2024.12.06,

Ստուգված է

Չախոյանի պնդումը սխալ է․ «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները թուրքական չեն

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Դեկտեմբերի 3-ին «Երևանի ավտուբուս» ընկերության մի շարք վարորդներ վաղ առավոտից գործադուլ էին անում՝ քաղաքապետարանից պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը և բարելավել աշխատանքային պայմանները։ Բողոքի ակցիային ներկա էր նաև ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը, որը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ նոր ձեռք բերված «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները թուրքական են՝ չնայած իշխանությունն ասել էր, որ Գերմանիայից են։

«Այս իշխանությունը մեղադրում է վարորդներին կոռուպցիայի մեջ։ Ասում են «Ման» ավտոբուսները Գերմանիայից ենք բերում, հենց հիմա ձեզ խնդրում եմ լսուսաբանեք, նոր «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները որ բերել են, թուրքական համարներով են բերել։ Պետք ա Գերմանիայից բերեին։ Թուրքական ավտոբուսները ո՞նց են բերում։ Էս ինչ վերաբերմունք ա։ Ես գալիս եմ այն եզրահանագման, որ ամբողջովին թուրքական իշխանություն է։ Եթե կոռուպցիայից ենք խոսում, թուրքական ավտոբուսն էստեղ ի՞նչ է անում, թուրքական համարներով, բա Գերմանիայից պետք է լինեին»,- ասում է Չախոյանը։

Կադրերում իսկապես երևում է, որ ավտոբուսների համարանիշները թուրքական են։

Այս լուրը տարածվել էր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ 

«Ստուգված է»-ն պարզեց, որ տեղեկությունը սխալ է․ «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները չինական արտադրության են և բերվել են Չինաստանից, իսկ թուրքական համարանիշների առկայության պատճառն այն է, որ դրանք փոխադրվել են Թուրքիայով և ժամանակավորապես ստացել թուրքական համարանիշներ։ 

Սխալ է նաև Չախոյանի այն պնդումը, թե քաղաքապետարանը խոստացել էր «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները բերել Գերմանիայից։ Իրականում գերմանական արտադրության են «Ման» մակնիշի ավտոբուսները, և քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը վերաբերում էր դրանց, ոչ թե «Ժոնգ Թոնգ»-ներին։

Թվով 171 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսները գնվել են չինական Zhongtong Bus Holding ընկերությունից, որը գտնվում է Չինաստանի Շանդուն նահանգում։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիարդ 300 միլիոն դրամ։

Նույն ընկերությունից քաղաքապետարանը ձեռք է բերել նաև 1 միլիարդ 518 միլիոն դրամի՝ թվով 15 տրոլեյբուսներ։ 

Ինչու են համարանիշները թուրքական

Մենք կապ հաստատեցինք Zhongtong Bus Holding ընկերության հետ և հարցրինք, թե ինչու են մատակարարված ավտոբուսները թուրքական համարանիշներով։ Ընկերությունից պարզաբանեցին, որ մեքենաները բարձվել են Թուրքիայի Ստամբուլ նավահանգստում և ստացել թուրքական ժամանակավոր համարանիշներ՝ ճանապարհը շարունակելու համար։

«Քանի որ փոխադրամիջոցները բարձվել են Թուրքիայի Ստամբուլ նավահանգստում, փոխադրող կազմակերպությունը լուծել է ժամանակավոր համարանիշների խնդիրը Թուրքիայում, և այնտեղից մեքենաները բերվել են Հայաստան։ Համարանիշները ժամանակավոր են և փոխադրամիջոցները նոր արտադրված են Zhongtong Bus-ի կողմից»,- նշել է կազմակերպությունը։ 

Այսպիսով, Արթուր Չախոյանի պնդումը, թե «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները թուրքական են, սխալ է։ Ավտոբուսները չինական են՝ բերված Չինաստանից։ Իրականությանը չի համապատասխանում նաև նրա պնդումը, թե քաղաքապետարանը հայտարարել էր, որ դրանք բերվել են Գերմանիայից․ հայտարարությունը վերաբերում էր «Ման» մակնիշի ավտոբուսներին։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *