիներին՝ նրանց հետ անձնական կապեր հաստատելով։ Ռուսական գործակալները մտերմանում են հասարակ քաղաքացիների հետ, ապա սկսում են նրանց փոխանցել Ռուսաստանին ձեռնտու տեղեկություններ։ Առանց գիտակցելու, որ իրենց վրա ազդեցություն է գործադրվում նախապես մշակված ծրագրով, ԱՄՆ քաղաքացիները իրենց անունից տարածում են ռուսական պատումները։ Այդպիսով, լսարանն այդ պատումներն ընդունում է որպես անկախ և օբյեկտիվ տեղեկատվություն, որի հիմքում ընկած են արևմտյան աղբյուրները՝ առանց կասկածելու, որ գործակալները նպաստել են տեղեկատվության տարածմանը։
«Արևմտյան» ներկայացող լրագրողները
«Ստուգված է»-ն արդեն ներկայացրել է «արևմտյան» երկու լրագրողների՝ իռլանդացի Չեյ Բոուզի և գերմանացի Թոմաս Ռոպերի, որոնք համագործակցում են ռուսական պետական լրատվամիջոցների հետ և հաճախ կեղծ տեղեկություններ են տարածում՝ առանց նշելու իրենց առնչությունը ռուսական կողմի հետ։
Հոդվածի հիմք դարձած կեղծ տեղեկությունը վերահրապարակել էր VT Foreign Policy կայքը, որը վերջին ամիսներին հաճախ է ապատեղեկատվություն տարածում Հայաստանի վերաբերյալ։ Նշենք, որ Veterans Today Foreign Policy կայքը վաղուց է հայտնի որպես դավադրապաշտությունների և կեղծ տեղեկությունների հարթակ։ Դեռևս 2017թ․-ին Politico-ն գրել էր, որ այս կայքը համագործակցում է ռուսական կազմակերպությունների հետ։
Հոդվածի այս մասում ներկայացնում ենք ենք VT Foreign Policy կայքում աշխատող, հայկական թեմաներով գրող լրագրողներին։
Դրագո Բոսնիչ

Դրագո Բոսնիչ․ Լուսանկարի աղբյուր Kurir TV
VT Foreign Policy կայքում Հայաստանի մասին քարոզչական նյութերի հեղինակ է ազգությամբ սերբ Դրագո Բոսնիչը։ Նրա գրած հոդվածների հիմնական պատումներն են՝ «2018թ․ հեղափոխությունը իրակացրել են սորոսականները՝ ԱՄՆ աջակցությամբ», «Նիկոլ Փաշինյանը հակառուսական ռեֆորմներ է իրականացնում, փակել է տվել ռուսալեզու դպրոցները և ճնշում է ռուսամետ մեդիան», «Ռուսաստանի հետ կապերի խզումը կարող է կործանել Հայաստանը» և այլն (1, 2 )։
Հայաստանի վերաբերյալ նրա տարածած տեղեկությունները հայտնվել են նաև ռուսալեզու հարթակներում (1, 2)։ Նման հոդվածներից մեկում նա շրջանառել է կրեմլյան ամենահին քարոզչական պատումներից մեկը, ըստ որի՝ ԱՄՆ-ն և Նիկոլ Փաշինյանն օգտագործում են հայաստանցիներին որպես փորձաճագարների Պենտագոնի կենսաբանական զենքի համար։
VT Foreign Policy-ում առկա կենսագրության համաձայն՝ Բոսնիչը ավագ խմբագիր էր Fort Russ News (FRN) կայքում, որը աջ ծայրահեղական հարթակ էր։ FRN-ը զբաղվում էր կրեմլամետ ապատեղեկատվության և քարոզչության տարբեր թեմաների տարածմամբ։ Այս կայքը թարգմանում և տարածում էր օտարերկրյա լսարանների համար նախատեսված կրեմլյան ապատեղեկատվական և քարոզչական նյութեր, ինչպես նաև առաջ էր մղում Կրեմլի հետ առնչություն ունեցող կայքերի, դրանց թվում` այնպիսի կայքերի, որոնք ԱՄՆ կառավարության կողմից ճանաչվել են որպես Ռուսաստանի հատուկ ծառայությունների կամ զինված ուժերի կողմից վերահսկվող կամ նրանց ազդեցության տակ գտնվող։ Ռուսական մեդիան FRN-ը ներկայացրել է որպես «վստահելի արևմտյան աղբյուր» և օգտագործել դրա նյութերը ներքին քարոզչության համար։ Կայքը փակվել է 2022-ի փետրվարին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայից քիչ առաջ։
Բոսնիչը կրեմլյան քարոզչության հարթակ համարվող Russia Today-ում հաճախ հայտնվող անուն է։ Նա մասնակցում է հարցազրույցների և հանդես գալիս որպես աշխարհաքաղաքական ու ռազմական փորձագետ։
Լուկաս Լեյրոզ

Լուկաս Լեյրոզ․ Լուսանկարի աղբյուր՝ belarus.by
VT Foreign Policy կայքում Հայաստանի մասին ամենից շատ հոդվածներ պատրաստողը թերևս Լուկաս Լեյրոզն է։ Նա ներկայանում է որպես բրազիլացի լրագրող և աշխարհաքաղաքական վերլուծաբան։
Հայաստանին վերաբերող նրա հոդվածները հիմնականում դավադրապաշտական տեսություններ են, որոնք որևէ հիմնավորում չունեն։ Դրանք թիրախավորում են Հայաստանի գործող իշխանություններին և քննադատում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ պաշտոնական Երևանի հարաբերությունները։
Ժամանակ առ ժամանակ նրա հրապարակումները հայտնվում են նաև հայկական մեդիայում( 1, 2)։
Լեյրոզի մասին գրել է «Փաստերի ստուգման հարթակը»՝ ուշադրություն հրավիրելով նրա՝ սոցիալական ցանցերում ռուսամետ դիրքորոշման վրա, հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում։
Լեյրոզը նաև ռուսական «Վալդայ» բանավեճային ակումբի հեղինակներից է։ Նշենք, որ ամեն տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում այդ ակումբի նիստերին։
Նրա հոդվածները և տեսակետները ակտիվորոն տարածվում են ռուսական և բելառուսական կառավարամետ կայքերում (1, 2, 3)։
Սքոթ Ռիթեր

Սքոթ Ռիթեր․ Լուսանկարը՝ rcsi.com-ի
Հայաստանի մասին հաճախ ելույթ ունեցող ամերիկացի փորձագետների շարքում է Սքոթ Ռիթերը, որը տարբեր աղբյուրներում ներկայացվում է որպես փորձագետ, ռազմական փորձագետ, ՄԱԿ-ի զենքի տեսուչ։
Ռիթերը հաճախ հարցազրույցներ է տալիս ռուսական պետական լրատվամիջոցներին։ 2022-23թթ․-ին նա Սոլովյովով Լայվ ալիքում սեփական հաղորդում ուներ, որը կոչվում էր «Սքոթ Ռիթերի շոու»։ Այդ հաղորդումների ընթացքում նա հաճախ էր անդրադառնում Հարավային Կովկասին, այդ թվում՝ Հայաստանին։
2025թ․ նոյեմբերին «Ալֆա նյուզին» տված հարցազրույցի ընթացքում Սքոթ Ռիթերը հայտարարել է, որ Երևանի կողմնորոշումը դեպի Վաշինգտոն կարող է հանգեցնել ինքնասպանության տանող առճակատման Ռուսաստանի հետ։ Նրա կարծիքով՝ «Ամերիկան Հայաստանին մղելու է դիմակայության ՌԴ-ի հետ, իսկ երբ Ռուսաստանը պատասխան տա՝ նա պարզապես մի կողմ է քաշվելու և հետևելու, թե ինչպես են ձեզ ոչնչացնում»։ Հարցազրույցի ընթացքում, որը տարածել է նաև «Գոլոս Արմենիի»-ն, Ռիթերը շարունակել է ռուսական հայտնի պատումը, թե ԱՄՆ-ն պարզապես օգտագործում է Հայաստանին, ինչպես Ուկրաինային և Վրաստանին։
Politik.am-ի տարածած տեսանյութերից մեկում Ռիթերը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի միակ բարեկամն է, իսկ գործող վարչապետը երես է թեքել նրանից․ «Թուրքիան և Ադրբեջանը ավելին քան ուրախ կլինեն ոչնչացնելու Հայաստանը։ Եվ անկեղծ ասած հաշվի առնելով, թե ոնց է Հայաստանը վերաբերվել Ռուսաստանին, վերջինիս կարող է ձեռնտու լինել ազատվել այս «հայկական գլխացավանքից»:
Ի դեպ, Ռիթերը 2000-ականներին ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժման գլխավոր ընդդիմախոսներից էր։ 2014թ․-ին ՌԴ-Ուկրաինա հակամարտության մեկնարկից հետո ակտիվորեն աջակցում է Ռուսաստանին։
2011 թվականին նա մեղավոր է ճանաչվել անչափահաս ներկայացող ոստիկանի հետ առցանց կապի ժամանակ սեռական գործողություններ անելու համար։
«International Reporters» գործակալությունը
Բացի վերոնշյալ լրագրողներից և բլոգերներից, գոյություն ունի մի ամբողջական հարթակ, որտեղ միջազգային լրագրողները հիմնականում Ռուսաստանին առնչվող տեղեկատվություն են տարածում։ Խոսքը «International Reporters» լրատվական գործակալության մասին է, որը պաշտոնապես գրանցվել է 2023 թվականին՝ հիմնվելով «Donbass Insider» հարթակի վրա։ Ըստ պաշտոնական կայքի՝ «International Reporters»-ը ստեղծվել է ֆրանսիացի լրագրող Քրիստել Նեանի կողմից՝ «Դոնբասի հակամարտության և համաշխարհային թեժ կետերի մասին բազմալեզու տեղեկատվություն տրամադրելու նպատակով»։ Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության՝ «International Reporters»-ը Կրեմլի կողմից ֆինանսավորվող քարոզչամեքենա է, որը քողարկվում է որպես լրատվամիջոց՝ տարածելու Ռուսաստանի ներխուժումն արդարացնող ապատեղեկատվություն և կեղծ թեզեր:
Հարթակում հաճախ են անդրադառնում Հայաստանին։ Հեղինակների թվում են Դոնբասում երկար տարիներ աշխատած ֆրանսիացի ռազմական թղթակից Լորան Բրայարը, հետազոտող Աննա Անդերսենը, ֆրանսիացի Վինսենտ Պերֆետին և այլն։
Այս լրագրողները հիմնականում տարածում են վաղուց հայտնի ռուսամետ պատումները։ Օրինակ, Լորան Բրայարը, անդրադառնալով ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից նախաստորագրված խաղաղության մասին հայտարարությանը, նշել է, որ սա թակարդ է տարածաշրջանի համար ԱՄՆ-ի կողմից․
«Այս համաձայնագիրը հիմք է նախապատրաստում նոր ողբերգությունների համար մի երկրում, որն արդեն իսկ շատ է տառապել։ Վավերացումից հետո հայկական դիմադրությունն անհնար կդառնա, իսկ երկարաժամկետ հետևանքներն անկանխատեսելի են՝ ներառյալ Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության հնարավոր անհետացումը։ Թուրքիան և Ադրբեջանը չէին էլ կարող ավելին հուսալ։ Իսկ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես իր երկրի վատագույն դավաճաններից մեկը»։
Աննա Անդերսենն էլ ընդգծում է, որ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին հիմնականում ուղղված է Ռուսաստանի ազդեցությանը հակակշիռ ստեղծելուն: Չնայած ֆինանսական աջակցությանը՝ ԵՄ-ն չի փոխարինում Ռուսաստանին որպես ռազմական երաշխավոր, այլ կենտրոնանում է Կրեմլի լծակների թուլացման և պատժամիջոցների վերահսկման վրա:
Ըստ նրա՝ ԵՄ-ն տարածաշրջանում ունի 3 նպատակ․ «Աշխարհաքաղաքական՝ թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: Խորհրդանշական՝ հայ բնակչությանը ցույց տալ ռուսական ազդեցությանն այլընտրանք։ Պատժամիջոցային՝ կանխել Հայաստանի տարածքով Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցների շրջանցումը»։
Այսպիսով, նշված լրագրողների և հեղինակների գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան ազգությամբ ոչ ռուս վերլուծաբաններ, որոնք կայուն կերպով տարածում են ռուսական պետական պատումներ, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ։ Միջազգային լրատվամիջոցները բազմիցս գրել են դեպքերի մասին, երբ նրանց տարածած տեղեկությունները մոլորեցնող են։