Վերջին շրջանում հայաստանյան մեդիան քննարկում է Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորների գործուղումների հարցը։ Hraparak.am-ը, օրինակ, գրել էր, որ իշխանական պատգամավորները տևական բոյկոտից հետո ակտիվացրել են Ռուսաստան այցերը, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շրջագայում է միայն Արևմտյան երկրներում, ինչի պատճառով էլ Ռուսաստան գործուղումներին գնում է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Այս լուրն արտատպել էին 168.am, tert.am, oragir.news, iravunk.com, news.am և այլ լրատվամիջոցներ։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է, թե որ երկրներ են ավելի շատ այցելում խորհրդարանականները և թե ինչպես է փոփոխվել Ալեն Սիմոնյանի այցելությունների դինամիկան վերջին տարիներին։
Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը ԱԺ-ն նախագահում է 2021 թվականի օգոստոսի 2-ից։ Այդ տարի նա ունեցել է 7 գործուղում, որոնցից երկուսը Ռուսաստան (1, 2), մեկական անգամ էլ այցելել է Իսպանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Հունաստան, Ավստրիա։
2022-ին ԱԺ նախագահը Ռուսաստան այցելել է կրկին 2 անգամ (1, 2)։ Մեկական անգամ եղել է Քաթարում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ավստրիայում, Իրանում, Ֆրանսիայում, Ղազախստանում, ԱՄՆ-ում և Բալիում։
2023-ին Սիմոնյանը Ռուսաստան այցելել է մեկ անգամ, ինչպես Իռլանդիա, Ֆրանսիա, Լեհաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բելառուս, Թուրքիա, Բահրեյն, Քաթար։
2024-ի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 3-ը Սիմոնյանը 2 անգամ ուղևորվել է Շվեյցարիա, 2 անգամ Լիտվա, մեկական այց էլ կատարել է Լատվիա, Սլովենիա, Իսպանիա, Բելգիա, Էստոնիա, Բուլղարիա։ Այս տարի ԱԺ նախագահը ՌԴ չի այցելել։
Արարատ Միրզոյան
2019-ին Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը իր հիմնական այցերն իրականացրել է Ռուսաստան և Արցախ՝ կատարելով հինգական այց։ Ավելին, նրա խորհրդարանական առաջին այցը եղել է հենց Ռուսաստան։
Մեկական այց էլ կատարել է ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Շվեդիա, Լեհաստան, Գերմանիա, Սերբիա, Քաթար, Ղրղզստան, Կիպրոս, Ղազախստան։
2020-ին Միրզոյանն ունեցել է չորս գործուղում՝ երկու անգամ դեպի Արցախ (1, 2), մեկական անգամ էլ Սերբիա և Դանիա։ Այցելությունների այս փոքր թվի պատճառը կորոնավիրուսային համաճարակն էր։
Հակոբ Արշակյան
Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանին, ապա 2021-ին նա ունեցել է 2 գործուղում դեպի Ռուսաստան։
2022-ին Արշակյանը 7 այց է կատարել, որոնցից 4-ը Ռուսաստան (1, 2, 3, 4), մեկական այց էլ Ֆրանսիա, Ճապոնիա և Արաբական Միացիալ Էմիրություններ։
2023-ին վերջինս 10 երկիր է այցելել. 3 անգամ Ռուսաստան, մեկական անգամ էլ Սիրիա, Ֆրանսիա, Անգոլա, Չեխիա և Սլովակիա, ԱՄՆ, Հնդկաստան և Բելառուս։
2024-ին Արշակյանը Ռուսաստան է այցելել մեկ անգամ։ Նույնքան անգամ գործուղվել է Մեքսիկա, ԱՄՆ, Չինաստան, Շվեյցարիա և Սլովակիա։
Այսպիսով, տեսնում ենք, որ Ալեն Սիմոնյանը տարեցտարի նվազեցրել է այցերը Ռուսաստան։ Եթե նախագահության առաջին երկու տարիներին նա ունեցել է չորս այց Ռուսաստան՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ, ապա 2023-ին այցերի թիվը դարձել է մեկ, իսկ այս տարի առհասարակ որևէ այց չի եղել։
Ի տարբերություն նրա՝ Արարատ Միրզոյանը 2019-ին (նրա պաշտոնավարման միակ տարին, երբ կարելի է օբյեկտիվ պատկեր տեսնել) Ռուսաստան այցելել է հինգ անգամ։
Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանին, ապա վերջինս նախորդ տարիների համեմատ ևս կրճատել է Ռուսաստան այցելությունների թիվը։ 2022-ի չորս և 2023-ի երեք այցերի փոխարեն այս տարի նա կատարել է մեկ այց։ Իհարկե նկատենք, որ 2024-ը դեռ ավարտված չէ և միգուցե այցեր դեռ նախատեսվում են։
Որ երկրներ են առավել շատ գործուղվում ԱԺ պատգամավորները
Հասկանալու համար, թե ԱԺ պատգամավորները որ երկրներ են հաճախ այցելում, ուսումնասիրել ենք գործուղման մասին որոշումները 2019-ին, 2023-ին և 2024-ին (մինչև հոկտեմբերի 4)։
2019-ին խորհրդարանականները ամենից շատ գործուղվել են Ռուսաստան՝ 27 անգամ։
Հաջորդ ամենաշատ այցելված երկիրը Ֆրանսիան է՝ 21 անգամ, երրորդ տեղում է Արցախը՝ 11 անգամ, այնուհետև Վրաստանը` 9 անգամ։
2023-ին խորհրդարանականներն ամենից շատ գործուղվել են Ֆրանսիա՝ կատարելով 28 այց, ապա Ռուսաստան՝ 18 այցով։ Թվով երրորդը ԱՄՆ-ն է՝ 13 այցով, չորորդ տեղում է Գերմանիան՝ 6 այցով։
2024-ին այցելությունների թվով առաջատարը կրկին Ֆրանսիան է։ Խորհրդարանականները հոկտեբերի 4-ի դրությամբ ունեցել են 20 գործուղում այդտեղ։
Երկրորդ տեղում կրկին Ռուսաստանն է՝ 9 այցով, ապա Գերմանիան և ԱՄՆ-ն են՝ յոթական այցերով։
Այսպիսով, ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Հայաստանի ԱԺ պատգամավորների գործուղումների հիմնական ուղղությունները ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ են կրել։ Եթե 2019-ին առաջատարն էր Ռուսաստանը, ապա 2023-ից սկսած ամենաշատ այցելվող երկիրը Ֆրանսիան է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: