Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող


Մարտի 21-ի խորհրդարանական լսումների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց, որ Հայաստանում աղը ամենուր անխոչընդոտ օգտագործվում է և դրա վերաբերյալ նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չի կոչվել։

«Ուզում եմ հիշեցնել Ձեր մյուս նախաձեռնության մասին։ Աղը Ձեր դարակում էիք դնում, չէիք բերում, բայց այդ աղն էլ չկարողացաք էդպես էլ կյանքի կոչել։ Այսինքն՝ էնքան վնասակարության մասին խոսեցիք, բայց, ի վերջո, մենք չհասկացանք աղի վնասակարության մասին խոսելով մենակ Ձեր դարակո՞ւմ մնաց, ինչո՞ւ մնաց Ձեր դարակում, որովհետև մենք տեսնում ենք, որ բոլոր տեղերում անխոչընդոտ նաև օգտագործվում է աղը»,- ասաց պատգամավորը։ 

Ավանեսյանն արձագանքի ժամանակ ասաց, որ աղին հետո կանդրադառնա, բայց այդպես էլ չանդրադարձավ։

Թագուհի Թովմասյանի խոսքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում աղամանները սեղանին դնելու արգելքի մասին օրենք գոյություն ունի, մինչդեռ դա այդպես չէ։ Խոսքը օրենքի նախագծի մասին է, որն այդպես էլ պարտադիր ուժ չստացավ։

2022 թվականի մարտի 2-ին Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ։ 

Ըստ նախագծի՝ հանրային սննդի օբյեկտներում պետք է արգելվեր աղաման դնել սեղանին` առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվեր 30 հազար դրամով: Հիմնավորման մեջ նշվում էր, որ կերակրի աղի օրական թույլատրելի չափաքանակը 5 գրամ է։ Օրինագծի նպատակը սննդակարգում աղի քանակի նվազեցումն էր։

Նախագիծը հանրային լայն արձագանք ստացավ։ Օրեր շարունակ քննարկվում էր օրենքի պատեհության հարցը, գաղափարը շատերի կողմից քննադատվեց ու ծաղրի արժանացավ (1 2 3 4 5 6 7

Լրատվամիջոցների վերնագրերում նախագիծը ներկայացվում էր իբրև ընդունված օրենք։ Օրինակ՝ նույն Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» կայքը 2022-ի մարտի 4-ին գրել էր (արխ.)՝ «Արգելվում է օբյեկտներում աղամաններ տեղադրել»։ Տեղեկությունը տարածել էին մի շարք լրատվականներ՝ Առավոտ, news.am, 168.am և այլն:

Factor.am-ը, Armenia today-ը, Asekose.am-ը, Mamul.am-ը, Iravaban.net-ը այս թեմայով իրենց նյութերի վերնագրերում գրել էին, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնել։ Վերնագրում չկար որևէ հուշում, որ խոսքը օրենքի նախագծի մասին է, ոչ թե՝ ընդունված որոշման։

Հայկական ֆեյսբուքում սկսեցին «հրաժեշտ տալ» (արխ.) աղամաններին։

Կառավարության՝ մարտի 17-ի նիստում թեմային անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր, որ նախագիծը դարձել է հումորի առարկա.

«Ես, օրինակ, հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան մեր առաջիկայում սպասվելիք ռեֆորմի մասին, որը վերաբերվում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշի մասին։ Դա հիմնականում հումորի թեմա է դառնում։ Ինչի՞։ Որովհետև մենք չգիտենք, չենք գնահատել… Այսինքն գիտենք արդեն, բայց ցավոք սրտի ոչ բոլորը գիտեն, թե, ասենք, աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն ա ունենում մեր հանրային առողջության վրա։ Այդ թվում՝ ծխելու չափանիշով, աղի օգտագործման չափանիշով մենք բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ»,- ասել էր Փաշինյանը։

Վարչապետը նշել էր, որ առողջ ապրելակերպը պետք է լինի իրենց ռազմավարական մոտեցումը և իրենք գնալու են այդ ճանապարհով։ Նախագիծը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, այդպես էլ Կառավարության քննարկմանը չներկայացվեց ու չդարձավ օրենք։

Նույն օրը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում ասել էր, որ առաջիկայում իրենք հանդիպումներ կունենան թե՛ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների, թե՛ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների, թե՛ հանրային առողջության կազմակերպությունների հետ, և կփորձեն նախագիծը քննարկել, ավելի լավ լուծումներ գտնել և այնուհետև ներկայացնել արդեն Կառավարությանը։

Հանրային այս քննարկումների արդյունքում մի շարք սննդի օբյեկտներում սկսեցին խուսափել աղամանները սեղանին դնելուց՝ հավանաբար կարծելով, թե օրենքն արդեն ուժի մեջ է մտել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ արդեն նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2022-ի մարտի 24-ին ևս անդրադարձել էր այս հարցին։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասել էր, որ խոսքը միայն նախագծի մասին է և գուցե հանրային վայրերի պատասխանատուներն են որոշել չդնել աղամաններ և հետևել նախագծի պահանջներին.

«Ընկալումն այնպես է եղել, թե նախագիծը գործունեության մեջ է դրված, և օրենք է արդեն: Սակայն նման օրենք դեռևս չկա: Սա ընդամենը նախագիծ է, որը նախարարությունն է շրջանառության մեջ դրել, Ազգային Ժողովն էլ այն դեռ չի քննարկել: Նախագիծը դեռ պետք է քննարկվի Կառավարությունում, անցնի բոլոր ընթացակարգերով»,- ասել էր պատգամավորը:

Ավելի ուշ սկսեցին քննադատություններ, թե օրենքը (իրականում նախագիծը) չի գործում, քանի որ աղամանները սկսել էին կրկին դրվել սեղաններին՝ առանց հաճախորդների խնդրանքի։

2024-ի օգոստոսի 1-ին Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում գոհունակություն հայտնեց, որ նախագիծը, անգամ չընդունված, մեծ արձագանք է ստացել և աշխատել է, և մարդկանց մոտ «արձանագրում եղավ, թե իրենք ինչքան աղ են օգտագործում իրենց ռացիոնի մեջ»։

Լրագրողի հարցին, թե հատուկ խորամանկ քայլի՞ էին դիմել, Ավանեսյանը պատասխանեց, որ իրենք բոլոր քայլերին դիմում են քաղաքացիների առողջությունը ապահովելու համար։ 

Այսպիսով, չնայած տևական ժամանակ առկա է տեսակետ, որ Հայաստանի հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամաններ դնել՝ առանց հաճախորդի պահանջի, սակայն նման արգելք իրականում չկա։ Նախագիծը հրապարակվել է 2022-ին, սակայն այդպես էլ օրենք չի դարձել, այն հնարավոր չէ գտնել Arlis.am-ում, որտեղ և պարտադիր կերպով հրապարակվում են ընդունված օրենքները, որոշումները, հրամանագրերը և այլ իրավական ակտեր։

 

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել