Հաջորդ տարվանից Հայաստանում ներդրվելու է անկանխիկ առևտրից համընդհանուր հետվճարի (քեշբեք) համակարգ: Հոկտեմբերի 27-ին՝ 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, այդ մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր hետվճարի համակարգ: Բոլոր քաղաքացիները՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,- ասել էր նա։
Լրատվամիջոցները ևս, մեջբերելով Փաշինյանին, գրել էին, որ բոլոր քաղաքացիները կկարողանան օգտվել հետվճարից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը իր Տիկտոկի էջում ևս պնդել էր, թե հունվարի 1-ից բոլոր քաղաքացիները կկարողանան անկանխիկ եղանակով վճարումների դիմաց 2%-ի չափով քեշբեք ստանալ։
Իրականում այս տեղեկությունը մոլորեցնող է, քանի որ Ֆինանսների նախարարության հրապարակած նախագծի համաձայն՝ հետվճարից կարող են օգտվել ոչ թե բոլոր քաղաքացիները, այլ միայն «Արմենիան Քարդ»-ի (ԱրՔա/ArCa) քարտապանները, այսինքն «ԱրՔա» քարտ ունեցող անձինք։ Իսկ Հայաստանում ոչ բոլոր բանկերն են թողարկում «ԱրՔա» քարտ։ Օրինակ, Ինեկոբանկը չունի նման քարտատեսակ: Մեզ հետ զրույցում բանկից հաստատեցին դա։
«Արմենիան Քարդ»-ը Հայաստանի ազգային վճարահաշվարկային համակարգն է: Այն երկրի քարտային շուկայի հիմնական ենթակառուցվածքն է, որն ապահովում է վճարային քարտերով գործառնությունների իրականացումը, մշակումը (պրոցեսինգը) և բանկերի միջև փոխհաշվարկները։ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000 թվականին։
Նոյեմբերի 27-ին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության նիստում ասաց, որ 2%-ի չափով հետվճարի նախագիծն արդեն շրջանառել են, մեկ-երկու շաբաթում նախագիծը կհաստատեն և կմեկնարկեն հունվարի 1-ից։
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ փորձեց պարզաբանել․
«Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի, երբ առևտրի համար վճարեց անկանխիկ, այդ անկանխիկ վճարումների 2%-ը ինքը հետվճար է ստանալու նույն քարտին ինքնաշխատ եղանակով»։
Նախարարն ընդգծեց՝ դա վերաբերում է «ԱրՔա» քարտերին։
Վարչապետը շարունակեց՝ «հայաստանյան քարտերին»։ Նախարարը համաձայնության նշան ցույց տվեց։
Մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, հայաստանյան ոչ բոլոր քարտերն են «ԱրՔա»։
Կենտրոնական բանկի՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալները փաստում են, որ ՀՀ բանկերի կողմից թողարկված, շրջանառության մեջ գտնվող 668,024 «ԱրՔա» դեբետային քարտ կա, որոնք պատկանում են ֆիզիկական անձանց։ Ընդ որում՝ սա չի արտահայտում քարտապանների թիվը, քանի որ միևնույն անձը կարող է մի քանի «ԱրՔա» քարտ ունենալ։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի, Հասմիկ Հակոբյանի և որոշ լրատվամիջոցների տեղեկությունը, թե հունվարի 1-ից բոլոր քաղաքացիները կկարողանան անկանխիկ եղանակով վճարումների դիմաց 2%-ի չափով հետվճար ստանալ, մոլորեցնող է։ Ըստ նախագծի՝ հետվճար կարող են ստանալ միայն «ԱրՔա» քարտ ունեցող անձինք։ Ստացվում է, որ այն մարդիկ, որոնք չունեն այդ քարտատեսակը, պետք է ձեռք բերեն այն՝ հետվճարից օգտվելու համար։