Hraparak.am-ը հունվարի 20-ին անդրադարձել էր (արխ.) Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությանը, ըստ որի՝ նա կաջակցի Մոլդովայի և Ռումինիայի միավորմանը, եթե հարցը դրվի հանրաքվեի։
Խոսելով Քիշնևի՝ Ռումինիային «ինտեգրվելու» գործընթացի մասին՝ լրատվամիջոցը պնդել էր, թե 2023 թվականին Մոլդովայի դպրոցներում սկսել են դասավանդել «Ռումինների պատմություն» առարկան:
«2023 թվականին Մոլդովայի խորհրդարանը նույնպես հաստատեց մոլդովական լեզվի վերանվանումը ռումիներենի, և դպրոցներում սկսեցին դասավանդել «Ռումինների պատմություն» առարկան»,- գրել էր հոդվածի հեղինակ Արա Ալոյանը:
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզեց, որ այս տեղեկությունը սխալ է։
Մոլդովայում պատմության դասագիրքը կոչվել է «Ռումինական և համաշխարհային պատմություն» սկսած 2012 թվականից։ 2012-2013 ուսումնական տարվանից գործող այդ փոփոխությունը ժամանակին ներկայացրել է Մոլդովայի կրթության նախարար Միհայ Սլեհտիչը։
Ավելին, 1991 թ. անկախացումից ի վեր դասագիրքը հիմնականում կոչվել է «Ռումինների պատմություն» (Istoria Românilor)՝ շեշտը դնելով երկու երկրների ընդհանուր անցյալի վրա։
*Մոլդովայի կրթության նախարարության գլխավոր քարտուղար Նատալյա Պորուբինը «Ստուգված է»-ին ասաց, որ 1991-ից 2003 թվականներին Մոլդովայում «Ռումինացիների պատմությունը» դասավանդվել է շաբաթական երեք ժամ, իսկ «Համընդհանուր պատմությունը»՝ շաբաթական երկու ժամ։
«2003-ից 2012 թվականներին «Ռումինացիների պատմությունը» և «Համընդհանուր պատմությունը» միավորվել են՝ կոչվելով «Պատմություն»՝ թողնելով ռումինական պատմության 60%-ը։
2012 թվականից ի վեր առարկան կոչվում է «Համընդհանուր և ռումինական պատմություն»»,- ասաց Նատալյա Պորուբինը։
Մոլդովան Ռումինիայի մաս է կազմել մինչև 1940 թվականը, երբ բռնակցվեց Խորհրդային Միությանը։ 1991-ի Անկախության հռչակագրում ռումիներենն արդեն իսկ սահմանվել էր որպես պաշտոնական լեզու։
Դասագրքի անվանումը մշտապես եղել է քաղաքական օրակարգում։ Որոշ ուժեր պահանջում են «Մոլդովայի պատմություն» (Istoria Moldovei) տարբերակը, մինչդեռ մյուսները պաշտպանում են «Ռումինների պատմությունը»։
Ըստ 2024-ի մարդահամարի տվյալների՝ Մոլդովայի բնակչության 77.2%-ը էթնիկ մոլդովացիներ են, իսկ 7.9%-ը՝ ռումինացիներ, թեև այս երկու ինքնությունների սահմանն ու տարբերությունը հաճախ խիստ պայմանական են։
* Աստղանիշով նշված հատվածն ավելացվել է հունվարի 22-ին, 2026 թվական։