Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր խրամատում վազող զինվորի և երկու առանձնատան լուսանկար՝ կից գրելով, թե պատերազմում պարտվեցինք, քանի որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նման առանձնատներ ուներ, իսկ նրա օրոք խրամատները վատ վիճակում էին.
«Գիտեք ինչու՞ պարտվեցինք պատերազմում։ Որովհետև, օրինակ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ըստ մամուլի հրապարակումների ունի այսպիսի առանձնատներ, իսկ մեր խրամատները ունեին այսպիսի տեսք՝ իր ՊՆ եղած ժամանակ»,- գրել էր Պապոյանն ու հրապարակել լուսանկարներ։

Պապոյանի գրառումը տարածել են «Հայկական ժամանակ», Civic.am, Medianews, lurer.com լրատվականները։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզեց, որ խրամատում վազող զինվորի լուսանկարն արվել է (արխիվացված) 2020 թվականին՝ գործող իշխանության օրոք։ Դա Սեյրան Օհանյանի՝ նախարարությունում պաշտոնավարելուց մոտ չորսը տարի անց էր։
Օհանյանը գլխավորել է ՊՆ-ն 2008-2016 թվականներին։ 2020 թվականին նախարարը Դավիթ Տոնոյանն էր։ Դա գործող իշխանությունների պաշտոնավարման երկրորդ տարին էր։
Գևորգ Պապոյանի տարածած լուսանկարի հեղինակը Ջիուլիո Պիշիտելլին է (Giulio Piscitelli)։ Լուսանկարն արվել էր Նիդերլանդներում գործող de Volkskrant կայքի համար, առաջին անգամ հրապարակվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Նկարին կից գրված է՝ «Վերջին խրամատում ժանգոտված տարրաներ են կախված։ «Այդպես լսում ենք, երբ թշնամին մոտենում է», – ասում են երիտասարդ զինվորները»։
Նյութում հեղինակը նկարագրում է, թե ինչ վիճակ է տիրում Արցախում՝ 44-օրյա պատերազմի թեժ օրերին։ Հատկապես ընդգծվում է հայկական կողմի հնացած զինանոցը։