Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը Երևանում։

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները մեդիայում քննարկման առանցքային թեմաներից էին Երևանում ու Բաքվում։

Հայաստան

Քաղաքացիական այց Բաքու․ երկխոսության հնարավորություն, թե ներքաղաքական տարակարծության նոր աղբյուր

«Խաղաղության կամուրջ» անունը ստացած նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 21-22-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը Բաքվում էր։ 

Խմբի կազմում են եղել Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սուլթանյանը, քաղաքագետ Նարեկ Մինասյանը, Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և պատմաբան Սամվել Մելիքսեթյանը։ Նրանք Բաքվում հանդիպել են ադրբեջանցի գործընկերներ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։ Այցի շրջանակում նախաձեռնության անդամները հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ 

Վերադարձից անմիջապես հետո Բաքու այցելած գործիչները ասուլիսում կիսվեցին տպավորություններով, ասացին՝ իրենց անվտանգ են զգացել, այցելել են տեսարժան վայրեր, թանգարաններ։ Արեգ Քոչինյանը միանգամից ասաց՝ այցերը շարունակական են լինելու՝ տարբեր ձևաչափերով ու երկու երկրներում։

Ասուլիսում նա փոխանցեց Հաջիևի ուղերձները՝ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, ցանկանում են գնալ դեպի խաղաղություն, ավելին, Հայաստանի հետ ցանկանում են կառուցել երկարաժամկետ խաղաղություն և վերջապես՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չունի։

«Հաջիևը Իլհամ Ալիևի համար ավելին է, քան օգնականը։ Նա շատ լուրջ մարդ է, և նա մասնակցում է հիմնականորեն բոլոր բանակցություններին և գլխավոր մարդն է, գոնե մեկ երկուսից, որի հետ խորհրդակցում է նախագահը»,- այս ուղերձներին Հանրային հեռուստատեսության եթերում այսպես արձագանքեց ՀՀ առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։

Մինչ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այցը համարում են կարևոր շփում և փոխադարձ վստահության ամրապնդման փոքր, բայց անհրաժեշտ քայլ, Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ու փորձագիտական շրջանակները առավել քննադատական են տրամադրված՝ այցը համարելով Ադրբեջանի քաղաքական օրակարգին ծառայող գործընթաց։ 

Բաքվում կալանքի տակ պահվող հայերի վերադարձի հարցը 

Քաղաքական դաշտում քաղհասարակության ներկայացուցիչների այցը Բաքու ակտիվ քննադատողներից էին Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները։

Ազգային ժողովի ընդդիմադիր և մեծությամբ երկրորդ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը քաղհասարակության ներկայացուցիչների՝ Ադրբեջան կատարած այցին արձագանքել էր հեգնանքով․ «Ակնհայտ է, որ այդ հինգը չեն պահանջելու ազատ արձակել հայ գերիներին, չեն անդրադառնալու արցախցիների վերադարձի իրավունքին, չեն խոսելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, չեմ կարծում, թե կպահանջեն Հայաստանից դուրս հանել ադրբեջանական զավթիչ ուժերը և վերացնել Հայաստանի շրջափակումը․․․․ Բա ի՞նչ են քննարկելու․ ինչպե՞ս սիրել զմիմեանս և Նիկոլ Փաշինյանին»։

Նրա կուսակից պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ Factor TV-ի եթերում նկատել էր, որ խնդիրը ոչ թե բուն այցն է կամ բանակցությունները, այլ դրանց օրակարգն ու արդյունքները․ «Խոշոր հաշվով ես խնդիր չունեմ ոչ Բաքու այցի հետ, ոչ բանակցությունների հետ, ոչ փոխադարձ այցերի հետ։ Ես խնդիր ունեմ այդ այցերի օրակարգի հետ… Ես հարցնում եմ՝ տեղյա՞կ էին այդ մարդիկ, որ Բաքվում գերիներ ունենք մենք։ Գիտե՞ն, որ տենց բան կա… Եթե հնարավորություն կա, գնալ Բաքու, [պետք է] տեսակցել հայ ռազմագերիներին։ Որովհետև մենք չունենք տեղեկություններ՝ այդ մարդիկ ինչ վիճակում են»,- ասել է Վարդանյանը։ 

Պարզվեց, որ քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում կալանքի տակ պահվող հայերի թեման բարձրացրել են Բաքվում, Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։ «Ոչ մի սահմանափակում չի կիրառվել մեզ վրա, որ գերիների հարցը չբարձրացնենք։ Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն ու հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա վստահության զգացողություն։ Արդյունքում հույս ունենք՝ այս խնդիրները արագ կլուծվեն»,- նույն ասուլիսում ասաց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սուլթանյանը։ Հաջիևը, նրա փոխանցմամբ, հավաստիացրել է՝ այդ հարցով ակտիվ բանակցություններ են ընթանում։ 

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը մանրամասնեց՝ իրենց համար Բաքվում կալանքի տակ պահվող հայերին տեսակցելը առաջնահերթություն չի եղել, այլ առավել կարևորել են նրանց վերադարձի հարցը։ «Այդ հարցը քննարկվում է, այն միգուցե կստանա որոշակի լուծում, բայց ինչ լուծում կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ»,- հավելեց Նավասարդյանը։

Քաղաքացիական հասարակության անկախության մասին

Այցի շուրջ քննարկումներում առավել շատ կրկնվող հարցադրումն առնչվում է հենց քաղաքացիական հասարակության անկախությանը։ Քննադատները պնդում են, որ Հայաստանից Բաքու մեկնած ներկայացուցիչները լիովին չեն կարող հանդես գալ որպես անկախ քաղաքացիական դերակատարներ։ Մյուս կողմից՝ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի քաղհասարակության անկախությունը, որի համաձայն, Ադրբեջանի քաղաքական համակարգում անկախ քաղաքացիական հասարակություն գործնականում գոյություն չունի․ հասարակական կազմակերպությունները գործում են իշխանության խիստ վերահսկողության ներքո, ընդդիմադիր նախաձեռնությունները ճնշվում են, 

«Ալիևի և նրա հանցակից Փաշինյանի նշյալ բոլոր փորձերը ձախողված են։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպում է ունեցել իր ազդեցության գործակալների հետ․ դրանք հայ ժողովրդի և Հայաստանի քաղհասարակության հետ ոչ մի կապ չունեն»,- ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Իշխան Սաղաթելյանի կարծիքն է։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանի դիրքորոշումը արմատական էր․ «Առհասարակ, ի՞նչ է նշանակում քաղհասարակության ներկայացուցիչներ, նրանք աշխատավարձով Փաշինյանին գովերգող մարդիկ են։ Դե իսկ Ադրբեջանում քաղհասարակություն հասկացությունը առհասարակ նոնսենս է քաղաքագիտական տեսանկյունից։  Ադրբեջանում քաղհասարակություն լինել չի կարող։ Ուստի երկու ֆեյքերի հանդիպումը եկեք ես չմեկնաբանեմ»։ Նրա խոսքով, գործընթացից «միակ արդյունավետությունը» կլինի Բաքվում սև իկրա ուտելը։ 

Սակայն գործընթացի մասնակիցները և մի շարք այլ փորձագետներ այս գնահատականը մերժում են՝ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիական սեկտորը բազմաշերտ է, ունի տարբեր դիրքորոշումներ և չի ներկայացնում իշխանական կամ ընդդիմադիր դիրքեր։ Նրանց խոսքով՝ նման նախաձեռնությունները հենց քաղաքացիական հասարակության ուժն ու ինքնուրույնությունն են ցույց տալիս, քանի որ նման ձևաչափով շփումները պետական կառույցների վերականգնված կամ չկայացած վստահության պայմաններում կարող են լրացնել դիվանագիտական բացերը և ստեղծել ուղիղ կապեր հասարակությունների միջև։

Այս հայտարարություններին Արեգ Քոչինյանը կտրուկ է արձագանքում․ «Ով դեմ է խոսում հայ–ադրբեջանական, հայ–թուրքական կարգավորմանը կա՛մ օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կա՛մ ապաքաղաքական ապուշ է, որը չի հասկանում՝ ինչ է խոսում»։ Նրա խոսքով, քաղաքական գործիչները նեղսրտած են, վախ ունեն ու անվստահ են և այդպես վարվում իրենց քաղաքական շահերի համար։ 

«Ասում են՝ ինչպես կարելի է գնալ Բաքու, երբ հայ զինվորի արյուն է թափվել, կամ այնտեղ գերիներ կան,- ընդդիմախոսների հարցերն է բարձրացնում պատմաբան Սամվել Մելիքսեթյանը ու անմիջապես էլ պատասխանում,- Հենց դրա համար էլ պետք է գնալ, որ ավելի շատ արյուն չթափվի: Ես վստահ եմ, որ կարող ենք հասնել խաղաղության, եթե վստահ չլինեի, չէի գնա»:

Պատմաբանը համեմատում է հետխորհրդային բոլոր ժամանակների հակամարտությունները և ընդգծում՝ ոչ մի հակամարտության դեպքում նման «տոտալ բաժանում, սահմանների փակում, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն, շփումների նկատմամբ ագրեսիվ մոտեցում» չի եղել։ «Նորմալ չի երբ այցերը, շփումները, կոնտակտները դիտարկում են դավաճանություն կամ դիվերսիա։ Ո՛չ։ նույնիսկ եթե պատերազմական գործողություններ են, դու պետք է բանակցես։ Ես անկեղծ եմ իմ համոզմունքների մեջ ու վստահ եմ, որ կարելի է հասնել հայ–ադրբեջանական խաղաղության»,- ասում է Սամվել Մելիքսեթյանը։

Այսպիսով, «Խաղաղության կամուրջը» պատնեշներ է գցել Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում։ Բաքու-Երևան և հակառակ ուղություններով փոխադարձ այցերի ու շփումների շուրջ թեժ բանավեճը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը շարունակում է մնալ զգայուն թեմա։

Հասմիկ Համբարձումյան

Ադրբեջան

«Խաղաղության կամուրջ». Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության հայեցակետերը

Այս տարվա օգոստոսի 8-ին Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների կողմից ստորագրված Վաշինգտոնյան հայտարարությունից հետո մի շարք շարունակական քայլեր ձեռնարկվեցին՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Դրանցից ամենանշանավորը դարձան Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները։

Այս հանդիպումների գլխավոր առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ դրանք կազմակերպվել էին բացառապես կողմերի կողմից՝ առանց միջնորդների մասնակցության։ Առաջին նման հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 21-22-ը Երևանում։

Երբ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, բազմաթիվ լրատվամիջոցներ և փորձագետներ հայտարարեցին, որ սա AZAL-ի առաջին վայրէջքն է Երևանում 30 տարվա ընթացքում, թեև քիչ անց որոշ մասնագետներ հիշեցրին, որ ուղիղ չվերթներ իրականացվել են նաև 2006 և 2011 թվականներին։

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը Երևանում։

Ադրբեջանական մամուլը պատվիրակության այցը Հայաստան որակեց որպես «պատմական քայլ»։ Report տեղեկատվական գործակալության վերլուծական հոդվածում նշվում էր, որ առանց միջնորդների հանդիպումները խթանում են խաղաղության օրակարգը.    «Խաղաղության օրակարգի կարևոր գործոնն այն է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդիպում և խոսում են առանց միջնորդների՝ միայն իրենց կառավարությունների աջակցությամբ։ Ինքնուրույն կազմակերպված հանդիպումները լրացուցիչ պատասխանատվություն են ստեղծում խաղաղ գործընթացի կողմերի համար»։

Քննարկումների ընթացքում շոշափվեցին հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հնարավոր ուղղությունները, հումանիտար հարցերը, տնտեսական և լոգիստիկ հեռանկարները՝ կարգավորման ֆոնին, ինչպես նաև վստահության ամրապնդման հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն էր դարձվում համատեղ գործողությունների ծրագրերի մշակմանը և հետագա համագործակցության հեռանկարներին։

Պատվիրակությունը հանդիպեց նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Նա նշեց. «Ես բարձր գնահատեցի նման հանդիպումների անցկացումը՝ որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, քանի որ դրանք ուղղված են մարդկանց միջև դրական շփումների հաստատմանը։ Ես ընդգծեցի, որ հասարակության տարբեր շերտերին այս աշխատանքում ներգրավելը միայն կնպաստի խաղաղության ամրապնդմանը»։

Երևանից վերադառնալուց հետո քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, ելույթ ունենալով ITV Հանրային ալիքով, ասաց, որ նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն խաղաղության օրակարգը առաջ մղելու համար։ Նա կիսվեց ուղևորության հետ կապված իր տպավորություններով, ասաց, որ հանդիպման հայ մասնակիցներն աջակցում էին մեր երկրների միջև խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործընթացին, իսկ թե արդյոք հասարակությունն ամբողջությամբ է այն աջակցում, հայտնի կդառնա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։

«Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը Յություբյան ալիքներից մեկին տված հարցազրույցում հայտնեց, որ հայ հասարակության կողմից այցը միանշանակ չի ընդունվել։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական գործընթացներով։ Նա ընդգծեց, որ իրականության ընկալումը հաճախ աղավաղվում է մեդիա ֆոնի կողմից, և վստահություն հայտնեց, որ նման ուղևորությունների թվի աճին զուգահեռ դրանց նկատմամբ հասարակական վերաբերմունքը կդառնա ավելի դրական։

Ադրբեջանական պատվիրակությունը մասնակցել է նաև մշակութային միջոցառումների և էքսկուրսիաների։ Հուսեյնովը նշեց, որ Երևանի թանգարանում, որտեղ նրանք եղել են, թե՛ ղեկավարությունը, թե՛ թանգարանի աշխատակիցները նրանց չափազանց քաղաքավարի են դիմավորել։

Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 21-22-ը, Հայաստանի քաղաքացիական հասարակության հինգ  ներկայացուցիչներ ժամանեցին Բաքու։ Նրանցից մեկը՝ լրագրող Բորիս Նավասարդյանը, Բաքու էր այցելել վերջին անգամ 2011 թվականին, մյուսները եկել էին առաջին անգամ։

Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ փորձագետների հանդիպումը տևել է մոտ ութ ժամ։ Դրա արդյունքներով կողմերը հայտարարեցին, որ նախաձեռնությունը ստացել է «Խաղաղության կամուրջ» անվանումը։ Ադրբեջանի ՀԿ-ների Ազգային ֆորումի Կառավարման խորհրդի նախագահ Ռամիլ Իսքենդերլին հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԶԼՄ-ների ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագետների միջև ուղիղ շփումների ընդլայնման և քաղաքացիական հասարակությունների ավելի լայն ներգրավման մասին խաղաղ գործընթացում։

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը Բաքվում։

Ադրբեջանի Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնպես հանդիպեց պատվիրակությունների հետ և պատասխանեց հյուրերի հարցերին։ Նրանց համար կազմակերպվեց էքսկուրսիա Բաքվով, ներառյալ Հեյդար Ալիևի կենտրոն, Բուսաբանական այգի, Շիրվանշահերի պալատ, Ղզղալասը (Կույսի աշտարակ) և Իչարիշահար (Ներքին քաղաք) այցելությունները։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցում, որը գործում է որպես գրադարան, հյուրերին տեղեկացվեց ֆոնդում պահվող հայերեն 5000 գրքերի մասին։

Հայ փորձագետները հարցազրույցներ տվեցին ադրբեջանական լրատվամիջոցներին։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը քաղաքում զբոսնելուց հետո CBC ալիքին պատմեց իր տպավորությունների մասին։ Նա ընդգծեց, որ երկու ժողովուրդների միջև ավելի շատ նմանություններ կան, քան շատերն են կարծում, և որ այդ նմանությունները պետք է դառնան փոխըմբռնման, այլ ոչ թե օտարացման հիմք։

Մելիքսեթյանը պատմեց նաև, որ հայերենով շփվել է մի ադրբեջանցու հետ, որը տարիներ առաջ ստիպված է եղել արտագաղթել Հայաստանից։ Այն, որ ժամանակին չի հաջողվել կանխել մեծ թվով մարդկանց փոխադարձ տառապանքը, նա ողբերգություն է անվանել. «Սա մեր ժողովուրդների մեծագույն ողբերգությունն է. մենք չկարողացանք վերահսկել մեր հույզերը։ Այն ժամանակ Հայաստանից ադրբեջանցիները նաև հայ մշակույթի կրողներն էին, ճիշտ այդպես էլ Ադրբեջանում բնակվող հայերը ադրբեջանական մշակույթի մասն էին»։

Բաքու այցելած հայկական պատվիրակության մեկ այլ անդամ՝ Բորիս Նավասարդյանը, CBC-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ կարևոր է համարում տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ համատեղ ֆորումի անցկացումը։ Նա նշեց, որ նախկինում նման նախաձեռնությունները հիմնականում գալիս էին երրորդ երկրներից կամ միջազգային կազմակերպություններից, իսկ այժմ իրական հնարավորություն է ստեղծվել ուղիղ երկկողմ նախաձեռնություններ իրականացնելու համար։ «Դա չի նշանակում, որ մենք չենք հրավիրելու մեր գործընկերներին այլ երկրներից, սակայն օրակարգը և քննարկման հարցերը պետք է որոշվեն Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից»։

Նավասարդյանը նաև ընդգծեց բնակչության ավելի լայն շերտերի՝ սկսած սահմանամերձ շրջանների բնակիչներից մինչև բիզնեսի ներկայացուցիչներ, խաղաղապահ գործընթացում ներգրավելու կարևորությունը, քանի որ նման շփումները կարող են վստահության վերականգնման հիմք դառնալ։ 

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը Բաքվում

«Ես կարծում եմ, որ նման նորմալ, կենդանի շփումը այն մարդկանց հետ, որոնց մենք հանդիպում ենք սրճարաններում, ռեստորաններում, թանգարաններում, բուսաբանական այգում, Բաքվի բնակիչների հետ՝ ցուցանիշ է այն բանի, որ մենք լավ հեռանկարներ ունենք», – հավելեց նա։

ITV ալիքին տված հարցազրույցում ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Ֆարհադ Մամեդովը հայտնեց, որ հայկական պատվիրակությունը բարձրացրել է նաև «այն անձանց ազատ արձակման հարցը, որոնց նկատմամբ Բաքվում շարունակվում է դատական գործընթացը՝ ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով»։ Այս մասին խոսվել է նաև նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը։ Հայաստանում նման քայլը համարում են կարևոր՝ խաղաղության օրակարգի նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար։ Ի պատասխան՝ Հիքմեթ Հաջիևը նշեց, որ Ադրբեջանն այս հարցի շուրջ ունի պարզ և հստակ դիրքորոշում։ Երևանից ժամանած հանդիպման մասնակիցների միջոցով նա հայ հասարակությանը կարևոր ուղերձ փոխանցեց այն մասին, որ Ադրբեջանի համար պատերազմն ավարտվել է և հակամարտությունն ավարտված է։

Չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում դրական գնահատականներին, սոցիալական ցանցերում պահպանվում է նաև թերահավատություն, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները կարող են բերել ցանկալի արդյունքներ։ Անորոշության լրացուցիչ գործոն են Հայաստանում 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Հաշվի առնելով, որ Հայաստանի ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին, շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության պարտության կամ նրա կողմից խորհրդարանական մեծամասնությունը կորցնելու դեպքում երկխոսությունը կարող է ընդհատվել։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը նպատակ ունի երկու հասարակություններին նախապատրաստել առավելագույնս կայուն խաղաղության հնարավորինս սեղմ ժամկետներում։

Կողմերը հայտարարել են «Խաղաղության կամուրջ»-ի մասնակիցների կազմն ընդլայնելու և երկխոսության մեջ հասարակության տարբեր շերտերի մարդկանց ներգրավելու մտադրության մասին։

Թեև երկար տարիներ նման հանդիպումներն անցկացվում էին աշխարհի տարբեր երկրներում առանց լայն հրապարակայնության, այսօր դրանց բաց լուսաբանումը ԶԼՄ-ներում գործընթացը դարձնում է ավելի թափանցիկ և լրացուցիչ պատասխանատվություն է դնում կողմերի վրա։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանում կարծում են, որ երկխոսության կայունությունը մեծապես կախված է Հայաստանի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից և դրանց արդյունքներից։

Pressklub.az

Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում: