Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Բողոքի ակցիան Իրանի Սաքեզ քաղաքում, 2022թ․ հոկտեմբեր։ Լուսանկարը՝ AFP-ի

Հոկտեմբերի 8-ից հայաստանյան լրատվամիջոցները, Khabar Online-ին հղում անելով, տարածում են տեղեկություն, թե Իրանում վերացրել են պարտադիր հիջաբ՝ մահմեդական գլխաշոր կրելու պահանջը։

News.am, lurer.com, lragrogh.com լրատվական կայքերը գրել էին՝ «Իմամի և Առաջնորդության ուղու հետևորդների ճակատի գլխավոր քարտուղար և Իրանի պետական շահերի որոշման խորհրդի անդամ Մոհամմադրեզա Բահոնարը Khabar Online գործակալության կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ներկայումս հիջաբ կրելու վերաբերյալ չկա որևէ պարտադիր օրենք, որը պետք է խստորեն պահպանվի»։

Նաև նշում էին, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դեմ էր արտահայտվել պարտադիր կերպով հիջաբ կրելուն։

Այս տեղեկությունը տարածել էին նաև tsayg.am, live24.am լրատվականները, AM News ֆեյսբուքյան էջը։ 

«Ստուգված է»-ն պարզել է, որ այս տեղեկությունը ներկայացվում է համատեքստից դուրս։ Իրականում հիջաբ կրելու պարտադրանքը Իրանում շարունակում է գործել։

        Ինչ է պատահել

Khabar Online-ը, մեջբերել էր Իմամի և Առաջնորդության ուղու հետևորդների ճակատի գլխավոր քարտուղար և Իրանի պետական շահերի որոշման խորհրդի անդամ Մոհամմադրեզա Բահոնարի խոսքերը․ «Ներկայումս պարտադիր հիջաբի մասին օրենք չկա։ Այս պահին ընդհանուր համակարգային որոշումն այն է, որ պարտադիր հիջաբի մասին օրենք չկա»։

Ուսումնասիրելով նրա խոսքերը՝ հասկանում ենք, որ այս հայտարարությունը ներկայացվում է համատեքստից դուրս։ Իրականում Մոհամմադրեզա Բահոնարը նկատի է ունեցել, որ օրենքը փաստացի չի գործում, նրա խոսքով՝ «պարտադիր հիջաբի մասին օրենքը պարտադիր չէ»։

Նա նշել է նաև, որ Ազգային անվտանգության խորհրդի հետ խորհրդակցությունից հետո այսպես կոչված «Բարեվարքություն և հիջաբ» օրենքը կասեցվել է։

Այս դեպքում խոսքը ոչ թե հիջաբ կրելու պարտադրանքի, այլ «Հիջաբի և բարեվարքության խթանման միջոցով ընտանիքին աջակցելու» (առավել հայտնի «բարեվարքություն և հիջաբ» անունով) օրենքի մասին է։ Այն հաստատվել էր խորհրդարանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին և ենթադրում էր հասարակական վայրերում գլխաշոր չկրելու համար պատիժների խստացում, ինչպես նաև վերահսկողության ուժեղացում։ Օրենքն ունենալու էր երեք տարվա փորձաշրջան։

2024թ. դեկտեմբերին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը որոշեց դադարեցնել օրենքի կիրառումը՝ մինչև կներկայացվի վերանայված տարբերակը։ Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հաստատեց, որ խորհրդարանին զգուշացրել են առայժմ օրենքը չկիրառել։ Ստացվում է, որ սա մոտ մեկ տարվա որոշում է։

Իրանի Քրեական օրենսգրքի 638-րդ հոդվածը (արխ․) շարունակում է պահպանել պարտադիր հիջաբ կրելու պահանջը։ Այսինքն՝ նախորդ իրավական հիմքերն ու պատժամիջոցները շարունակում են գործել։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2024 թվականին իսկապես կասկած էր հայտնել օրինագծի վերաբերյալ․

«Որպես այս օրենքի ընդունման պատասխանատու անձ՝ այս հարցում կասկածներ ունեմ»,- պետական ​​հեռուստատեսության եթերում ասել էր Փեզեշքիանը։

Սակայն, եթե նախագահն անգամ չստորագրեր օրենքը, այն կարող էր ուժի մեջ մտնել:

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանում կանայք պարտավոր են ծածկել մազերը հասարակական վայրերում։ Հիջաբ կրելու կանոնների խստացման հարցը առավել հրատապ դարձավ 2022 թվականի աշնանը՝ երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո: Պատճառը Թեհրանի ոստիկանության բաժանմունքներից մեկում 2022 թվականի սեպտեմբերին 22-ամյա քուրդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահն էր։ Իրանի ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծված հատուկ դաստիարակչական պարեկության ծառայությունը, որն անվանում են նաև «բարոյականության ոստիկանություն», սեպտեմբերի 13-ին նրան բերման էր ենթարկել հիջաբը հանրային վայրում ոչ պատշաճ ձևով կրելու համար: Ամինիի ընտանիքը պնդում էր, որ իրավապահները նրան ծեծելով սպանել են։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել