Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում։ Դեկտեմբերի 3, 2025

Դեկտեմբերի 3-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչու Կառավարությունը, ի թիվս այլ փաստաթղթերի, չի հրապարակել նաև Քի Վեսթի փաստաթուղթը։

Դեկտեմբերի 2-ին Կառավարությունը հրապարակել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնցում, սակայն, չկար նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2001-ին բանակցված Քի Վեսթը։

Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի, որը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Քի Վեսթի փաստաթղթի բովանդակությանը, 2001-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԱՄՆ-ի Քի Վեսթ քաղաքում ներկայացրին հակամարտության կարգավորման տարբերակ, որով Լեռնային Ղարաբաղը պետք է միանար Հայաստանին։

Լրագրողի հոդվածի համաձայն՝ Քի Վեսթի գրավոր առաջարկով նախատեսվում էր Արցախը Լաչինի միջանցքով միացնել Հայաստանին։ Իսկ Ադրբեջանը ստանում էր «սուվերեն անցում» (sovereign passage) դեպի Նախիջևան՝ Արաքսի երկայնքով։ Որպեսզի Հայաստանը չզրկվի Իրանի հետ սահմանից, առաջարկվում էր կառուցել վերգետնյա ճանապարհ կամ հատուկ անցում։

Հայկական ուժերը պետք է դուրս բերվեին նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր յոթ շրջաններից՝ բացի 20 կիլոմետրանոց միջանցքից:

Այս տարբերակը, սակայն, մերժել է Բաքուն։

Ագնեսա Խամոյանը, դիմելով վարչապետին, կոչ արեց հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը․

«Երեկ կիսատ-պռատ հրապարակված փաստաթղթերի մեջ ամենազավեշտալին այն էր, որ, պարո՛ն Փաշինյան, Ձեր ընտանեկան թերթում նախընտրական շրջանում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը, հոդվածը ներկայացրել էիք որպես բանակցային փաստաթուղթ։ Դրա փոխարեն կարող էիք հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը։ Ինչո՞ւ չեք հրապարակում»,- հարցրեց Խամոյանը։

Փաշինյանն ի պատասխան ասաց, որ ՀՀ տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա։ Սակայն հավելեց, որ այդ փաստաթուղթը արդեն իսկ հրապարակվել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցի կողմից։ Խոսքը «Ազատություն» ռադիոկայանի մասին է։ Այդ մասին Փաշինյանը հայտարարել էր նույն օրը՝ ավելի վաղ ունեցած ելույթում։ 

«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը ոչ միայն փաստաթուղթն է հրապարակել, այլև փաստաթղթի մատը ում կպել է, փաստաթղթի հետ ցանկացած գործողություն հրապարակել է»,- ասաց կառավարության ղեկավարը։ 

«Ազատություն» ռադիոկայանը, մինչդեռ, երբևէ չի հրապարակել Քի Վեսթի բանակցային փաստաթուղթը։ 

2025-ի հունվարին ռադիոակայանը հրապարակել էր «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի» խորագրով հոդված և ռեպորտաժ, որտեղ նշվում էր, թե ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը վկայում են, որ 1990-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը դեմ առ դեմ (առանց միջնորդների) բանակցություններում սկզբունքային համաձայնության էին եկել տարածքների փոխանակման շուրջ՝ Մեղրին հանձնել Ադրբեջանին Ղարաբաղի դիմաց։

« «Ազատության» տրամադրության տակ են Պետդեպի գաղտնազերծած մի քանի փաստաթղթեր, որտեղ ամերիկացի դիվանագետներն ու նրանց բարձրաստիճան զրուցակիցները նշում են՝ հենց այդ հանդիպումների արդյունքում՝ 1999-ի սեպտեմբերին, Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է տարածքների փոխանակման Ալիևի առաջարկին։ Ըստ ամերիկացի դիվանագետների, դա տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատվածում»,- նշվում է հոդվածում։

Այստեղ, սակայն, չկա Քի Վեսթի գաղտնազերծված փաստաթուղթը, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանը «Ստուգված է»-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ լրատվամիջոցը երբևէ չի հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել