Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Հուլիսի 18-ին սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, թե «Astronomer» տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Էնդի Բայրոնը ներողություն է խնդրել ընտանիքից և հանրությունից։

Էնդի Բայրոնը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց հուլիսի 17-ին «Coldplay» ալտերնատիվ ռոք խմբի համերգին, երբ պատահաբար երևաց հսկայական էկրանին՝ «Astronomer»-ի մարդկային ռեսուրսների ղեկավար Քրիստին Քաբոթի հետ գրկախառնված։ Նրանք երկուսն էլ շտապել էին թաքցնել դեմքերը և հեռանալ տեսախցիկների առջևից։

Այս դրվագը շատ արագ տարածվեց սոցիալական ցանցերում՝ առաջ բերելով մի շարք մեմեր և լուրեր, թե Բայրոնը իբրև հրապարակային ներողություն է խնդրել իր կնոջից, ընկերությունից և հանրությունից՝ այդ դրվագի համար։

Այս տեղեկությունը լայնորեն տարածվել էր նաև հայաստանյան մեդիայում։ Այդ մասին գրել էին Civic.am, Medianews.site, armtime.news լրատվական կայքերը։

Լրատվականների տարածած տեքստում, մասնավորապես, նշվում էր.

«Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ կնոջից, ընտանիքից ու աշխատակիցներից, որ իմ անձնական սխալը դարձավ հանրային։ Այդ երեկոն պետք է ուրախության առիթ լիներ, բայց վերածվեց ցավալի ու հրապարակային իրավիճակի։

Ես պատասխանատվություն եմ վերցնում ու ժամանակ եմ հատկացնում՝ խորհելու և ուղղվելու։ Խնդրում եմ հարգել իմ անձնական տարածքը։ Հույս ունեմ, որ բոլորս կարող ենք ավելի զգուշորեն մոտենալ ուրիշների կյանքը հանրայնացնելու հարցին»,- իբրև գրել էր Բայրոնը։

Սոցցանցերում տարածվել էր նաև Բայրոնին վերգրվող տեքստի էկրանապատկերը.Էնդի Բայրոնի անունից տարածվող տեքստի էկրանապատկերը

Չնայած լայն տարածմանը՝ այս տեղեկությունը կեղծ է։ Իրականում ներողության տեքստը տարածել էր X սոցհարթակի մի երգիծական օգտահաշիվ (արխիվացված), որն այլևս հասանելի չէ։ Թեև նա ներկայանում էր որպես CBS News-ի լրագրող, այնուամենայնիվ, այդ տեղեկությունը հաստատող որևէ փաստ չհաջողվեց գտնել։

«Astronomer» ընկերության մամուլի թիմը ևս հերքել է, թե Բայրոնը նման հայտարարությամբ է հանդես եկել, ինչպես նաև տարածել հաղորդագրություններ X-ի և Linkedin-ի պաշտոնական էջերում, որտեղ նշվում է, որ տնօրենների խորհուրդը սկսել է պաշտոնական քննություն հարցի շուրջ։ Ընկերությունը հերքել էր նաև տեղեկությունը, թե տեսանյութում երևում են «Astronomer»-ի այլ աշխատակիցներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բայրոնը մեկնել է արձակուրդ և նրա փոխարեն տնօրենի պարտականությունները կատարում է Փիթ Դեջոյը։