Հոկտեմբերի 3-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են բժիշկները օգնություն ցույց տալիս մեկ շաբաթական երեխայի և կայունացնում նրա վիճակը։ Ըստ հաղորդագրության՝ շտապօգնության բժիշկները նորածնին հիվանդանոց են հասցրել շնչահեղձ վիճակում։ Տեսանյութում երեխայի դեմքը չէր երևում (շղարշված էր)։
Բուժկենտրոնի փոխանցմամբ՝ երեխայի մայրը, առաջին անգամ մայրացած լինելով, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր եղել։
Ավելի ուշ լրատվամիջոցները սկսեցին տարածել Մոնթե Առաքելյան անունով տղամարդու՝ ՏիկՏոկում հրապարակված տեսանյութը (այժմ հեռացրել է), որտեղ վերջինս ներկայացել էր իբրև երեխայի հայր և բողոքել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությանը, որ առանց իր թույլտվության իր երեխայի՝ Նարե Առաքելյանի մասնակցությամբ տեսանյութ են հրապարակել։
Նա նաև մեղադրել էր բուժկենտրոնին իրականությունը խեղաթյուրելու համար՝ նշելով, որ ինքն է երեխային տեղափոխել հիվանդանոց և այդ ժամանակ փոքրիկի վիճակը եղել է կայուն։
Այս տեղեկությունը տարածել էին panorama.am (արխ․), InfoPort.am (արխ․), Tert.am (արխ․), Shabat.news (արխ․) և այլ լրատվական կայքեր, տիկտոկյան (արխ․), ֆեյսբուքյան, տելեգրամյան (արխ․) օգտատերեր և էջեր։
Ինչ է իրականում տեղի ունեցել
Երեխայի հայր ներկայացող Մոնթե Առաքելյանը հոկտեմբերի 4-ին և 5-ին երկու նոր տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել․ իրականում տեսանյութում շտապօգնության մեքենայի միջոցով հիվանդանոց տեղափոխված երեխան իր հետ կապ չունի։ Տղամարդու խոսքով՝ իր վրդովմունքն առաջացրել էր տեսանյութում երևացող մեկ այլ կադր, որտեղ պատահաբար իրեն են ցուցադրել։
Մոնթե Առաքելյանի խոսքով՝ ԲԿ-ից ներողություն են խնդրել, որ այդ դրվագը թյուրիմացաբար ներառվել է ընդհանուր տեսանյութի մեջ։
«Տեսանյութում երկու երեխայի կադրեր են։ Առաջին կադրում, որտեղ երևում է շտապօգնությունը և երեխան, նա իմ երեխան չէ։ Դա տեղի է ունեցել տասը օր առաջ։ Այդ երեխայի հետ ամեն ինչ կարգին է։ Իսկ տեսահոլովակի այն հատվածը, որը մոնտաժված և խավար է, դա իմ երեխայի հետ է կապված։ Աշխատողի անուշադրության պատճառով թյուրիմացություն է տեղի ունեցել»,- ասել էր նա վիդեոուղերձում և կոչ արել բոլոր լրատվամիջոցներին, որոնք տարածել են նախորդ տեսանյութը, հեռացնել այն և ապատեղեկատվությունը չտարածել։
Չնայած այս կոչին՝ տեսանյութը շարունակում է լայնորեն տարածվել և դիտումներ հավաքել։
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից «Ստուգված է»-ին փոխանցեցին, որ հրապարակված կադրերն իրական են, ոչ թե՝ բեմադրված (այսպիսի մեղադրանքներ հնչում էին տեսանյութի մեկնաբանություններում), իսկ նորածնի իրական ծնողները համաձայն են եղել տեսանյութի տարածմանը։
«Խնդիրն այն է, որ մեկ ամսում երկու նմանատիպ դեպք է եղել։ Երեխաներից մեկին բերել է շտապ օգնությունը, մյուսին՝ հայրը»,- մեզ հետ զրույցում ասաց բուժկենտրոնի ներկայացուցիչ Գոհար Հայրապետյանը՝ հաստատելով, որ Մոնթե Առաքելյանն իսկապես մի պահ կադրում երևացել է, սակայն նրա դեմքը փակված է եղել և հրապարակված կադրերում որևէ անձնական տվյալ չի բացահայտվել։