Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Նկարը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամաբ

Հունվարի 17-ին հայկական լրատվադաշտում և սոցիալական ցանցերում տարածվեց տեղեկություն, թե հունգարական բյուջետային ավիափոխադրող Wizz Air-ը 12 օրով դադարեցրել է իր 18 օդանավերի շահագործումը։ Պատճառը, իբր, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից հայտնաբերված 34 խախտումներն են։

«Հունգարական ավիաընկերությունը պարտավոր է անհապաղ գետնին պահել 18 օդանավ, մինչև վերացվեն ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) տեսուչների կողմից արձանագրված խնդիրները՝ կապված տեխնիկական սպասարկման փաստաթղթերի բացերի, օդաչուների պատրաստվածության թերությունների և շահագործման ընթացակարգերի խախտումների հետ»,- գրել են լրատվամիջոցները՝ առանց նշելու, թե որն է տեղեկության աղբյուրը։

Այս լուրը տարածել էր Araratnews.am-ը (արխ․), ընդ որում՝ սոցցանցերի տարբեր էջերումմի քանի անգամ։

Էկրանապատկերը՝ araratnews.am-ի ինստագրամյան էջից

Այնուհետև լուրը տարածել էին նաև Tert.am (արխ․), Infoport.am (արխ․), Zarkerak.am (արխ․) լրատվամիջոցները՝ բովանդակության մեջ չկատարելով որևէ փոփոխություն։

«Ստուգված է»-ն պարզեց, որ այս տեղեկությունը սխալ է։

Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) նման հայտարարություն չի տարածել։ Նման տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել նաև Wizz Air-ի պաշտոնական կայքում։ Այդ մասին չի գրել նաև միջազգային որևէ հեղինակավոր լրատվամիջոց։

Մենք խոսեցինք նաև Araratnews-ի խմբագրակազմի հետ՝ պարզելու, թե որն է նրանց տեղեկության աղբյուրը, սակայն լրատվամիջոցի ներկայացուցիչը չկարողացավ կոնկրետ աղբյուր նշել։ Նրա պնդմամբ՝ լուրը վերցվել է համացանցից, անգլալեզու աղբյուրից։

             Ինչ է եղել իրականում

Wizz Air-ն իսկապես ունի չշահագործվող օդանավեր, սակայն պատճառը ոչ թե կարգավորող մարմնի պատժամիջոցները, այլ Pratt & Whitney ընկերության արտադրած շարժիչների համատարած տեխնիկական խնդիրներն են։

Pratt & Whitney-ը ինքնաթիռների շարժիչ արտադրող՝ աշխարհի խոշորագույն ընկերություններից է։ Կազմակերպության շարժիչներն օգտագործվում են բազմաթիվ ավիաընկերությունների ինքնաթիռներում, այդ թվում՝ Airbus A320neo ընտանիքի ինքնաթիռներում։

2023-2024 թթ. ընթացքում աշխարհի բազմաթիվ ավիաընկերություններ, այդ թվում՝ Wizz Air-ը, ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել իրենց Airbus A320neo ընտանիքի օդանավերի մի մասի թռիչքները՝ շարժիչների հետ կապված հնարավոր խնդիրները ստուգելու համար։

«Cirium» ավիացիոն տվյալների և վերլուծության ընկերության զեկույցի համաձայն՝ 2024-ին շուրջ 600 PW1100G շարժիչներով ինքնաթիռներ պահվել են պահեստում՝ ստուգման նպատակով։

Շարժիչի խնդիրը սկսեց զգալիորեն
ազդել Wizz Air-ի օդային նավատորմի վրա 2024 թվականի սկզբին: Հունվարի 1-ից մինչև փետրվարի կեսերը A320-271N ինքնաթիռով ոչ մի չվերթ չի իրականացվել։ Այդ տարի Wizz Air-ը հայտարարել էր, որ 40 օդանավ չի շահագործվի մինչև 2026 ֆինանսական տարվա ավարտ:

Wizz Air-ի ղեկավարությունը 2025-ի հոկտեմբերին հայտարարել էր, որ չշահագործվող ինքնաթիռների թիվը իջել է 38-ի։ Նշվում էր, որ ընկերությունը ծրագրում է ամբողջությամբ վերականգնել ավիապարկի աշխատանքը և բոլոր ինքնաթիռները երկինք վերադարձնել մինչև 2027 թվականի ավարտը։

2026-ի հունվարի 14-ին Wizz Air-ի գործադիր տնօրեն Յոզեֆ Վարադին հույս է հայտնել, որ 2026 թվականին իրենց թողունակությունը կաճի 20%-ով։ 

Ամփոփելով՝ տեղեկությունը, թե Wizz Air-ը 12 օրով դադարեցրել է իր 18 օդանավի շահագործումը 34 խախտումների պատճառով, սխալ է։ Չկա որևէ պաշտոնական կամ հավաստի աղբյուր, որը կհաստատի այդ տեղեկությունը։

Ավիաընկերությունն ունի տեխնիկական դժվարություններ, որոնք, սակայն, կապված են շարժիչներ արտադրող գործարանի հետկանչի հետ։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել