Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Էկրանապատկերը՝ ArmComedy-ի յութուբյան ալիքից

Նոյեմբերի 16-ին հրապարակվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ԼուրջCast-ի հարցազրույցը։ «Ստուգված է»-ն առանձնացրել է եթերում հնչած խնդրահարույց և մոլորեցնող պնդումները։

Սիրիայի զորախումբը

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Ալեն Սիմոնյանը նշում է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանությունը անգամ զորախումբ է ուղարկել Սիրիա․

«Էն, ինչ որ մենք արել ենք Ռուսաստանի Դաշնության հետ դրական հարաբերություն պահելու, լավացնելու համար, աննախադեպ է եղել։ Մենք, ի հեճուկս աշխարհի մյուս երկրների, մենք Սիրիա իրանց հետ զորախումբ ենք ուղարկել»,- ասում է ԱԺ նախագահը։

Հատկանշական է, որ գործող իշխանությունը մշտապես հերքել է տեղեկությունը, թե Սիրիա զորախումբ է ուղարկվել։ 

2019 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Սիրիա հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ ուղարկելու մասին։ Խումբը կազմված էր 83 հոգուց։

ՊՆ այդ օրերի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայ մասնագետները Հալեպի՝ բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

2019 թվականի փետրվարի 11-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանը հերքել էր տեղեկությունը, թե Սիրիա զորախումբ է ուղարկվել․

«Այն չի համարվում զորախումբ։ Ես ուզում եմ դա շեշտել։ Չի կարող համարվել զորախումբ, քանի որ զորախմբի առաքելությունը, նրա ծավալման և բացազատման խնդիրները լրիվ այլ են։ Դրանք հումանիտար բնույթ չեն կարող կրել»։ 

Նույն թվականի սեպտեմբերի 10-ին փոխնախարարը վերահաստատել էր այդ դիրքորոշումը․

«Զորախմբի կամ Զինված ուժերի ստորաբաժանման մասին չէ խոսքը, խոսքը գնում է բացառապես հումանիտար մասնագետներ ուղարկելու մասին, որոնց մեջ են բժիշկներ, ինժեներական որոշակի մասնագիտության տեր անձինք՝ մեր ծառայողները, որոնք գնալու են՝ օգնելու Հալեպի բնակիչներին հիմնականում, մասնավորապես՝ սիրիահայ համայնքին»,- ասել էր Բալայանը։

Նույնը կրկնել էր նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ «Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ սխալ ձևակերպում է։ Սիրիա մասնագետների խումբ է ուղարկվել»։

Ըստ ՊՆ-ի՝ Սիրիա մասնագետների խումբ ուղարկելու իրավական հիմքը 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրն է։ «Փաստերի ստուգման հարթակը», մինչդեռ, գրել էր, որ համաձայնագիրը չի կարող հիմք հանդիսանալ որևէ գործողության, բացառությամբ՝ ռազմատեխնիկական համագործակցության:


Սամվել Կարապետյանի դեմ գործը՝ Ֆրանսիայում

Խոսելով գործարար Սամվել Կարապետյանի մասին, որն այժմ կալանքի տակ է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով, Սիմոնյանն ասաց, թե վերջինիս նկատմամաբ Ֆրանսիայում հետախուզում է հայտարարված․

«Ենթադրենք Եվրոպայում, որ իր (Սամվել Կարապետյանի, խմբ․) վրա գործ ա, է՞դ էլ ենք մենք արել։ Որ Ֆրանսիայում իրա նկատմամաբ հետախուզում ա հայտարարված, ես տենց ինֆորմացիա ունեմ։ (Դիմելով հաղորդավարներին) նենց արձագանքեցիք, սկսեցի կասկածել։ Բայց իրա կապիտալի, ունեցվածքի հետ կապված, երկիր կա որտեղ․․․», – Սիմոնյանի խոսքը ընդհատում է հաղորդավար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ այդ տեղեկությունը հերքվել է։

Սիմոնյանն արձագանքեց՝ «Եթե հերքվել է, ես էլ եմ հերքում»։ 

Իրականում Կարապետյանին պատկանող առանձնատունը և դրա հարակից հողատարածքները կալանքի տակ են դրված Ֆրանսիայում, սակայն չկա որևէ հավաստի տեղեկություն այն մասին, որ գործարարի դեմ հետախուզում է հայտարարված։

ֆրանսիական «Լը Մոնդ» (Le Monde) պարբերականի հաղորդմամբ՝ 2024-ին ֆրանսիական դատարանը սառեցրել է Կարապետյանի սեփականության իրավունքը Ֆրանսիայի Ռոկբրուն-Կապ-Մարտեն համայնքում գտնվող Մարիա Իրինա առանձնատան և դրա շուրջ գտնվող 3 հա հողատարածքի նկատմամբ։

Սամվել Կարապետյանին պատկանող Մարիա-Իրինա առանձնատունը Ֆրանսիայում

Գույքը պաշտոնապես պատկանում է Սամվել Կարապետյանին, բայց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար պատասխանատու ազգային կառույցը (Junalco), որը նախաքննություն է սկսել փողերի լվացման համար, կասկածի տակ է դնում այս հանգամանքը։

Հետաքննության ընթացքում Դատական ​​ֆինանսական հետախուզության ծառայության մաքսավորները բազմաթիվ հանգամանքներ են հայտնաբերել, որոնք, ըստ կառույցի, ցույց են տալիս, որ առանձնատան փաստացի շահառուն «Գազպրոմ նեֆտն» է՝ «Գազպրոմի» դուստր ընկերությունը։

Ըստ «Լը Մոնդ»-ի տեղեկությունների՝ գույքը կալանքի է վերցվել Փարիզի դատախազության «2024 թվականի փետրվարի 12-ի հրամանով»։ Դրա արժեքը գնահատվում է ավելի քան 120 միլիոն եվրո։ 

Փողերի լվացումը և իրական շահառուին թաքցնելը Ֆրանսիայում պատժվում է 10 տարվա ազատազրկմամբ և գույքի վերջնական ​​բռնագրավմամբ, եթե սեփականատերը չի հիմնավորում ֆինանսական և իրավական կարգավորումները:

Հունիսի 15-ին ռուսական «Կոմերսանտ» թերթը գրեց, որ Կարապետյանը դատական գործընթաց է սկսել Ֆրանսիայի դեմ՝ միջազգային ներդրումային վեճերի կարգավորման կենտրոնում (ICSID)։

Ըստ աղբյուրի՝ ICSID-ի տվյալների բազայում նշվում է, որ գործը վերաբերում է անշարժ գույքին։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել