Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Մարիա Կարապետյան, լուսանկարը՝ ԱԺ կայքից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ապրիլի 9-ի հարցազրույցում հայտարարել էր, որ 2024-ը Հայաստանի ամենախաղաղ տարին է եղել, և որևէ զոհ չենք ունեցել։

«2024 թվականը, սկսած 88 թվականից և մեր անկախությունից՝ 91 թվականից, եղել է ամենախաղաղ տարին։ Ոչ մի զոհ մենք չենք ունեցել (նկատի ունի հակառակորդի կողմից սպանություն, խմբ)։ Նախորդիվ ժամանակաշրջանում էդպիսի տարի չի եղել, որ դիպուկահարից տասնյակ մեր զինվորներ կամ քաղաքացիական բնակչությունից տուժածներ չլինեին և զոհեր չլինեին»,- նշել էր նա «Ազատություն» ռադիոկայանի եթերում։

«Ստուգված է»-ն պարզեց, որ տեղեկությունը, թե 2024-ին Հայաստանը հակառակորդի կրակոցից որևէ զոհ չի ունեցել, սխալ է։ 

Գլխավոր դատախազության՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումից տեղեկանում ենք, որ նախորդ տարի հակառակորդի կողմից սպանության 4 դեպք է եղել։

2024-ի փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակել էին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել մեկ զինծառայող։ Այս մասին հաղորդել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ 

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատությանը» հայտնել էր, որ 4 զոհը և մեկ վիրավորը «Երկրապահ կամավորական միության» (ԵԿՄ) անդամներ էին։ ԵԿՄ վարչությունը հաստատել էր այս տեղեկությունը։ 

Դիտարկելով դատախազության 2008-2024 թվականների գործունեության մասին հաղորդումները՝ նկատում ենք, որ հակառակորդի կողմից գրանցված 4 սպանությունների թվով 2024-ը միակ տարին չէ։ 2019-ին և 2008-ին հայկական զինված ուժերում (ՊՆ և ՊԲ) ևս գրանցվել է հակառակորդի կողմից սպանության չորսական դեպք։

Ամբողջական պատկերը կարելի է տեսնել ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում։

2023 թվականի ընթացքում հակառակորդի կողմից զինծառայողների սպանության 19 դեպք է գրանցվել, որը 5-ով ավելի էր նախորդ տարվանից՝ 2022-ից․ այդ տարի գրանցվել էր սպանության 14, սպանության փորձի՝ 30 դեպք: Այստեղ ներառված չեն սեպտեմբերյան հարձակման հետևանքով զոհված ավելի քան 200 անձինք։

2021-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել է 17 սպանություն, 40 սպանության փորձ։ Հետպատերազմական այս տարում սահմանին վիճակը հատկապես լարված էր։ Սպանություններից և սպանության փորձերից բացի ՊՆ-ն հաղորդել էր նաև Զինված ուժերի 12 զինծառայողի գերեվարման մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր գերեվարման փաստը։ 2020 թվականին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, որի հետևանքով հայկական կողմի կորուստների թիվը, ըստ Քննչական կոմիտեի 2024 թվականի տվյալների, կազմել է 3749 անձ։ Զոհերի մեջ ներառված են ինչպես զինվորական, այդպես էլ քաղաքացիական անձինք։ 44-օրյա պատերազմի զոհերը չհաշված, 2020-ին հակառակորդի կողմից սպանվել է 8 զինծառայող։

2019-ին հակառակորդի կողմից իրականացված սպանությունների թիվը Հայաստանի և Արցախի զինված ուժերում չորսն է։ 2018-ին գրանցվել է սպանության 7 դեպք, 2017-ին՝ 21։ 2016-ին գրանցվել է սպանության 85 դեպք, այս թվի մեջ ներառված են նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը։ Այդ տարվա ցուցանիշը, ի տարբերություն 2020-ի պատերազմի, Դատախազությունը առանձին բացվածքով չէր ներկայացրել, այդ պատճառով նշել ենք զոհերի ողջ թիվը։

2015-ին հակառակորդի կողմից սպանվել է 38, 2014-ին 26 զինծառայող։ 2013-ին գրանցվել է 6, 2012-ին՝ 13 դեպք, 2011-ին՝ 10:

2010 թվականին արձանագրվել է սպանության 11 դեպք։
2009-ին հակառակորդի կողմից սպանության 6 դեպք է եղել, 2008-ին՝ 4:

Զեկույցներում Դատախազության հրապարակած տվյալները ավարտվում են 2008 թվականով։ Նախորդ տարիների տվյալները ստանալու համար կատարել ենք գրավոր հարցում։ 

Դատախազության ներկայացրած տվյալները կարող են տարբերվել Պաշտպանության նախարարության և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացրած տվյալներից, քանի որ կիրառվում են հաշվարկի տարբեր մեթոդաբանություններ։ 

Այսպիսով, Մարիա Կարապետյանի պնդումը, թե 2024-ին հայկական կողմը որևէ զոհ չի ունեցել հակառակորդի պատճառով, սխալ է։ Այդ տարի հակառակորդի կրակոցից զոհվել է չորս զինծառայող։

Զոհերի թվով 2024-ը բացառիկ տարի չէ. 2008-ին և 2019-ին ևս հակառակորդի կողմից սպանվել են հայկական զինված ուժերի չորսական զինծառայողներ։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել