2024.11.19,

Ստուգված է

Դրամարկղային սարքեր․ ովքեր են մատակարարներն ու որ պաշտոնյաների հետ են փոխկապակցված

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր, թե Երևանի ավտոբուսներում տեղադրված դրամարկղային սարքերը ձեռք են բերվել «Օմնիկոմմ» ընկերության սեփականատեր Ռուբեն Սարգսյանից: Ըստ Մանուկյանի՝ Ռուբեն Սարգսյանը նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ընկերն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանի ամուսինն է։

«Այս Ռուբոն համատեղության կարգով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ Զարուհի Մաթևոսյանի ամուսինն է: Կոռուպցիա չկա, ժողովուրդ ջան: Մի մարդ, որը քաղաքապետարանի վրա առաջին փուլով բրդում է այս անհասկանալի կոպեկի սարքերը, եթե չեմ սխալվում 190 կամ 250 հազար դրամով են էդ կոպեց քցելու բանը բերել, բայց իմ գնահատմամբ` իրական արժեքը 50.000 դրամ էլ չկա»,- նշել էր նա:

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել ու պարզել է, որ Մանուկյանի հայտարարություններում կան թե՛ ճշգրիտ, թե՛ մոլորեցնող պնդումներ։

Անձնական կապերը

«Օմնիկոմմ» ընկերությունը, որը իրականացնում է տրանսպորտային սարքավորումների նորոգում և տեխնիկական սպասարկում, իսկապես պատկանում է Ռուբեն Սարգսյանին, որը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանի ամուսինն է։

Ռուբեն Սարգսյանը «Ստուգված է»-ի հետ զրույցում ընդունել է, որ նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ, սակայն ընկերներ լինելու պնդումը համարել է չափազանցություն․

«Հրաչյա Սարգսյանի հետ մենք շփվել ենք էս պրոյեկտի շրջանակում, այսինքն աշխատանքային ռեժիմով, աշխատանքային քննարկումներ ունեցել ենք։ Միգուցե ինֆորմացիան նրանից է, որ երկուսս էլ նույն բուհն ենք ավարտել, բայց ուսանողական տարիներին մենք իրար չենք ճանաչել։ Մենք աշխատանքի բերումով ծանոթներ ենք։ Ընկերներ ասվածը շատ չափազանցրած է»,- ասել է Ռուբեն Սարգսյանը։ 


Մետաղ ընդունող սարքերի մատակարարները

Երևանի ավտոբուսներում 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարքերը տեղադրելու որոշումը կայացվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Հայկ Մարությանի քաղաքապետության օրոք։

Երևանի քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ տեղադրված սարքերը մատակարարել են մի քանի ընկերություններ.

  • 405 սարք՝ «Նորայր Շախնազարյան Միքայելի» ԱՁ-ն՝ 67․800․000 դրամով։
  • 60 սարք՝ «Ուանքլիկ» ՍՊԸ-ն՝ 8 մլն 250 հազար դրամով։
  • 155 սարք՝ «Օմնիկոմմ» ՍՊԸ-ն՝ 21 մլն 855 հազար դրամով։

Այդ 155 միավոր սարքերը գնվել են «Օմնիկոմմ» ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով։  Գնումը կատարել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևան» հիմնադրամը և անհատույց տրամադրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։ Յուրաքանչյուր միավորի համար տրամադրվել է 141.000 դրամ, որի մեջ ներառված է սարքերի տեղադրման և գործարկման աշխատանքները։

Նշենք, որ List.am-ում, օրինակ, մետաղ ընդունող սարքերի արժեքը տատանվում է 10.000-ից 50.000 դրամի սահմաններում, իսկ alibaba.com-ում կարելի է գտնել 20.000 դրամանոց սարքերից մինչև 1 մլն դրամ արժեք ունեցողներ։ 

*Նույն պայմանագրի շրջանակում մատակարարվել է նաև 24 մլն 496 հազար դրամի 155 տեսախցիկ (մեկ միավորի գինը 158040 դրամ), որով պետք է տեսահսկվեն մետաղադրամ ընդունող սարքերը։

Գնման պայմանագիրը, Երևանի քաղաքապետարանի փոխանցմամաբ, հրապարակված չէ։ Սա ղեկավար կառույցի կողմից հրատապ կարգով կազմակերպված գնման գործընթաց է։ «Ստուգված է»-ն պայմանագիրը ձեռք է բերել գրավոր հարցմամբ։

«Քանի որ գնման թեման տարեվերջին է բացվել, և բյուջեով դրա համար նախատեսված միջոցներ չեն եղել, հրատապությունից ելնելով քաղաքապետարանը իր ենթակայությամբ գործող «Երևան» հիմնադրամի միջոցով ձեռք է բերել թվով 155 մետաղընդունող սարքեր, որոնք ընդունվել են Քաղաքապետարանի բալանս և փոխանցվել «Երևանի ավտոբուսին» անհատույց օգտագործման համար։ Հարցում է արվել ոլորտում աշխատող ընկերություններին, որի արդյուքնում ամենացածր գնառաջարկն «Օմնիկոմմ»-ն է արել, այդ պատճառով հենց իրենցից է ձեռք բերվել»,- փոխանցեց քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը։

Այսպիսով ստացվում է, որ ավագանու անդամի պնդումը, թե սարքերի արժեքը 190 կամ 250 հազար դրամ է, սխալ է: Նկատենք նաև, որ ոչ բոլոր ավտոբուսներում է սարքերի մատակարարումն իրականացրել «Օմնիկոմմը», ինչպես կարող է տպավորություն ստեղծվել Մեսրոպ Մանուկյանի խոսքից և լրատվականների վերնագրերից։ Միևնույն ժամանակ ճիշտ է նրա այն պնդումը, որ մատակարար ընկերության ղեկավարը փոխկապակցված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ։

«Օմնիկոմմը» ոչ միայն մատակարար է, այլև՝ սպասարկող

«Ուանքլիկ»-ի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը «Ստուգված է»-ի հետ զրույցում ասաց, որ դրամարկղային սարքերի մատակարարման աշխատանքում, ի թիվս այլ ընկերությունների, համագործակցություն եղել է նաև «Օմնիկոմմ»-ի հետ։ Նրանցից ձեռք է բերվել ծրագրային ապահովում։

«Օմնիկոմ»-ի տնօրեն Ռուբեն Սարգսյանը մեզ պարզաբանեց, որ իրենց ընկերությունն առավել կենտրոնացած է սպասարկում իրականացնելու վրա․

«Մեր ընկերությունն ավելի շատ սպասարկում է իրականացրել։ Եղել է, որ այլ ընկերություն հաղթել է, բայց մեր ընկերությունը որոշակի ծառայություն է մատուցել։ Սարքերում նաև համակարգչային բլոկ կա, պլատա է, որը հաշվիչն է էդ կոպեկի, որպեսզի այդ լուծումն աշխատի, մեր ընկերությունը որոշակի ծառայություն մատուցել է»,- ասաց նա։

Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ մետաղադրամ ընդունող սարքերի առաջին խմբաքանակը իրենք են մատակարարել՝ Հայկ Մարությանի օրոք (2021 թվականին, խմբ․), և այժմ էլ սարքերի սպասարկում են իրականացնում, աշխատում են 24-ժամյա ռեժիմով։ 

«Օմնիկոմմը»՝ GPS սարքերի մատակարար

Ըստ Ֆինանսների նախարարության armeps.am համակարգի՝ «Օմնիկոմմ» ընկերությունը երկու պայմանագիր է կնքել նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հետ։

Առաջին պայմանագիրը կնքվել է 2023 թվականին՝ ընդհանուր 5 միլիոն 299 հազար դրամ արժողությամբ, որի շրջանակում իրականացվել են վերահսկման (GPS) սարքավորումների սպասարկման ծառայություններ։

Երկրորդ պայմանագիրը կնքվել է 2024 թվականին՝ 1 միլիոն 676 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, որի շրջանակում աղբատար մեքենաներում տեղադրվել են 41 վերահսկման (GPS) սարքավորումներ։

* Այս նախադասությունն ավելացվել է նյութի հրապարակումից երկու օր անց՝ նոյեմբերի 21-ին։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *