Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ

2025 թվականի սեպտեմբերի 22-ին Տելեգրամում ստեղծվել է Անի Կարապետյան անունով մի օգտահաշիվ, որն իր ալիքում տարածում է կիսամերկ տեսանյութեր և լուսանկարներ։ Կարճ ժամանակում այն հավաքել է ավելի քան 11 հազար հետևորդ։

Սեպտեմբերի 30-ից օգտահաշիվը ստեղծել է նաև իր ինստագրամյան էջը, որի նկարագրության հատվածում նշված է՝ «Ուրախ աղջիկ Երևանից»։ Էջի բովանդակությունը նույնն է՝ կիսամերկ կամ շատ բաց հագուստով տեսանյութեր և լուսանկարներ։

Այստեղ Անի արդեն ունի ավելի քան 68 հազար հետևորդ. սա մի թիվ է, որին շատ բլոգերներ չեն կարողանում հասնել նույնիսկ տարիների աշխատանքի արդյունքում։

Մեկնաբանություններում օգտատերերի կարծիքները բաժանվում են երկու մասի. շատերը քննադատում են նրան «չափից դուրս բաց» լինելու համար, իսկ ոմանք էլ հիացական խոսքեր են գրում ու ժամադրության հրավիրում։ Դատելով արձագանքներից՝ հետևորդները վստահ են, որ Անին իրական մարդ է։ Ինքը՝ «մոդելը», նույնպես պահում է խաղի այդ կանոնները. դեկտեմբերի 20-ին նա նույնիսկ «բողոքել էր», թե իբր իր նկարները գողացել են և կեղծ էջ բացել՝ գումար վաստակելու նպատակով։

Էկրանապատկերը՝ «Անի Կարապետյան» անունով ինստագրամյան էջից

Իրականում «Անի Կարապետյան» կերպարը ստեղծվել է արհեստական բանականության (ԱԲ) կիրառությամբ, թեև այդ մասին նրա սոցցանցերում ոչ մի հիշատակում չկա։ Նա հանդես է գալիս որպես իրական մարդ։


Ինչպես պարզեցինք, որ կերպարը ստեղծել է ԱԲ-ն

Տելեգրամյան էջում Անի Կարապետյանը պարբերաբար կոչ է անում հետևորդներին այցելել fanvue.com կայք՝ «բացառիկ» և ամբողջական տեսանյութեր դիտելու համար։

Էկրանապատկերը՝ «Անի Կարապետյան» անունով տելեգրամյան ալիքից

Էջի տեխնիկական նկարագրության մեջ նշված է՝ «Պատկերները բարելավվել կամ ստեղծվել են արհեստական բանականության միջոցով՝ ստեղծագործական նպատակներով»։

Էկրանապատկերը՝ «Անի Կարապետյան» անունով Fanvue-ի էջից

Fanvue.com-ը հայտնի հարթակ է բովանդակություն ստեղծողների (content creators) համար: Հեղինակներն այստեղ տեղադրում են ավելի բաց կամ «բացառիկ» լուսանկարներ և տեսանյութեր, որոնք չկան սոցցանցերում, իսկ օգտատերերը բաժանորդագրվում են դրանք դիտելու համար՝ վճարովի հիմունքներով: Նմանատիպ կայքերը սովորաբար ունեն չափահասների համար նախատեսված (18+) բովանդակություն։

Հետաքրքիր է, որ 2025 թվականից Fanvue.com-ը ոչ միայն թույլատրում է, այլև խրախուսում է արհեստական բանականությամբ ստեղծված կերպարների մուտքը, սակայն մի պայմանով՝ օգտահաշիվը պետք է հստակ նշի, որ ստեղծված է ԱԲ-ի կողմից։

Այս հարթակում Անի Կարապետյան անունով էջին բաժանորդագրվելն արժե ամսական մոտ 6000 դրամ։ 

Էկրանապատկերը՝ «Անի Կարապետյան» անունով ինստագրամյան էջից

Բացի դրանից, Անի Կարապաետյանի տեսանյութերը որքան էլ իրականին մոտ են, ամեն դեպքում ունեն ԱԲ-ին բնորոշ անհարթություններ։ Օրինակ՝ դեկտեմբերի 8-ին հրապարակված այս տեսանյութում Անիի հետևի ֆոնի դուռը մեկ հայտնվում, մեկ՝ անհետանում է։

Այլ հայտնի օրինակներ

 

Այսօր ԱԲ ազդեցիկ դեմքերը լուրջ բիզնես նախագծեր են։

Fanvue.com-ում հայտնի մյուս ԱԲ մոդելներից է (AI influencers) Այտանա Լոպեզը՝ Բարսելոնայից։ Այն ունի հարյուր հազարավոր հետևորդներ և ամսական վաստակում է 3,000-ից մինչև 10,000 եվրո: Նա շատ ակտիվ է նաև ինստագրամում, որտեղ ունի 386 հազար հետևորդ։ Լոպեզին ներգրավում են գովազդային արշավներում, որտեղ նախկինում միայն իրական մոդելներ էին աշխատում: 

Մեկ այլ ԱԲ կերպար է Էմիլի Պելեգրինին, որը մի քանի ամսում Fanvue-ում վաստակել է ավելի քան 10,000 դոլար: Նա հայտնի դարձավ, երբ նույնիսկ հեղինակավոր ֆուտբոլիստներ և միլիարդատերեր էին նրան ժամադրում և նամակներ գրում՝ չկասկածելով, որ նա իրական մարդ չէ։ Ինստագրամում Պելեգրինին ունի ավելի քան 541 հազար հետևորդ։ Նա անգամ «նկարներ» ունի ամերիկացի միլիարդատեր, xAI ընկերության ղեկավար Իլոն Մասկի հետ։ 

Երկու մոդելների դեպքում էլ նշվում է, որ նրանք ստեղծված են ԱԲ-ի կողմից։


Ինչպես են նրանք աշխատում

 

ԱԲ-ով ստեղծված մոդելների հեղինակները օգտագործում են Midjourney, Stable Diffusion կամ այլ գործիքներ՝ ստեղծելու կոնկրետ արտաքինով կերպար։ Նրանք ստեղծում են կյանքի պատմություն, նկարներ են տեղադրում «արձակուրդներից», «մարզասրահից» և վաճառում են բաժանորդագրություններ կամ բովանդակություն այնպես, ինչպես իրական մոդելները։

Այս մոդելները ստեղծվում են որպես բիզնես նախագծեր: Դրանք «թվային տիկնիկներ» են, որոնց հետևում կանգնած են տեխնիկական մասնագետներ և մարքեթոլոգներ:

Այսօր Անի Կարապետյանը դարձել է այդ բիզնեսի հայկական տարբերակը։ Սակայն այս դեպքում վտանգն այն է, որ վերջինս իր սոցհարթակներում չի նշում, որ ստեղծված է արհեստական բանականություն կողմից՝ ինչպես Անիտա Լոպեզի կամ Էմիլի Պելեգրինիի դեպքում է։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել