Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Հեյդար Ալիևը Սպիտակ Տանը համատեղ Հռչակագիր են ստորագրում։ 8 օգոստոսի, 2025թ․։ Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի կայքից։

2025թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին համատեղ հռչակագիր,որը շարունակում է երկու երկրների ներքաղաքական օրակարգերում առանցքային դեր խաղալ։ 

Հայաստան

Խաղաղություն VS կապիտուլյացիա․ ինչպես է արտացոլվել օգոստոսի 8-ը իշխանական և ընդդիմադիր խոսույթում

Օգոստոսի 8-ից հետո Հայաստանի իշխանությունն իր խոսույթը կառուցում է խաղաղության շուրջ, մինչդեռ ընդդիմությունը թերահավատ է՝ Ալիևը ստացել է իր ուզածը՝ միջանցքը, ի՛նչ խաղաղություն։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին համատեղ հռչակագիր, ապա նույն օրը նախաստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը իշխանական ուժը ներկայացրեց որպես պատմական և դարակազմիկ իրադարձություն՝ երկարամյա հակամարտության ավարտի հնարավոր սկիզբ։ Սակայն ներքաղաքական դաշտում այն դարձավ նոր հակադրության գիծ՝ իշխանության և ընդդիմության միջև։ Երկու կողմերն էլ խոսում են «խաղաղությունից», սակայն տարբեր բառապաշարով, տարբեր ընկալումներով և տարբեր նպատակներով։

Իշխանության խոսույթը․ խաղաղություն՝ որպես հնարավորություն

Նախ՝ ի՞նչ է հայտնի «Թրամփի ուղու մասին» կամ TRIPP-ի մասին (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»/«Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP))։ ՀՀ կառավարությունը ստորագրումից 21 օր անց՝ օգոստոսի 29-ին հրապարակել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու ԱՄՆ կառավարության միջև հրապարակված 3 հուշագրերը՝ 

  • Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին 
  • էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին 
  • «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին։

Ուշագրավ է, որ հուշագրում շեշտվում է «Խաղաղության խաչմերուկ» եզրույթը և դրանում որևէ տեղ նշված չէ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որն առավել տարածված է Հայաստանի ընդդիմության և ադրբեջանական խոսույթում։

«Հայաստանի ապաշրջափակումը տեղի է ունենում․ Հայաստանը կունենա երկաթուղային կապ արտաքին աշխարհի հետ, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան կապ կլինի՝ ՀՀ–ի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում», –այս փաստաթղթերի ստորագրումից հետո հենց ԱՄՆ-ում մի քանի հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նույն հարցազրույցում Փաշինյանը հերքել էր, որ այդ փաստաթղթերում ու բանակցային գործընթացում կա միջանցքային տրամաբանություն․ «Չի կարող լինել մի նախագիծ, որին մենք համաձայնենք Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության խախտմամբ»։

Ընդհանրապես, իշխանության ներկայացուցիչները համաձայնագրի նախաստորագրումը ներկայացնում են որպես պատմական հնարավորություն՝ խաղաղության և զարգացման նոր շրջափուլ բացելու համար։ Նրանց խոսույթում գերակշռում է պետական շահի և ինքնիշխանության գաղափարը․ խաղաղությունը ոչ թե պարտություն է, այլ ռազմավարական ձեռքբերում։

Հայաստանի ապաշրջափակման հնարավորության և հաստատված խաղաղության մասին Փաշինյանը պնդեց նաև 10 օր անց՝ օգոստոսի 18-ին հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում․ «Խաղաղությունը եկել է, դա արժանապատիվ, պետականակենտրոն, մարդակենտրոն, տարածաշրջանակենտրոն խաղաղություն է, և ես առավել քան ոգևորված եմ այդ փաստից»։ 

«Հակամարտությունն ավարտված է, դա կարևոր բան է, և մենք պետք է դրա վրա ամրապնդենք ու ինստիտուցիոնալիզացնենք խաղաղությունը»,- սեպտեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Որպես խաղաղության հաստատման ապացույց կամ հիմք, նա եթերում իր խոսքով, «էմպիրիկ հետազոտության» տվյալ էր ներկայացրել՝ հայտարարելով, թե «արդեն 1.7 տարի է, որ սահմանին ոչ մի զինվոր չի զոհվել մարտական գործողությունների արդյունքում կամ թշնամու կրակոցից»։

Իշխանական ճամբարից հնչող հայտարարություններում գերակշռում է միտքը, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերով միջանցք չկա և չի կարող լինել։ «Գիտե՞ք՝ ինչ օր է օգոստոսի 8-ը՝ «միջանցք»-ի վրա գերեզմանաքար դնելու օր։ Չկա միջանցք, կա բացվող ճանապարհ՝ կոմերցիոն մեծ ներուժով, միլիարդավոր դոլարների եկամուտով»,- հայտարարել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Բացի այդ, իշխանական խոսույթը փորձում է կապիտալիզացնել խաղաղության գաղափարը՝ այն կապելով տնտեսական աճի և անվտանգության նոր մոդելի հետ։ 

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հայտարարություններում օգոստոսի 8-ից հետո առաջարկվող խաղաղությունը ներկայացվում է ոչ թե որպես ցավոտ փոխզիջում, այլ որպես նոր զարգացման շրջափուլի նախապայման։ Այս մոտեցմամբ ձևավորվում է իշխանական հիմնական մեսիջը՝ «խաղաղություն՝ հանուն անվտանգության նոր մոդելի և բարեկեցության», որով էլ թերևս կառավարող ուժը պատրաստվում է մասնակցել 2026-ի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Ընդդիմության խոսույթը․ խաղաղություն՝ որպես պարտության շարունակություն կամ կապիտուլյացիա

Հայաստանի ընդդիմադիր դաշտում չեն կիսում օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերի հետ կապված իշխանության լավատեսությունը։ Ավելին, հնչում են հայտարարություններ, թե Հայաստանի «պարտությունը շարունակվում է», «հերթական կապիտուլյացիան է», «Հայաստանը միջանցք է տվել»։ Նրանք պնդում են, որ խաղաղության փաստաթուղթը չի բերում անվտանգություն, այլ հակառակը՝ մեծացնում է Հայաստանի խոցելիությունը տարածաշրջանում։

«ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը», – նշվում էր օգոստոսի 11-ին Հանրապետական կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Նույն կուսակցության նախագահ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ավելի կոշտ էր․ «Այդ փաստաթուղթը ոչ թե խաղաղության համաձայնագիր էր, այլ ասք այն մասին, որ կապիտուլյանտը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին–հեղ․) բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները»։

Խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պնդմամբ, ստորագրված փաստաթղթերը որևէ առնչություն չունեն խաղաղության հետ․ «․․․անգամ ստորագրված փաստաթղթերում ձևականորեն հռչակված տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման, խաղաղություն հաստատելու փոխադարձ կամքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու ձևակերպված դրույթները ոչ մի միջազգային երաշխիք չեն նախանշում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրանք հիմնված են բացառապես Ադրբեջանի ցանկության վրա»։ Նույն դաշինքի ղեկավար, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշել էր 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի համեմատությամբ այն համարել երազանք․ «Օգոստոսի 8-ի փաստաթղթի համեմատ՝ այսօր նույնիսկ երազանք կարելի է անվանել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»։

Արտախորհրդարանական ընդդիմությունից Էդմոն Մարուքյանը համարում է, որ Հայաստանը միջանցք է տվել․ «Պնդում է եղել, թե հայկական կողմը բացարձակ միջանցքային տրամաբանությամբ որևէ բանակցության մեջ չի մտնում։ Հիմա հայկական կողմը ոչ թե միջանցքային տրամաբանությամբ է որևէ բանի մեջ մտել, այլ ուղիղ տվել է միջանցքը»։ 

Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հանրային խոսքում օգոստոսի 8-ը համեմատում են նոյեմբերի 9-ի հետ և նախապատվությունը տալիս վերջինին՝ շեշտելով, որ այն ժամանակ «գոնե Արցախը կար, մարդիկ այնտեղ ապրում էին»։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ավելի լավն էր, քան՝ Վաշինգտոնում նախաստորագրվածը, նրանով Արցախի հանրապետություն կար, Լաչինի միջանցք և այլն»,- ասել է ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նկատենք՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթի երրորդ կողմը, հետևաբար նաև հակամարտության ավարտի հովանավորը Ռուսաստանն էր։ Այդ հայտարարությամբ ամրագրված մի շարք կետեր խախտվել էին 2020-2023 թվականների ընթացքում։

Օգոստոսի 8-ի փաստաթղթով, ստացվում է՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն դառնում են խաղաղության «նոր հովանավորները», ինչը ընդդիմությունը ընկալում է որպես վտանգ ռուսական ազդեցության նվազման պայմաններում։

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այս պահի դրությամբ այսօրվա իրավիճակից ելնելով շատ ավելի նպաստավոր էր, քան այն, ինչ հիմա գոյություն ունի»,- օգոստոսի 18-ին ասել էր ՀՅԴ-ից մեկ այլ պատգամավոր՝ Իշխան Սաղաթելյանը։ Նա շեշտել է, որ կողմ են ճանապարհների ապաշրջափակմանը, խաղաղության հաստատմանը պայմանով՝ «դա չի կարող լինել Հայաստանի ինքնիշխանության հաշվին», հետևաբար եթե իրենք գան իշխանության հրաժարվելու են այդ փաստաթղթից։

Օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո իշխանությունն ու ընդդիմությունը «խաղաղություն» բառն արտաբերում են՝ նկատի ունենալով տարբեր իմաստներ։ Իշխանական թիմը փորձում է խաղաղությունը ներկայացնել որպես նորմալ և անհրաժեշտ քայլ՝ տնտեսական աճի, ներդրումների և տարածաշրջանային կայունության բանալի։ Այս թևի համար խաղաղությունը ապագայի մասին խոսք է։

Ընդդիմությունը, հակառակը, պատրաստ է «թքել» նման խաղաղության վրա, այն տեսնում է որպես վտանգավոր զիջում, ազգային շահերի խաթարում, որը կարող է Հայաստանի ինքնիշխանությունն արժենալ։

Խաղաղության գործընթացի առաջին երևացող քայլերը

Այս պայմաններում խաղաղության գաղափարը Հայաստանում «միս ու արյուն» է ստանում․ հոկտեմբերի 21-22-ին, այնուհետև նոյեմբերի 4-5-ին Հայաստան էին ժամանել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ և հանդիպել Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Մոտ ժամանակներում սպասվում է Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները փոխադարձ այցը Բաքու:

Ադրբեջանցիները Հայաստան եկել էին ուղիղ թռիչքով, 44 րոպեում։ «Երկար տարիներ հետո առաջին անգամ ադրբեջանական օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Դետալ, որը մոտ ժամանակներում կարող է նորմալ համարվել երկկողմ հարաբերություններում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Հայաստան այցելած փորձագետներից Ֆարհադ Մամադովը ու պատմել, որ հանդիպումը կազմակերպվել է բարձր մակարդակով, ապահովվել է նրանց անվտանգությունը, իսկ Երևանով զբոսնելը հետաքրքիր էր եղել նրա համար։ 

Ադրբեջանցի փորձագետների հոկտեմբերյան այցը Հայաստան, սակայն, անաղմուկ չանցավ․ լրագրողները պարզել էին, որ ադրբեջանական կողմը ներկայացնող փորձագետների խմբում էր նաև Դիլարա Էֆենդիևան, որը 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը արգելափակած «էկոակտիվիստների» շարքերում է եղել։  

Այս կապակցությամբ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը, որը հայկական կողմը ներկայացնողների կազմում էր, հայտարարել էր՝ կողմերը միմյանց հետ կազմերը չեն քննարկել, ամեն մեկը իր մասնակիցներին է որոշել: Իսկ ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, հայկական կողմին չպետք է հետաքրքրի Ադրբեջանում մարդու իրավունքների ու դրա հետ կապված ինստիտուտների որակը և պետք է ընդունել Ադրբեջանն այնպիսին, ինչպիսին կա։ «Մենք ունենք հետևյալ երկընտրանքը՝ աշխատե՞լ այդ մարդկանց հետ, թե ոչ։ Անցնող 30 տարիների ընթացքում ընտրել ենք չաշխատելը։ Ինչ-որ պահի մենք պետք է պայմանավորվենք, որ կարմիր գիծ ենք քաշում ու այդ կարմիր գծից կառուցում ենք խաղաղությունը։ Այս հանդիպման նպատակներից էր հասարակություններին խաղաղության նախապատրաստելը»,– ասել էր Քոչինյանը։

Այսպիսով, խաղաղության մասին հարցը մնում է ամենաքաղաքականացված և հակասական թեման, որտեղ նույն բառը տարբեր իմաստ ունի՝ կախված նրանից, թե ով է այն արտաբերում։

Հասմիկ Համբարձումյան

Ադրբեջան

Ինչպե՞ս են ադրբեջանական տեղական լրատվամիջոցները լուսաբանել օգոստոսի 8-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները 

Սպիտակ տունը դարձավ Հարավային Կովկասին առնչվող պատմական հանդիպման հարթակ․ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ստորագրեցին հայտարարություն, որը, սպասվում է, որ պետք է մեծ ներդրում ունենա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման  մեջ։ 

Կողմերը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագրի 17 կետեր , որոնք համաձայնեցվել էին դեռ այս տարվա մարտին, և ընդունեցին որոշում՝ համատեղ ուղերձ հղելու  ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման համար ։ 

Հանդիպման ընթացքում նաև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Ստրատեգիական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ։ Այս խմբի հիմնական նպատակը կլինի Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության Խարտիայի նախապատրաստումը և համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում։  

Բացի այդ, նախագահ Թրամփը ստորագրեց փաստաթուղթ, որով կասեցվեց N907 ուղղումը, որն արգելում էր ԱՄՆ կառավարության աջակցությունը Ադրբեջանի պաշտոնական կառույցներին մինչև որոշակի պայմանների կատարումը։ Այդ բանաձևի ամբողջությամբ չեղարկման հարցը կքննարկվի Կոնգրեսում։ Ներկա իրավիճակում, երբ ԱՄՆ օրենսդիր մարմնում մեծամասնությունը կազմում են հանրապետականները, սա հնարավոր է։ ԱՄՆ նախագահը չունի լիազորություն միանձնյա չեղարկելու այդ լրացուցիչ ուղղումը։ 

Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպումը լայնորեն լուսաբանվեց ադրբեջանական մեդիայում և շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Ստորագրված փաստաթուղթը գնահատվում է որպես առանցքային քայլ դեպի երկարատև հակամարտության կարգավորում. համենայնդեպս, այդպես է գործընթացը տեսնում ադրբեջանական մեդիա դաշտը ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով «պատերազմի և խաղաղության» թեմաներին, բազմիցս ընդգծել է հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների կարևորությունը։ Վերջին անգամ նա դրական գնահատական է տվել օգոստոսի 8-ի հանդիպմանը Եգիպտոսում տեղի ունեցած Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ, ուր հրավիրված էին նաև Ալիևը և Փաշինյանը։ 

Ինչպե՞ս են տեղական ԶԼՄ-ները լուսաբանում օգոստոսի 8-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները։ 

Առաջին աղբյուրը, որը մենք դիտարկեցինք , Report լրատվական գործակալությունն է, որն ադրբեջանական այն հրատարակություններից է, որոնք ուշադիր հետևել են Վաշինգտոնյան հանդիպմանը։ 

Report-ը հրապարակել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի պաշտոնատար անձանց  հայտարարությունները, ինչպես նաև լուսաբանել է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների արձագանքները  պատմական փաստաթղթին։ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հանդիպելով մի շարք երկրների ներկայացուցիչների հետ, ընդգծել է, որ նախաստորագրված  խաղաղության պայմանագիրը կարևոր է ոչ միայն երկու պետությունների, այլև ողջ տարածաշրջանի համար։ 

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կապանում արտասահմանյան պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նույնպես շեշտել է խաղաղության նշանակությունը ոչ միայն Հայաստանի, այլ ողջ Հարավային Կովկասի համար։ Report-ը մեջբերում է նրա խոսքերը․ «Արտգործնախարարը նշել է, որ խաղաղության օրակարգի իրականացումը Հայաստանի կառավարության, ներառյալ դիվանագիտական կառույցների, առաջնային խնդիրն է»։ 

Միրզոյանը նաև ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը երկրի համար լայն հնարավորություններ կստեղծի։ 

Report-ի կանխատեսմամբ՝ հայտարարությունը կարող է դրական ազդեցություն ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի  վրա 2026 թվականի ընտրություններում։ Հոդվածում առանձին նշվում է, որ հայկական հասարակությունն ու ընդդիմությունը բացասաբար են ընկալել Վաշինգտոնյան հայտարարությունը․ «Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը Վաշինգտոնյան հայտարարությունը բնութագրել է որպես աշխարհաքաղաքական արկածախնդրություն, նշելով, որ այն հակասում է Հայաստանի շահերին ու ինքնիշխանությանը և խախտում է Ղարաբաղի հայերի իրավունքները՝ ինչը ռևանշիզմի դրսևորում է»։  

Վաշինգտոնյան հայտարարությունից անմիջապես հետո տեղի է ունեցել ևս մեկ նշանավոր իրադարձություն՝ ուղղված Պակիստանի և Հայաստանի հարաբերությունների նորմալիզացիային։ Օգոստոսի 31-ին Պակիստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուհամադ Իսհակ Դարը և Հայաստանի արտգործնախարար Աարարատ Միրզոյանը ստորագրել են համատեղ հայտարարություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։  

Report-ի նյութում նշվում է, որ նորմալիզացիայի այս գործընթացը կապ ունի Վաշինգտոնյան հայտարարության հետ։ Եզրափակելով՝ շեշտադրվում է, որ պաշտոնական Բաքուն կարող է կարևոր դեր խաղալ ոչ միայն Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման գործընթացում, այլև երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի զարգացման հարցերում։ 

Հանրային հեռարձակման գործառույթ իրականացնող İTV հեռուստաալիքը ներկայացրել է ինչպես տեղական քաղաքական վերլուծաբանների, այնպես էլ արտասահմանյան փորձագետների կարծիքներ։ 

Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ջոն Կոնելին նշել է, որ այս հայտարարությունը կարևոր քայլ է տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ առանձնահատուկ նշանակություն ունի ԱՄՆ-ի դերը Հայաստանի ներքին կայունությունը պահպանելու հարցում․ «Անվտանգության ամենազգայուն օղակը այստեղ Հայաստանն է։ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ռեսուրսները՝ երկրում կայունությունը ապահովելու համար։ Եթե կայունությունը պահպանվի, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան կարող են սկսել առևտրա-տնտեսական կապերի զարգացման գործընթաց», – ընդգծել է Կոնելին։ 

Հոկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում ևս մեկ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ․ AZAL ընկերության ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ադրբեջանի քաղաքագետներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և մեկ լրագրողից կազմված պատվիրակությունը այցելեց Հայաստան, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղի գործընկերների հետ։ 

İTV-ի մեկնաբանությունում նշվում էր, որ հանդիպումը կազմակերպվել է առանց երրորդ կողմի մասնակցության, ինչը գնահատվեց որպես Վաշինգտոնյան հայտարարության հետևանքներից մեկը։ 

Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարահադ Մամեդովը, որը այս պատվիրակության կազմում այցելել էր Երևանում, İctimai TV-ին տված հարցազրույցում նշել է․ «Ընդհանուր առմամբ մեր մոտեցումները հիմնական սկզբունքների շուրջ համընկնում են։ Կան արդիական հարցեր, որոնք պահանջում են քննարկում։ Պետք է հասարակություններին փոխանցենք, որ խաղաղությունը նրանց փոխադարձ օգուտ կբերի»։ 

Չնայած «Ազադլիգ» ռադիոկայանի գործունեությունը Ադրբեջանում սահմանափակված է, խմբագրությունը ուշադրություն է դարձրել օգոստոսի 8-ի հանդիպման արդյունքներին։ Մեկ նյութում պատգամավոր Էլման Նասիրովը ընդգծել է հայկական Սահմանադրության փոփոխության կարևորությունը խաղաղության համաձայնագիր ստորագրելու համատեքստում։ «Ազադլիգի» տեսահաղորդագրությունում հատկապես ընդգծվում են հաղորդակցական ուղիների բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

Հայաստանցի քաղաքական վերլուծաբան Աննա Օհանյանը Վաշինգտոնյան հայտարարությունը գնահատել է որպես կարևոր քայլ Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար, ընդգծելով, որ ձեռք բերված համաձայնությունը կօգնի պաշտպանել Հարավային Կովկասի երկրները արտաքին ազդեցությունից։ Նույն հարցազրույցում նա նշել է, որ տարածաշրջանի պետությունները զգայուն են հարևաններից եկող ռիսկերի ու սպառնալիքների նկատմամբ, և ենթադրել է, որ Ադրբեջանի համար որոշ ռիսկեր կարող են կապված լինել Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշման հետ։ 

Հարկ է նշել, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առաջացած քաղաքական ճգնաժամը մասամբ կարգավորվել է երկու երկրների առաջնորդների՝ Տաջիկստանում  կայացած հանդիպման ժամանակ ունեցած  շփումների ընթացքում։ Իսկ Ադրբեջանի և Չինաստանի հարաբերությունները,  բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս հանգամանքը բացակայում է «Ազադլիգի» անդրադարձում։ Այսպիսի փաստերի անտեսումն ու հիմք չունեցող պնդումների հրապարակումը կարող է ստեղծել տեղեկատվական շփոթություն և մոլորեցնել լսարանին, հատկապես հաշվի առնելով, որ «Ազադլիգը» հազվադեպ չէ նման տեսակետներ է փոխանցում առանց վերլուծական գնահատման։ 

Մեկ այլ դիրքորոշմամբ՝ պատգամավոր Զահիդ Օրուջը ընդգծել է վստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը․ «Վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ են ռազմավարական քայլեր՝ սկսած ռազմական հանդիպումներից, և այս գործընթացին պետք է ներգրավված լինեն հեղինակավոր հասարակական և մշակութային գործիչներ։ Հաշվի առնելով խորհրդային շրջանի համագործակցության փորձը, կարևոր է, որ ներկայում հնչեն խաղաղության կոչեր, իսկ լրատվամիջոցները ակտիվորեն աջակցեն այս գործընթացին»։ 

Որպեսզի հասկանանք, թե հասարակությունը ինչպես է ընկալում Վաշինգտոնյան հայտարարությունից հետո  Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտի խաղաղ կարգավորման արագացված գործընթացը, լրատվամիջոցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն քաղաքացիների կարծիքին, հատկապես նրանց, որոնք ապրում են սահմանային շրջաններում։ Թեև երեք լրատվամիջոցները  պատրաստել են մի քանի նման նյութեր, դա բավարար չէ։ Միջպետական գործընթացի կայունության և շարունակականության համար անհրաժեշտ է, որ մեդիայում ավելի հաճախ հնչեն հենց քաղաքացիների ձայները։

Pressklub.az

Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում: