Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում, 2024թ.։ Լուսանկարը՝ ԱԺ-ի ֆեյսբուքյան էջից

Մարտի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել էր, որ հետսովետական երկրների ցանկում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանը 3-րդն է՝ Մերձբալթյան երեք երկրներից, ՌԴ-ից և Ղազախստանից հետո, այսինքն ընդհանուր 6-րդը.

«Հիմա էսօր հայտարարում են, ասում են՝ նախկին Սովետական միության երկրների համախառն ներքին արդյունքով ով՝ որ տեղում է։ Կարդացե՞լ եք, նայե՞լ եք։ Հենց ռուսական ալիքներն են հրապարակում։ Առաջին երեք Մերձբալթյան երկրները հանեք, Հայաստանը երրորդ տեղում է՝ Ռուսաստանից, Ղազախստանից հետո։ Բելառուսից էլ առաջ։ Համախառն ներքին արդյունքով՝ շնչին ընկնող։ Սա բարձրաձայն խոսեք, որը չենք խոսում։ Էդ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյուքնում է եղել»,- ասել էր նա։

Նույն միտքը պատգամավորը կրկնել էր նաև լրագրողների հետ ճեպազրույցում։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, խոսեց Խաչատուր Սուքիասյանի հետ՝ պարզելու, թե որն է նրա տեղեկատվության աղբյուրը։ Նա նշեց, որ տեղեկությունը ստացել է ռուսալեզու աղբյուրից, որի անունը դժվարացավ մտաբերել, միևնույն ժամանակ նշեց, որ նույն տեղեկությունը ստացել է նաև արհեստական բանականության միջոցով։ Պատգամավորը չբացառեց, որ, կախված մեթոդաբանությունից, կարող է տվյալները տարբեր լինեն։

Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Խաչատուր Սուքիասյանի ներկայացրած տվյալները սխալ են։ Հայաստանը հետսովետական երկրների ցանկում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ոչ թե 6-րդն է, այլ 8-րդը։ Բացի Սուքիասյանի նշած երկներից, Հայաստանն այդ ցուցանիշով զիջում է նաև Վրաստանին ու Թուրքմենստանին։

Մեկ բնակչի հաշվով համախառն ներքին արդյունքը տնտեսական ցուցանիշ է, որը ցույց է տալիս երկրի տնտեսական արտադրողականության մակարդակը՝ հաշվի առնելով բնակչության թիվը։

Ուսումնասիրելով Համաշխարհային բանկի (World Bank) մարտ ամսին հրապարակած՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշները հետսովետական 15 երկրների համար (վերաբերում են 2023թ.-ին), տեսնում ենք, որ Հայաստանը ոչ թե 6-րդն է, այլ՝ 8-րդը։ Հայաստանից առաջ են ոչ միայն Մերձբալթյան երեք Հանրապետությունները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, Ռուսաստանն ու Ղազախստանը, ինչպես նշել էր Խաչատուր Սուքիասյանը, այլև Վրաստանն ու Թուրքմենստանը։

Իհարկե տարբերությունը մեծ չէ. Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 8,053 դոլար է, Վրաստանինը՝ 8,283 դոլար, Թուրքմենստանինը՝ 8,232 դոլար։ 

Հայաստանին իրենց ցուցանիշներով զիջում են համապատասխանաբար Բելառուսը (7,829$), Ադրբեջանը (7,125$), Մոլդովան (6,729$), Ուկրաինան (5,069$), Ուզբեկստանը (2,849$), Ղրղզստանը (1,970$), Տաջիկստանը (1,160$)։

Հետսովետական երկների՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ըստ Համաշխարհային բանկի կարող եք տեսնել ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում։

Ուսումնասիրել ենք նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հրապարակած վերջին տվյալները։ Այս կառույցն ավելի շատ կենտրոնացած է կարճաժամկետ տնտեսական կանխատեսումների վրա, որոնք իրականացնում է անդամ երկրների կենտրոնական բանկերի և ֆինանսների նախարարությունների հետ համագործակցությամբ։
IMF-ի՝ 2025 թվականի կանխատեսման համաձայն ևս Հայաստանը հետսովետական երկրների ցանկում 6-րդը չէ՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով։

Ըստ այս աղբյուրի՝ Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմելու է 8960 դոլար։ Այս ցուցանիշով Հայաստանը դիրքերը զիջում է ինչպես Մերձբալթյան երեք երկրներին, Ղազախստանին, Ռուսաստանին, այդպես էլ Թուրքմենստանին և Վրաստանին՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։

Հիմնադրամի ներկայացրած տվյալներին մանրամասն կարելի է ծանոթանալ ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում։

Ինչ վերաբերում է նույն կառույցի՝ 2023 թվականի տվյալներին (որոնք կարելի է համադրել Համաշխարհային բանկի վերջին տվյալների հետ), ապա Հայաստանն այս դեպքում ևս 8-րդն է հետսովետական երկրների ցանկում՝ կրկին իրենից առաջ թողնելով Մերձբալթյան երեք երկրներին, Ռուսաստանին, Ղազախստանին, ինչպես նաև Վրաստանին ու Թուրքմենստանին։

Ցուցանիշներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել