Սեպտեմբերի 11-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը դժգոհեցին հանցագործությունների ավելացող վիճակից։ Փաշինյանն ի պատասխան խորհուրդ տվեց իրադարձությունների ապոկալիպտիկ ընկալումից դուրս գալ և խորհրդարանական լսումներ կազմակերպել հարցի վերաբերյալ։
Հաջորդ օրը Կառավարության նիստին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի՝ 2023-ի համեմատ հանցագործությունների թիվը 2024-ին ոչ թե աճել, այլ՝ նվազել է։
«Առաջին կիսամյակի համար ունենք հանցավորության 18818 դեպք, մինչդեռ նույն ժամանակահատվածում 2023 թվականին ունեցել են 19891 դեպք։ 2023 թվականին առավելապես, բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ էին։ Պատկերը չի փոխվել նաև այս կիսամյակի ընթացքում․ 81,7%-ը 18818 դեպքից դա ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են։ Այսինքն նվազ ծանրության դեպքերն են»,- ասաց դատախազն ու հավելեց, որ սրան հակառակ կա նաև անհանգստացնող վիճակագրություն․ առանձնապես ծանր հանցագործությունները աճել են 17,8%-ով։
«Ստուգված է»-ն ուսումնասիրել է պատգամավորների և Գլխավոր դատախազի պնդումները և վերլուծել հանցավորության մասին պաշտոնական վիճակագրությունը, ստուգել ենք նաև, թե որոնք են այն հանցատեսակները, որոնց թիվն աճել է նախորդ տարվա համեմատ։
Պատգամավորների պնդումները
Ագնեսա Խամոյանի խոսքով՝ հանցավորության ցուցանիշն ավելացել է 8%-ով, առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 37%-ով, ավազակության դեպքերը՝ 46%-ով, զենքի գործադրմամբ հանցագործությունները 40%-ով։ Աճել են խարդախության, մահվան ելքով վրաերթերի թվերը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ավելացել է 170%-ով։
Լուսինե Բադալյանը որևէ վիճակագրություն չհրապարակեց, սակայն ասաց, որ հանցավորության աճը նկատելի է անզեն աչքով։
Ագնեսա Խամոյանի տվյալները հիմնված են Դատախազության՝ 2023 թվականի տարեկան հաղորդման վրա։ Այստեղ ներկայացրած տվյալները ոչ թե 2024-ի, այլ 2023-ի համար են, որոնք համեմատվել էին նախորդ՝ 2022-ի հետ։ Հաղորդման մեջ իսկապես արձանագրված է հանցագործության դեպքերի աճ 8.1%-ով: Առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 150-ով, այսինքն գրեթե 38% (թվի մեջ ներառված չեն հանկարծամահության դեպքերը)։
Ավազակության դեպքերն աճել են 46%-ով, ինչպես ասել է Խամոյանը, սակայն հաղորդման մեջ նշվում է, որ այդ աճը պայմանավորված է 2022-ին ուժի մեջ մտած Քրեական նոր օրենսգրքով, որի հետևանքով փոխվել է հաշվարկի մեթոդաբանությունը։ Մասնավորապես, եթե նախկինում կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով հափշտակությունը որակվում էր որպես կողոպուտ, ապա 2022 թվականի հուլիսի 1-ից հետո նման դեպքերը որակվում են որպես ավազակությամբ կատարված հափշտակություն:
Ըստ նույն հաղորդման՝ խարդախության դեպքերն աճել են 24.9%-ով, մահվան ելքով վրաերթերի թիվն աճել է 5.7%-ով, թմրամիջոցների շրջանառության դեպքերը 165.8%-ով։ Այս հանցատեսակների աճի դեպքում մեթոդաբանության փոփոխությունը՝ որպես հանցատեսակի ավելացման պատճառ չէր հիշատակվում։
Այսպիսով, Ագնեսա Խամոյանի մեջբերած վիճակագրությունը ճիշտ էր, սակայն վերաբերում էր 2023 թվականին։ Պատգամավորը, միևնույն ժամանակ, վիճակագրությունը մեջբերելիս չէր նշել մեթոդաբանության փոփոխության մասին, որից թվերը կտրուկ ավելացել էին մի քանի հանցատեսակների դեպքում։
Ինչ փոփոխության մասին է խոսքը
Կարևոր է, որ նախքան Քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը քրական գործ հարուցվում էր փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում։
2022-ից գրեթե ցանկացած դեպքով հարուցվում է քրեական վարույթ, որով անհամեմատ ավելանում է հանցագործությունների հաշվառման ծավալը։
Մասնավորապես հանկարծամահությունները մինչև 2022 թվականի հուլիսի 1 որպես հանցագործության դեպքեր չէին հաշվառվում։
Եթե համեմատելու լինենք 2023-ի ցուցանիշները 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների հետ, մեթոդաբանության տարբերությունն ակնհայտ կլինի. 2021 թվականի յոթ ամիսներին գրանցվել է 33 սպանություն, իսկ 2023-ի նույն ամիսներին՝ 665, 2024-ին ՝ 824։
Առանց հանկարծամահության սպանությունների թիվը վերջին տասը տարիներին տես ինֆոգրաֆիկայում՝
Գլխավոր դատախազի պնդումները
Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի ներկայացրած վիճակագրությանը, որը վերջինս վերցրել էր Ոստիկանությունից, ապա այն վերաբերում է 2024 թվականի առաջին կիսամյակին։ Դատախազի մեջբերած տվյալները ճիշտ են․ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա յոթ ամիսների ընթացքում հանցագործությունների դեպքերը նվազել են։
Դատախազը, սակայն, աճող հանցագործություններից առանձնացրել էր երկուսը՝ առանձնապես ծանրն ու զենքի կիրառմամբ հանցագործությունները, մինչդեռ 2024-ին քանակապես ավելացած հանցատեսակների ցանկն ավելի մեծ է։
Ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե որ հանցատեսակներն են ավելացել այս տարի` 2023-ի յոթ ամիսների համեմատությամբ։
Այսպիսով, 2024-ի յոթ ամիսների ընթացքում գրանցվել է հանցավորության դեպքերի կրճատում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած։ Ագնեսա Խամոյանի ներկայացրած վիճակագրությունը ճիշտ էր, սակայն վերաբերում էր ոչ թե այս, այլ նախորդ տարվան։ Միևնույն ժամանակ, պատգամավորը վիճակագրությունը ներկայացնելիս հաշվի չէր առել մեթոդաբանության փոփոխությունը, որի արդյունքում հանցավորության դեպքրը կտրուկ աճել են։
Գլխավոր դատախազի պնդումը՝ հանցավորության դեպքերի նվազման մասին, ճիշտ է, սակայն վերջինս էլ չէր ներկայացրել ավելացած հանցատեսակների ամբողջական պատկերը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: