Հունվարի 22-ին abcmedia.am-ի լրագրողը հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Թագուհի Ղազարյանին և Արթուր Հովհաննիսյանին, թե ինչպես է պատրաստվում Հայաստանը 1 միլիար դոլար ներդրում կատարել «Խաղաղության խորհրդում» և պնդեց, թե այդ ներդրումը կարևոր նախապայման է։
«Խաղաղության խորհուրդը» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն է, որը նախատեսում է զբաղվել պատերազմներից հետո տարածքների կառավարման, անվտանգության և վերականգնման հարցերով։
Լրագրողի խոսքի ուղիղ մեջբերումը.
«Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահը հրավիրել է «Խաղաղության խորհրդին» մասնակցելու։ Կարևոր նախապայմաններից մեկը 1 միլիարդ դոլարի ներդրումն է։ Արդյոք ինչպես է պատրաստվում 1 միլիար դոլար ներդրումը կատարել, կամ կատարելո՞ւ է, թե՝ ոչ։ Եվ արդյոք ավելի անհրաժեշտ չի՞ Հայաստանի Հանրապետությանը 1 միլիարդ դոլարը, քան «Խաղաղության խորհրդի» ներդրման համար»։
Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ պնդումը պետք է «ճշտվի», և ինքը նման տեղեկատվություն չունի։
Նախորդ օրը խմբակցության մեկ այլ պատգմավոր՝ Սարգիս Խանդանյանն ասել էր, որ 1 միլիարդ դոլարի մասին հայտարարությունը, կարծես, քաղաքական հայտարարություն է եղել և պետք է հասկանալ՝ ինչ է նշվում կանոնադրության մեջ։
«Ստուգված է»-ն փորձել է հասկանալ, թե երբ և ում կողմից են սկսվել 1 միլիարդ դոլար անդամավճարի մասին խոսակցությունները և արդյոք դա քաղաքական հայտարարություն է եղել։
«Խաղաղության խորհրդի» Կանոնադրության նախագծի մասին առաջինը գրել է Bloomberg News-ը՝ 2026-ի հունվարի 17-ին։ Լրատվամիջոցը չէր նշել, թե ինչպես է հասանելիություն ստացել նախագծին, բայց մանրամասներ էր հայտնել։ Մասնավորապես՝ նշվում էր, որ Թրամփի վարչակազմը «Խաղաղության խորհրդի» մշտական անդամության համար խնդրում է առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրում։
Մեջբերում անելով փաստաթղթից՝ Bloomberg-ը գրում է, որ «Յուրաքանչյուր անդամ պետություն կծառայի ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով՝ սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից՝ նախագահի կողմից երկարաձգելու հնարավորությամբ։
3 տարվա անդամակցության ժամկետը չի կիրառվի այն անդամ պետությունների նկատմամբ, որոնք Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում Խաղաղության խորհրդին կտրամադրեն կանխիկ ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար»։
Հունվարի 22-ին արդեն Reuters-ը գրեց իր ձեռքի տակ հայտնված Կանոնադրության նախագծի մասին, որը հաստատում էր Bloomberg-ի պնդումները։
Հղում անելով փաստաթղթին՝ լրատվամիջոցը վերահաստատել էր, որ եթե երկրները չվճարեն 1 միլիարդ դոլար, անդամակցությունը կսահմանափակվի երեք տարով։
Այսպիսով, «Խաղաղության խորհրդի» նիստին մասնակցությունը, բաց աղբյուրների համաձայն, չի ենթադրում մշտական անդամակցություն և 1 միլիարդ դոլարի ներդրում։ Երկրները կարող են դառնալ խորհրդի անդամ 3 տարով, այնուհետև՝ դադարեցնել իրենց անդամակցությունը և չունենալ պարտավորություն վճարելու։
Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» նիստին և կանոնադրության ստորագրման արարողությանը։
Ի պատասխան Factor.am-ի հարցման՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը այսօր հայտնել է, որ «ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով»։
2025 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատեց ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Խաղաղության խորհուրդի» ստեղծումը, սակայն բացառապես Գազայում միջազգային կայունացման ուժերի տեղակայման համար, ընդ որում՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառույցի հիմնական նպատակն էր հետպատերազմյան Գազայի վերակառուցման, ապառազմականացման և կայունության ապահովման կառավարումը:
Բացի Գազայից, դեռևս պարզ չէ, թե «Խաղաղության խորհուրդը» ինչ իրավական լիազորություններ կունենա, կամ ինչպես կաշխատի ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։
Լրատվամիջոցների կողմից՝ նախագծից հրապարակված հատվածների համաձայն՝ Խորհրդի նախագահը՝ Թրամփը, կունենա լայն գործադիր լիազորություններ, ներառյալ վետո կիրառելու և անդամներին հեռացնելու հնարավորություն։