Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Լուսանկարում Ալեն Սիմոնյանն է, նկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 25-ի ճեպազրույցում լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ (որպես օրինակ նշում է Արմեն Աշոտյանին) և քաղաքական ճնշումներ, պատասխանել է՝ «ո՞վ ասեց», և նշել, թե դա իրենց գնահատելու հարցը չէ, դրա համար կան միջազգային կառույցների զեկույցներ։ Սիմոնյանը պահանջել է լրագրողից տալ միջազգային այն կառույցի անունը, որը նման գնահատական է տվել։ Լրագրողը դժվարացել է կոնկրետ կազմակերպության անուն նշել։

«Ստուգված է»-ն փորձեց հասկանալ՝ արդյոք կա՞ միջազգային որևէ զեկույց, որում Արմեն Աշոտյանը հիշատակվում է որպես քաղբանտարկյալ և արդյոք միջազգային կառույցների զեկույցներում Հայաստանում քաղաքական ճնշումների վերաբերյալ պնդումներ կան։

Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում իսկապես արձանագրված չէ, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, սակայն կազմակերպություններից առնվազն 3-ը նշում են Հայաստանում քաղաքական ճնշումնների մի շարք օրինակներ, այդ թվում՝ ճնշման ենթարկված անձանց անուններ, ինչպես նաև անում քրեական շինծու գործերի մասին արձանագրումներ։

Ենթատեքստը


Լրագրողի հարցին, թե քաղաքական ճնշումներ չկա՞ն Հայաստանում, Ալեն Սիմոնյանը պատասխանում է, որ դա իր և լրագրողի գնահատականի հարցը չէ, դրա համար կան միջազգային կառույցներ։

«Ո՛չ ես կարող եմ ասել՝ չկա, ո՛չ դուք կարող եք ասել՝ կա։ Դրա համար կան միջազգային կառույցներ, որոնք մասնագիտական գնահատան են տալիս, և դա համաշխարհային ընդունված փաստ ա։ Հիմա ում, ինչ բռնեն, բոլորը կարան ասեն սա քաղաքական հետապնդում ա։ Ով որ գիտի՝ հեսա իրան բռնելու են, մտնում ա քաղաքականության մեջ՝ մտածելով, որ ստեղ ինքը կարող ա դրանով պատսպարվել, հետո ասում ա՝ դա քաղաքական հետապնդում ա, բայց կա միջազգային կառույց»,- ասում է ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը լրագրողին կոչ արեց հրապարակել այն միջազգային կառույցի զեկույցը, որտեղ ասվում է, թե Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Լրագրողը պատասխանեց, որ Արմեն Աշոտյան չի նշվում, բայց ասվում է, որ քաղաքական իշխանությունների կողմից կան բռնաճնշումներ։ Ալեն Սիմոնյանը պահանջեց՝ «Անուն տվեք, օրինակ բերեք։ Ասեք Պետրոս Պետրոսյանը հայտարարվել ա էսինչ կազմակերպության կողմից որ բան, ես դա մեկնաբանեմ։ Ձեզ թվում է՝ Դուք, որ համարում եք դա տենց ա, ուրեմն ամբողջ հանրությունն ու իրականությունը տենց ա»։

«Ստուգված է»-ն ներկայացնում է միջազգային երեք հեղինակավոր կառույցների՝ Freedom House-ի, Amnesty International-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների այն հատվածները, որոնցում խոսվում է Հայաստանում հնարավոր քաղաքական ճնշումների և բռնությունների մասին։ 


Freedom House-ի 2024-ի զեկույցը


Միջազգային հեղինակավոր Freedom House-ի «Nations in Transit 2024» զեկույցում, օրինակ, ասվում է, բռնության հրապարակային կոչերը և քարոզը քրեականացնող օրենք հիմնականում օգտագործվել է ընդդիմադիրների ձայների դեմ, մինչդեռ իշխանական դերակատարների կողմից արված վիրավորանքները անտեսվել են:

Անդրադառնալով ՏԻՄ-երին՝ կառույցը նշել էր, որ տեղական իշխանությունների անկախության և լեգիտիմության երաշխիքները կասկածի տակ են առնվել, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» համակարգված կերպով փորձել է ընտրված ընդդիմադիր քաղաքապետներին պաշտոնանկ անել: Որպես օրինակ հիշատակվում է Արկադի Թամազյանը, որին «իշխող կուսակցությունը դեկտեմբերին հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետի պաշտոնից»:

Ըստ Freedom House-ի՝ գործընթացի օրինականությունը կասկածի տակ է դրել այն, որ իշխող կուսակցությունն օգտագործել է ճնշումների, շանտաժի և քաղաքական առևտրի տարբեր ձևեր:

Freedom House-ի մեկ այլ՝ Ազատությունը համացանցում․ «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» զեկույցում (2023թ.) նշվում է, որ Հայաստանում անհատները երբեմն ձերբակալվում կամ կալանավորվում են իրենց առցանց գործունեության համար: Բերվում է Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի օրինակը, որոնք քննադատել էին կառավարությանը իրենց «Իմնեմնիմի» փոդքաստում, այնուհետև «խուլիգանության մեղադրանքով դատապարտվել երկու ամսվա նախնական կալանքի»:

Կառույցը նշել էր նաև արդեն հանգուցյալ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գործը։ Վերջինս հայտնել էր, որ իրեն մեղադրանք է առաջադրվել «բռնություն հրահրելու» համար՝ 2023 թվականի սեպտեմբերին «Մահ դավաճաններին» ֆեյսբուքյան գրառման պատճառով։

Որպես առցանց գործունեության դեմ ձեռնարկված քայլերի օրինակ բերվում է նաև «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» հիմնադիր Սաշիկ Սուլթանյանի օրինակը, որին մեղադրանք էր առաջադրվել ատելություն սերմանելու համար։

«Նրան մեղադրանք էր առաջադրվել մեկ տարի առաջ՝ Իրաքում առցանց լրտվամիջոցին տված մեկնաբանությունների համար, որտեղ նա մանրամասն ներկայացրել էր Հայաստանիում եզդի փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ դրսևորվող խտրականությունը: Նա կարծում էր, որ իր մեկնաբանությունները ձայնագրված չէին, սակայն լրագրողն ավելի ուշ հրապարակեց դրանք»,- նշվում է զեկույցում:

Amnesty International

Միջազգային մեկ այլ հեղինակավար կազմակերպություն՝ Amnesty International-ը, 2022 թվականի «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը» ամենամյա զեկույցում պնդել էր, որ Հայաստանի գործող իշխանությունների ջանքերով խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ։

«Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ [2021թ.] մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար)։ Օգոստոսին՝ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև 3 ամիս ազատազրկումը։ Այդ նոր օրենքի շրջանակում սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործ հարուցեց Ֆեյսբուքի մի օգտատիրոջ դեմ՝ վարչապետին պատկերող լուսանկարի մեկնաբանությունների դաշտում նրան վիրավորանք հասցնելու համար», – ասվում է Amnesty International-ի զեկույցում։

Կազմակերպությունը խոսել էր նաև եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ շարունակվող քրեական հետապնդման մասին՝ այն անվանելով շինծու։

2023-ի սեղմ շարադրաքով զեկույցում կառույցը նշել էր, որ լրագրողները Հայաստանում պարբերաբար ենթարկվել են իշխանության աջակիցների կողմից ճնշումների, վիրավորանքների և բռնության, իսկ իրավապահները հակակառավարական ցույցերի ժամանակ ապօրինի ուժ են կիրառել։ Սահմանափակվել է արտահայտման ազատությունը՝ հարյուրավոր անձինք քրեական հետապնդման են ենթարկվել պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար։

ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցը

ԱՄՆ պետքարտուղարության 2021-ի ամենամյա զեկույցում նշվում էր, որ եղել են հաղորդումներ կամայական կամ ընտրովի ձերբակալությունների մասին.

«Օրինակ՝ հունիսի 27-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները Երևանի կառավարության շենքի մոտ բերման են ենթարկել մի քաղաքացու՝ ենթադրաբար վարչապետի հասցեին «Նիկոլ, հեռացիր» վանկարկելու համար»,- նշված է զեկույցում։

Պետքարտուղարությունը նշում է, որ թավշյա մանդատը պողպատե մանդատով փոխարինելու և օրինախախտներին պատժելու՝ վարչապետի հանձնառությունը, ըստ ընդդիմության և մարդու իրավունքների որոշ անկախ պաշտպանների, հիմնականում ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանի հակառակորդների դեմ: Մասնավորապես՝ հիշատակվում է Սյունիքում ընդդիմության հետ փոխկապակցված չորս քաղաքապետերի ձերբակալությունը.

«Քանի որ քաղաքապետները բացահայտորեն ընդդիմացել էին Փաշինյանին, նրանց ձերբակալությունները հարցեր առաջացրին՝ կապված օրենքի հնարավոր ընտրողական կիրառման և ձերբակալությունների քաղաքական դրդապատճառների հետ»,- գրված է զեկույցում։

Պետքարտուղարությունը ևս խնդրահարույց էր դիտարկել Սաշիկ Սուլթանյանի դեմ քրեական գործը. «Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 3-6 տարվա ազատազրկում: Մի խումբ ՀԿ-ներ նախազգուշացրել են, որ գործը «կխոչընդոտի ցանկացած հանրային քննարկում, որը կապված է խտրականության կամ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ…» »:

Զեկույցում խոսվում է նաև լրագրողների նկատմամբ իշխանության ներկայացուցիչների ճնշումների մասին։ Շեշտվում է, որ մեկ տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 18 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ պետական պաշտոնյաների կողմից։

Նշվում է, որ հարձակման զոհ դարձած լրագրողների գործերով իրավապահները գնահատականներ չեն տվել՝ որպես պատճառ բերելով իրավական հիմքերի բացակայությունը։ Նույն պատճառաբանությամբ, ըստ զեկույցի, դատարան չի հասել նախարարի պաշտոնը զբաղեցրած Հակոբ Արշակյանի մասնակցությամբ միջադեպը։

Նույն համատեքստում պետքարտուղարությունը հիշեցնում է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի միջև տեղի ունեցած միջադեպը, երբ պատգամավորը խլել էր լրագրողի հեռախոսը՝ իր մասնակցությամբ տեսանյութը ջնջելու նպատակով և մեղադրել նրան իր անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու համար։ 

Կառույցն անդրադարձ է նաև մի շարք բնակավայրերում կայացած ՏԻՄ ընտրություններին՝ շեշտելով, որ տեղեկություններ են փոխանցվել «ընդդիմության թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին», այդ թվում՝ Գորիսում, Ջերմուկում, Մեղրիում, Տաթևում, Թալինում, Տեղում, Վանաձորում և Վարդենիսում:

Մասնավորապես՝ հիշատակվում է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը։

«Ձերբակալությունը տեղի ունեցավ անմիջապես Վանաձորի համայնքային ընտրություններից հետո, որտեղ Ասլանյանի դաշինքը ստացել էր ձայների մեծամասնությունը և գտնվում էր իշխանություն ձևավորելու քննարկումների փուլում։ Շատ վերլուծաբաններ կարծում էին, որ, հաշվի առնելով ժամանակահատվածը, ձերբակալությունը քաղաքական շարժառիթ ուներ և օրենքի ընտրովի կիրառման դրսևորում էր իշխող կուսակցության քաղաքական հակառակորդի դեմ, նույնիսկ եթե գործը իրավական հիմքեր ուներ»,- նշված է զեկույցում։

Պետքարտուղարության 2022 թվականի տարեկան զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործին։ Նշվում է, որ վերջինս հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ իր քննարկման մասնակի ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչպես է Ջհանգիրյանը հորդորում Վարդազարյանին հրաժարական տալ՝ քրեական մեղադրանք չներկայացնլու դիմաց։



Զեկույցը մեջբերում է նաև իրավապաշտպանների մտահոգությունները, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

Նշվում է, որ բազմաթիվ հաղորդումներ են ստացվել, որ ոստիկանությունը կամայականորեն ձերբակալել է ցուցարարների.

«Օրինակ՝ սեպտեմբերի 16-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները բռնի ուժով բերման են ենթարկել երեք ակտիվիստների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)։ Նրանք պնդել էին, որ ոստիկանները բռնության են դիմել։

Կամայական ձերբակալությունների մասին հաղորդումների ենթատեքստում զեկույցում մեջբերվում է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը։

Այսպիսով, միջազգային հիշյալ կազմակերպությունների զեկույցներում չկա որևէ խոսք Արմեն Աշոտյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու մասին, սակայն կան քաղաքական ճնշումների մի շարք օրինակներ, այդ թվում՝ ճնշման ենթարկված անձանց անուններ և քրեական շինծու գործերի մասին արձանագրումներ։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել