Ապրիլի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայտարարեց, որ Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ընտրվել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում՝ չորս տարի ժամկետով։
Մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ կազմակերպության գործադիր կոմիտեի անդամի աշխատավարձը կազմում է 197,000 եվրո՝ 200 եվրո օրապահիկով: Այս տեղեկատվության աղբյուրը «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանի ֆեյսբուքյան գրառումն էր։
Տեղեկությունը տարածել էին «Սպուտնիկ Արմենիան», «Հրապարակը», armfootball.com-ը և այլ լրատվամիջոցներ։
«Ստուգված է»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ տեղեկությունը սխալ է։ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների չհարկված աշխատավարձը կազմում է ոչ թե տարեկան 197,000, այլ 160,000 եվրո։
ՈւԵՖԱ-ն եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունն է, որը կազմակերպում է մի շարք կարևոր մրցաշարեր, ներառյալ Եվրոպայի առաջնությունը (EURO), Ազգերի լիգան, Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան, Կոնֆերենցիաների լիգան և Սուպեր գավաթը։
ՈւԵՖԱ-ի 2024/25 տարվա բյուջեում նշվում է, որ Գործադիր կոմիտեի աշխատավարձերը հաստատվել են Փոխհատուցման կոմիտեի կողմից՝ 2017 թվականի օգոստոսին, և մինչ օրս փոփոխման չեն ենթարկվել:
2023/24 տարվա հաշվետվությունում նշվում է, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահները տարեկան վաստակում են 250,000 եվրո, իսկ մյուս անդամները՝ 160,000 եվրո։ Սա չհարկված գումարն է։
Հաշվետվության մեջ նշված է նաև, որ կոմիտեի անդամները իրավասու չեն բոնուս ստանալ: Մեզ չհաջողվեց գտնել նաև որևէ պաշտոնական տեղեկություն տրամադրվելիք օրապահիկի վերաբերյալ։
Մելիքբեկյանը մտադիր չէ հեռանալ ՀՖՖ նախագահի պաշտոնից
Մելքբեկյանի՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելուց հետո հնչեցին նաև կարծիքներ, թե վերջինս դադարեցնելու է իր աշխատանքը ՀՖՖ-ում։
Ի պատասխան այս տեսակետների՝ Ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը մեզ ասաց, որ ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը թույլ է տալիս համատեղել պաշտոնները ու հերքեց, թե Արմեն Մելիքբեկյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։
ՈւԵՖԱ-ում իսկապես չկա որևէ արգելք՝ երկու այս պաշտոնների համատեղման առումով։
Գործադիր կոմիտեի որոշ անդամներ նաև իրենց երկրների ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներ են։ Օրինակ Արմանդ Դուկան՝ Ալբանիայի, Սանդոր Չանին՝ Հունգարիայի, Ռազվան Բուրլեանուն՝ Ռումինիայի, Լևան Կոբիաշվիլին՝ Վրաստանի։
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն կազմված է ՈւԵՖԱ-ի նախագահից և մինչև 19 այլ անդամներից. 16-ը ընտրվում են ՈւԵՖԱ-ի Կոնգրեսի կողմից, երկուսը Եվրոպական ակումբների ասոցիացիայի կողմից և մեկը՝ Եվրոպական լիգաների կողմից: Բոլոր անդամներն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները: