Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը ԱԺ-ում սկսել էր քննարկվել փետրվարի 11-ից։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ հավաքելով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ թվով ստորագրությունները։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում։
Փետրվարի 11-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախաձեռնությանը։ Նշվում էր, որ օրենքի նախագիծը իրավական առումով «անհեթեթ փաստաթուղթ է», քանի որ չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին: Ըստ գրառման՝ դա հայտարարություն է, բայց ոչ օրենք, քանի որ չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ որևէ իրավասուբյեկտի համար:
Այսօր՝ փետրվարի 12-ին, նմանատիպ պնդում արեց նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ առաջ բերված նախագիծը չի կարող կոչվել օրենք, քանի որ օրենքն ունի հստակ կառուցվածք․
«Օրենքը պետք է ունենա պարտադիր վարքագծի կանոն, լինի իրավաչափ, այսինքն՝ բավարարի իրավական որոշակիության կանոնին և պարունակի նորմ պետության հարկադրանքի միջոցով այն գործադրելու համար։ Այն բովանդակությունը, որը դրված է ձեր սեղաններին (նկատի ունի ԱԺ պատգամավորներին, խմբ․) չի բավարարում էս երեքից որևէ մեկին»,- ասել է Արծվիկ Մինասյանը։
«Ստուգված է»-ն ուսումնասիրել է ընդդիմության պնդումները և պարզել, որ «Եվրաքվե»-ի ներկայացրած օրենքի նախագիծը իսկապես չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին։ Բացի դրանից, ԱԺ-ի փորձագիտական և վերլուծական վարչությունը խնդրահարույց է համարել այս օրինագիծը և հակասություններ տեսել դրա և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի միջև։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ օրենքը օրենսդիր իշխանության մարմնի՝ խորհրդարանի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ իրավական ակտն է։
Նույն օրենքով սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտը պետք է պարունակի վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Ներկայացված նախագծում, մինչդեռ, չկա սահմանված որևէ պարտադիր կանոն և չկա անձանց խումբ, որը պետք է հետևի այդ կանոնին։
Օրենքով նախատեսվող իրավունքի նորմերը հասարակական հարաբերությունները կարգավորում են իրավունքների և պարտականությունների սահմանման միջոցով:
Ներկայացված նախագծում սահմանված չեն ո՛չ իրավունքները, ո՛չ պարտականությունները, չկա նաև կետ այն մասին, թե պետական հարկադրանքի ինչ միջոցներ կարող են կիրառվել տվյալ օրենքը խախտելու դեպքում:
Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հոդվածների տեսքով, որոնք ունենում են համարներ։ «Եվրաքվե»-ի օրենքի նախագծում այս պահանջը ևս բավարարված չէ։
ԱԺ-ի փորձագիտական և վերլուծական վարչությունը ևս խնդրահարույց է համարել նախագիծը
ԱԺ-ի փորձագիտական և վերլուծական վարչությունը իր եզրակացության մեջ նշել է, որ այս նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են իրավական որոշակիության տեսանկյունից, քանի որ նախատեսված չեն վարքագծի պարտադիր կանոններ, չկա պետական հարկադրանք:
Իրավական փորձաքննության մեջ նշվում է․
«․․․Անհասկանալի է՝ ինչ վարքագծի կանոն է նախատեսվում իրավունքի սուբյեկտի համար, ով է այդ վարքագծի կանոնի «հասցեատերը», ինչ անբարենպաստ հետևանքներ կառաջանան նախագծով նախատեսվող վարքագծի կանոններին չհետևելու դեպքում»:
Վարչությունը եզրակացրել է, որ նախագծով նախատեսվող կարգավորումները չեն համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին և առաջարկել է վերանայել այն․
«Օրենքները որպես նորմատիվ իրավական ակտեր ուղղված են միայն ու միայն վարքագծի պարտադիր կանոններ նախատեսելուն: Հետևաբար, եթե Նախագիծը չի պարունակում քննարկված հատկանիշներին համապատասխանող վարքագծի կանոններ, ապա խնդրահարույց է նրա «օրենք» բնորոշվելու հարցը»,- նշված է փորձաքննության մեջ:
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծում այս վերանայումներն արված չեն, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, այնտեղ բացակայում են վարքագծի պարտադիր կանոնները, մարդկանց որոշակի խմբի իրավունքներն ու պարտականությունները, չկան նաև հարկադրանքի մեխանիզմներ։
ԱԺ փետրվարի 11-ի նիստում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է ներկայացվածը օրենքի նախագիծ, այլ ոչ թե հայտարարություն, ասաց, որ իրենք չունեին օրենքի նախագիծը հայտարարություն դարձնելու մեխանիզմ․
«Հիմա եկել ա, մերժեի՞նք քաղաքացիների նախաձեռնությունը։ Մենք չունեինք օրենքի նախագիծը հայտարարության նախագիծ դարձնելու մեխանիզմ։ Մենք կարող էինք կա՛մ ընդունել քաղաքացիների բերած նախագիծը, կա՛մ մերժել։ Ձեր ասածն անելու համար (դիմում է Արծվիկ Մինասյանին, խմբ) մենք պետք է նա մերժեինք, տեքստը վերցնեինք, դնեինք հայտարարության տեքստի վրա և ընդունեինք որպես հայտարարություն, ինչը, կարծում եմ, քաղաքական մեսիջինգի առումով ճիշտ չէր լինի։ Դա, կարծում եմ, սխալ կընկալվեր և՛ Հանրապետության ներսում, և՛ դրսում», – ասել էր Եղոյանը։