Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերջին տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերին 115 հազար 500 մարդ է բռնի տեղահանվել Արցախից։ 104 754 անձ ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական։ Հուլիսի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 3 098 անձ է դիմել, իսկ քաղաքացիություն ստացել է 1 965-ը։
Շատ արցախցիներ խուսափում են Հայաստանի քաղաքացիությունից՝ մտավախություն ունենալով, որ կզրկվեն տեղահանվածներին տրվող աջակցությունից։ Կա նաև մտավախություն, որ քաղաքացիություն ընդունելով կփակվի Արցախ վերադարձի հեռանկարը։
Media.am-ի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրել է, թե աջակցության ինչ ծրագրեր են գործում արցախցիների համար և, արդյոք ՀՀ քաղաքացիություն ընդունելու դեպքում նրանք կզրկվեն այդ ծրագրերից։
Մենք հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարություն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ իմանալու, թե որ գերատեսչությունը աջակցության ինչ ծրագիր է իրականացնում բռնի տեղահանված արցախցիների համար։
Տրամադրված և տրամադրվող աջակցման ծրագրեր
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միանվագ 100.000 դրամ է հատկացրել 2023-ի սեպտեմբերի 24-ից հետո Հակարիի անցակետով անցած արցախցիներին, որոնք ունեն Միգրացիոն ծառայությունների անհրաժեշտ հաշվառումները։ Այս աջակցությունն ստացել է 113.686 անձ։ Բացի սրանից, գործում են զբաղվածության ապահովման, բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միջազգային կազմակերպությունների աջակցության համատեղ ծրագրերը՝ գծապատկերում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիր, որի շրջանակում kadrer.emis.am հարթակում գործարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների գրանցման պատուհան։ Դրա միջոցով 353 անձ աշխատանք է գտել մարզային դպրոցներում։ Ըստ փոխվարչապետ՝ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի՝ հանրակրթական համակարգում ներգրավված է շուրջ 500 բռնի տեղահանված ուսուցիչ։
Վարձի (մասնակի կամ լրիվ) փոխհատուցման համար գործում է բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024թթ. ուսումնական տարում կրթաթոշակ տրամադրելու ծրագիրը։ Առաջին կիսամյակի համար աջակցություն է տրվել 2753 ուսանողի։
ԿԳՄՍՆ-ի տվյալներով՝ 2023-ի նոյեմբերին բարձրագույն և հետբուհական ծրագրերով սովորող 823 ուսանող կար, որոնց տրվել էր վարձի փոխհատուցում։ Նրանց թիվը, սակայն, երկրորդ կիսամյակում կրճատվել է՝ հասնելով 730-ի։ Պատճառը, ըստ գերատեսչության, վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ առնվազն 65% միջին որակական գնահատական ունենալու պահանջն է։
Ըստ Կառավարության որոշման՝ ծրագրի շահառու են բռնի տեղահանված ընտանիքիների այն սովորողները, որոնք 2023-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ ընդունվել են նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ և փաստացի զրկվել են ուսման վարձը վճարելու հնարավորությունից։
Էկոնոմիկայի նախարարություն
Գյուղերում և համայնքներում բնակվող արցախցիների համար գործում է նաև «Ագրոբիզնեսի աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրման համար» ծրագիրը, որը նախարարությունն իրականացնում է «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռության» (EU-GAIA) աջակցությամբ։ Նախաձեռնությունը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, համաֆինանսավորում ու իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը։
Առողջապահության նախարարություն
Կառավարության՝ մեզ տրամադրած տվյալներով բռնի տեղահանվածները կարող են օգտվել առողջության առաջնային ապահովման (ԱԱՊ) ծառայությունից։ Սա նշանակում է, որ բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է կամ անվճար, կամ արտոնյալ պայմաններով։ Դեղերն անվճար են հատկացվում։
39 բուժաշխատողի տրամադրվել է ժամանակավոր դրամական աջակցություն՝ սահմանված աշխատավարձի եռապատիկի չափով (մինչև վեց ամիս)։ Նախարարության կողմից իրականացվող մյուս ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ քաղաքացիությունը չի բացառում աջակցության ծրագրերը
ՀՀ կառավարությունից աջակցության ծրագրերն իրականացնող գերատեսչություններից գրավոր հարցմամբ պարզել ենք՝ կա՞ ծրագիր, որից արցախցիները կզրկվեն, եթե ՀՀ քաղաքացիություն ընդունեն։ Մեզ պատասխանել են, որ բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում որևէ ծրագրից չեն զրկվի։
Միաժամանակ, փոխվարչապետ՝ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից նշել էին, որ բնակարանային ապահովման ծրագրից կարող են օգտվել միայն այն ընտանիքները, որոնց բոլոր անդամներն ունեն ՀՀ քաղաքացիություն։ Այս մոտեցումը հաստատել էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հուլիսի 16-ի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ բնակապահովման ծրագրերի դիմումները հիմնականում մերժվում են՝ ՀՀ քաղաքացիություն չունենալու հիմքով, քանի որ այս դեպքում քաղաքացիություն պետք է ունենա ընտանիքի յուրաքանչյուր անդամ։
ՀՀ քաղաքացիություն՝ փախստականի կարգավիճակի փոխարեն
Հայաստանի կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումով ժամանակավոր պաշտպանություն են ստանում․
«1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք,
2) ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,
3) անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ-ում, բայց բնակվել են այնտեղ և 2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո հաշվառվել են ՀՀ-ում։
Նույն որոշման 3-րդ կետով՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք ճանաչվեցին փախստական: Արցախցիներին այս կարգավիճակը տրվեց մեկ տարով՝ երկարաձգելու հնարավորությամբ:
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ կետով սահմանվում է, որ անձը դադարում է փախստական համարվել, եթե ձեռք է բերել ՀՀ կամ որևէ այլ պետության քաղաքացիություն և օգտվում է այդ պետության պաշտպանությունից։
Սա նշանակում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և փախստականի կարգավիճակ ստացած անձինք, ընդունելով Հայաստանի քաղաքացիություն, զրկվում են արտոնություններից, որոնք նախատեսված են փախստականների համար։
Արտոնությունների մասին
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեռևս 2023-ի նոյեմբերին ասել էր, որ փախստականի կարգավիճակի ճանաչմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները վերցվում են միջազգային պաշտպանության տակ։
«Սրա էական հանգամանքն այն է, որ այլ երկրներում ճամփորդելիս նշված անձինք (փախստականները, խմբ․) ունեն միջազգային պաշտպանություն կոնվենցիայի ուժով, որը նրանց պաշտպանում է Ադրբեջան վերադարձվելու որևէ ռիսկից։ Սա է հիմնական պաշտպանության միջոցը, որը ավելացնում է միջազգային պաշտպանությունը՝ փախստականի կարգավիճակ տրամադրելու միջոցով»,- ասել էր նա։
Այսպիսով, միջազգային պաշտպանությունը այն արտոնություններից է, որից բռնի տեղահանվածները զրկվում են՝ ձեռք բերելով ՀՀ քաղաքացիություն։ Կարևոր է, սակայն, որ փախստականի այս կարգավիճակը չի ենթադրում, թե բռնի տեղահանվածները կարող են մեկնել կոնվենցիայի անդամ այլ երկրներ և բնակվել այնտեղ փախստականի կարգավիճակով՝ օգտվելով այն առավելություններից, որոնցից օգտվում են Հայաստանում որպես փախստական։ Այս մասին մեզ տեղեկացրին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կոմիտեից։
«Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ օրենքով և 1951 թվականի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ընդունված փախստականների կոնվենցիայով փախստականին տրվող իրավունքներն են․
Կացարան ունենալու, սեփականություն ունենալու, վարձատրվող աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու, բժշկական օգնության, կրթության, ազատ տեղաշարժի, անձը հաստատող վկայականի, Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի և նույնիսկ, ՀՀ ապօրինի մուք գործելու իրավունքներ։
Փախստականները կամ ապաստան հայցողները իրավունք ունեն դիմելու ՄԱԿ-ի՝Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ՝ նրանց աջակցությունը ստանալու համար։ Գրասենյակը հետևում է ապաստանի տրման ընթացակարգերին, պետական մարմիններին օգնում է ավելի լավ իրականացնել այն։ Իրականացնում է նաև սոցիալական, իրավական խորհրդատվություն և իր գործընկեր կազմակերպությունների միջոցով ապահովում է դատական ներկայացուցչություն։
Փախստականը զինապարտության պարտականություն չունի, մինչդեռ քաղաքացին ունի։ Քաղաքացին կարող է զբաղեցնել հանրային ծառայողի և քաղծառայողի պաշտոններ, մասնակցել ընտրություններին, իսկ փախստականը, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, կարող է պաշտոն զբաղեցնել միայն տեղական ինքնակառավարման մարմիներում։
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիությունը չի կարող վնասել արցախցիների միջազգային իրավունքներին, սակայն, եթե նրանք ունենան Արցախ վերադառնալու հնարավորություն, ապա դա անելու են որպես օտարերկրյա քաղաքացիներ։
«Եթե երբևիցե փորձեք հետ վերդառնալ Արցախ, վերադաձը լինելու է այնքանով, որքանով, որ գույք ունեք, կոլեկտիվ իրավունքներ չեք կարող իրացնել, քաղաքական իրավունքերի տեսանկյունից սահմանափակում եք ունենալու, քանի որ ընկալվելու եք որպես օտարերկրացի»,-ասում է նա։
Ըստ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի՝ վերադարձի իրավունքը կապ չունի քաղաքացիության հետ․ այն բնական իրավունք է։
«Դա գույքային իրավունքն է, խտրականությունից զերծ մնալու իրավունքն է, անվտագության և այլն։ Դա չի փոխվում, եթե որևէ այլ պետության քաղաքացիություն ես ստանում։ Մարդը, եթե վերադառնա, վերադառնում է իր գույքը տնօրինելու, իր հայրենիքում ապրելու։ Եթե նա Հայաստանի քաղաքացի է դառնում, չի նշանակում, որ զրկվում է իր բնօրրան վերադառնալ իրավունքից, դատարանները որոշումներ կայացնում են՝ ելնելով մարդու անձնական պատմությունից, ոչ թե նրա կարգավիճակից», – ասում է նա։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերադառնալու իր երկիրը։
Այսպիսով, ընդունելով Հայաստանի քաղաքացիություն, արցախցիները զրկվում են փախստականի կարգավիճակից, որը ներառում է արտոնություններ՝ ժամանակավոր կացարանից մինչև միջազգային պաշտպանություն։ Միևնույն ժամանակ, ըստ ՀՀ կառավարության, չկա պետական աջակցության որևէ ծրագիր, որից արցախցիները կզրկվեն՝ դառնալով Հայաստանի քաղաքացի։ Պարզապես կան ծրագրեր, որոնց դիմելու համար Հայաստանի քաղաքացիություն ընդունելը պարտադիր է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: