Փետրվարի 20-ից ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվում է տեսանյութ (արխիվացված), որում, իբր, ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ դժգոհելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից և Կառավարության արդյունավետության նախարարության ղեկավար Իլոն Մասկից։
Տեսանյութն այս պահին ունի 1200 կիսում, 420 հավանում և շարունակում է տարածվել։ Դրան հղում անելով հնչեցին պնդումներ (արխիվացված), որ «Ֆիլադելֆիայում այս պահին հզոր միտինգներ են Թրամփի ու Մասկի դեմ»։
Տեսանյութը տարածվել է նաև ինստագրամում (արխիվացված)։
«Ստուգված է»-ն պարզել է, որ այս տեղեկությունը կեղծ է, քանի որ տեսանյութում երևացող մարդիկ տոնում էին ֆուտբոլային թիմի հաղթանակը, ոչ թե՝ բողոքում ԱՄՆ գործող իշխանության դեմ։
Ուսումնասիրելով տեսանյութը՝ հասկանում ենք, որ այն իսկապես Ֆիլադելֆիա քաղաքում է նկարահանվել՝ Բրոդ կենտրոնական փողոցում։
Տեսանյութը տարածում էր գտել ավելի վաղ՝ այս տարվա հունվարի 27-ին։ Դրանից մեկ օր առաջ ֆիլադելֆիայի «Իգլս» ֆուտբոլային թիմը հաղթանակ էր տարել Վաշինգտոնի «Կոմանդերս»-ի նկատմամբ և ապահովել մուտքը Սուպեր ԲոուլՍուպեր Բոուլը ամերիկյան ֆուտբոլի ամենամեծ և կարևոր իրադարձությունն է, որը տեղի է ունենում ամեն տարի։
Այս տեսանյութում երկրպագուները պարզապես տոնում էին թիմի հաղթանակը։
Կան նույն վայրից ավելի մոտ նկարված կադրեր, որտեղ ակնհայտ երևում է, որ երկրպագուները երգում ու պարում են ու չկա որևէ խոսք Դոնալդ Թրամփի կամ Իլոն Մասկի վերաբերյալ։
View this post on Instagram
Բացի դրանից, տարածվող տեսանյութը վերցված է TSN սպորտային ալիքի տիկտոկյան էջից (արխիվացված), որի հաշթեգի հատվածում նշված է #sblix, այսինքն՝ «Super Bowl LIX»։
Ցույցեր Ֆիլադելֆիայում եղել են
Ֆեյսբուքի հայկական տիրույթում տեսանյութի տարածումից ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Նախագահների օրը՝ փետրվարի 17-ին (արխիվացված), ինչպես նաև փետրվարի 20-ին Ֆիլադելֆիայում ակտիվիստներն իսկապես ցույցեր անցկացրել էին ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի։ Ցույցերի մասշտաբները սակայն, ավելի փոքր էին։