Մարտի 24-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ անվտանգության ոլորտը ՍԵՊԱ-ում (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) չկար, և առաջին անգամ է, որ Եվրամիության հետ քննարկվելիք նոր օրակարգում անվտանգությանը մաս է հատկացված։
«․․․․Եվրամիությունը դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Մենք մեկնարկել ենք քաղաքական և անվտանգության երկխոսություն Եվրամիության հետ, արդեն տեղի է ունեցել երկու նիստ։ Քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ պետք է աշխատանքներ սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգությանն առաջին անգամ (այդ ոլորտը չկար ՍԵՊԱ-ում) հատկացված է մեծ մաս։ Առանձին գլուխ է դրա վերաբերյալ։ Իհարկե դրա հետ է կապվում Եվրամիության ընդհանուր և անվտանգային պաշտպանական քաղաքականության ներքո գործող առաքելությունների գործողությունները և այժմ պատրաստ է ստորագրության պայմանագիր, որը կստորագրվի առաջիկայում»,- ասել էր փոխնախարարը։
Նույն օրը երեկոյան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ փոխնախարարը սուտ տեղեկություն է տարածել և իրականում ՍԵՊԱ-ում կան անվտանգությանը վերաբերող հատվածներ։
«Ստուգված է»-ն ուսումնասիրեց քաղաքական գործիչների հայտարարությունները և պարզեց, որ ՍԵՊԱ-ում իսկապես կա ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հատված։
2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Համաձայնագրի «Նպատակները և ընդհանուր սկզբունքները» բաժնում նշվում է, որ համաձայնագրի նպատակներից է խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը՝ սահմանային անվտանգությունն ուժեղացնելու միջոցով և ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում։
Կա նաև առանձին բաժին, որը վերնագրված է «Արտաքին և անվտանգության քաղաքականությունը»։ Այս բաժինը նվիրված է ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը, անվտանգության ոլորտի բարեփոխմանը, տարածաշրջանային կայունությանը, զինաթափմանը, սպառազինությունների վերահսկմանն ու արտահանման վերահսկման հետ կապված խնդիրներին․
«Կողմերը պետք է ակտիվացնեն արտաքին և անվտանգության քաղաքականության, այդ թվում` ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտում իրենց երկխոսությունը և համագործակցությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում և համագործակցության ձևաչափերում իր մասնակցությանը և դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարևորությունը, ինչպես նաև պետք է լուծեն, մասնավորապես, հակամարտության կանխարգելման և ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, չտարածման, սպառազինությունների վերահսկման և արտահանման վերահսկման հետ կապված խնդիրներ»,- նշված է համաձայնագրում:
ՍԵՊԱ-ում անդրադարձ կա նաև ներքին անվտանգության խնդիրներին, օրինակ՝ միջուկային, էներգետիկ, արտադրական, սոցիալական և այլ ոլորտների անվտանգային հարցերին։
Այսպիսով, Պարույր Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ՍԵՊԱ-ում անվտանգության ոլորտը բացակայում է, սխալ է, քանի որ համաձայնագիրը անդրադառնում է ինչպես ներքին, այդպես էլ արտաքին անվտանգության ոլորտներին և փորձում կարգավորել այդ ոլորտում համագործակցությունը։ Համաձայնագրում չկա որևէ խոսք, օրինակ, զենքի մատակարարման վերաբերյալ, փոխարենը խոսվում է զինաթափման, սպառազինությունների վերահսկման և արտահանման վերահսկման հետ կապված խնդիրներից։