Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Մարտի 23-ին հայկական մի շարք լրատվական կայքեր և սոցցանցերի էջեր տարածեցին «Իսլանդիայի կրթության նախարարը հրաժարական է տվել 15-ամյա տղայի հետ uիրավեպի պատմության պատճառով» խորագրով նյութեր և գրառումներ:

Տեղեկությունը տարածվում էր Իսլանդիայի 58-ամյա նախարար Ասթիլդուր Լոա Թորսդոտտիրի լուսանկարով՝ առանց նշման, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 36 տարի առաջ, երբ նախարարը 22 տարեկան էր։

Նման վերնագրեր էին ընտրել՝ այդ թվում Tert.am-ը, Lurer.com-ը, Ամբիոն.news-ը։

News.am-ը ևս վերնագրում չէր շեշտել, որ խոսքը ավելի քանի 30 տարի առաջ տեղի ունեցած դեպքի մասին է։ Կայքը նյութը վերնագրել էր՝ «Իսլանդիայի երեխաների գործերով նախարարը հրաժարական է տվել, քանի որ խոստովանել է, որ երեխա է ունեցել դեռահասից»։

Zona Positive ֆեյսբուքյան էջը նաև նշել էր (արխ.), որ նախարարը սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ և նրանից երեխա ունեցել՝ կրկին առանց հաղորդելու դեպքի մանրամասները։ Նույն կերպ տեղեկությունը տարածվել էր նաև տելեգրամում։ 

Նման վերնագրերը կարող են թյուրիմացություն առաջացնել ընթերցողի մոտ՝ տպավորություն ստեղծելով, թե դեպքը նոր է և տեղի է ունեցել նախարարի պաշտոնավարման ընթացքում։ Դրանում համոզվում ենք՝ ընթերցելով հրապարակումների մեկնաբանությունները։ Ճիշտ է, կայքերը նյութի բովանդակության մեջ մանրամասնել էին, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ, սակայն վերնագրերից նման ենթադրություն չէր հետևում։

Հայկական լրատվականները տեղեկությունը մեծամասամբ արտատպել էին BBC-ից, որը, ի տարբերություն մյուսների, վերնագրում նշել էր, որ խոսքը մոտ 30 տարվա հնության պատմության մասին է։

Առաջինն այս տեղեկությունը տարածել էր Իսլանդիայի հանրային հեռարձակող RÚV-ը (Ríkisútvarpið) մարտի 20-ին։ Լրատվամիջոցը գրել էր, որ ավելի քան երեք տասնամյակ առաջ երեխաների հարցերով նախարար Ասթիլդուր Լոա Թորսդոտտիրը սիրավեպ է ունեցել 15-ամյա տղայի հետ, որից հղիացել է հաջորդ տարի, երբ նա 23 տարեկան էր, իսկ տղան՝ 16։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նա հանդիպել էր երիտասարդին, երբ Կոպավոգուրի կրոնական խմբում ղեկավարում էր երիտասարդական աշխատանքները։ RÚV-ը կապ էր հաստատել տվյալ տղամարդու հետ, որն էլ հաստատել էր տեղեկությունը։

Լրատվամիջոցի հրապարակումից կարճ ժամանակ անց նախարարը հրաժարական էր ներկայացրել՝ փաստացի ընդունելով կատարվածը և պատճառաբանելով, որ այդ հարաբերությունները իր երիտասարդության սխալն են եղել, և ինքը չի ցանկանում ստվերել նախարարության ու կառավարության աշխատանքը։

Այսպիսով, հայկական լրատվականները մոլորեցնող վերնագրեր էին ընտրել Իսլանդիայի երեխաների հարցով նախարարի հրաժարականի պատմությունը ներկայացնելու համար։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել