«Հրապարակ» օրաթերթը հուլիսի 16-ին գրել էր, թե իր տեղեկություններով անցյալ տարի՝ 2023 թվականին, ԱՄՆ-ից և Եվրոպայից մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան և արտահանվել Ռուսաստան, իսկ այս տարի՝ 2024-ին, դա տեղի չի ունեցել։
«Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրը գնալով ավելի է սրվում, կառավարությունը սխալ հաշվարկներ ու ծրագրավորում է արել։ Նախորդ տարի մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, այլ երկրներից, և արտահանվել Ռուսաստան, իսկ այս տարի՝ ոչ։ Իսկ բյուջեում հարկերի հավաքագրման հաշվարկն ավտոմեքենաների վերաարտահանման հաշվարկով են արել ու կանգնել փաստի առաջ»,- գրել էր լրատվամիջոցը։
«Ստուգված է»-ն փորձեց հասկանալ, թե 2023-2024 թվականներին որքան մարդատար ավտոմեքենա է ներմուծվել Հայաստան, որ երկրներից և որքան է արտահանման ծավալը։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կայքում Հայաստան ներմուծված ապրանքների վերաբերյալ վերջին տեղեկությունը 2023-ի առաջին կիսամյակի համար է։ Ըստ դրա՝ Հայաստան է ներմուծվել 771 մլն դոլարի 51,210 մարդատար ավտոմեքենա, մինչդեռ 2024-ի հունվարից հունիս ամիսների ընթացքում նման ներմուծումների քանակը 16,012 է։ Թիվը պակասել է ավելի քան երեք անգամ։
2023-ի երկրորդ կիսամյակի և 2024 թվականի առաջին կիսամյակի վերաբերյալ տվյալները ՊԵԿ կայքում դեռևս հրապարակված չեն, դրանք ստացել ենք գրավոր հարցմամբ։ Կոմիտեին խնդրել էինք տրամադրել 2023-2024 թվականներին Հայաստան ներմուծված ավոտմեքենաների քանակը՝ ըստ ամիսների։ ՊԵԿ-ը, սակայն, տեղեկությունը տրամադրել էր տարեկան՝ նշելով, որ դա է հրապարակման ենթակա տեղեկությունը։
Կառույցը տրամադրել էր 8703 ծածկագրի, այսինքն՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և (հիմնականում) մարդկանց տեղափոխման համար նախատեսված շարժիչային այլ տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման տվյալները՝ ըստ երկրների։
Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ամենամեծ թվով ավտոմեքենաները ներկրվել են ԱՄՆ-ից։ 2024-ի վեց ամիսներին ներմուծված ավտոմեքենաների թիվը 10,359 է։ Նախորդ տարվա 12 ամիսներին ներմուծվել է ավելի քան 59 հազար մարդատար ավտոմեքենա։ Ներմուծումների թվով երկրորդը Վրաստանն է, երրորդը՝ Չինաստանը։
Արտահանումը
2023 թվականի առաջին կիսամյակում արտահանվել է շուրջ 311 մլն դոլարի 13,955 հատ մարդատար մեքենա, այդպիսով արտահանման ծավալն աճել էր շուրջ 20 անգամ, մինչդեռ 2024-ի առաջին կիսամյակում արտահանվել է 1005 մեքենա՝ մոտ 14 անգամ քիչ։
Ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել, թե որ երկրներ են առավել շատ արտահանել ավտոմեքենաները։
Առաջին կիսամյակում արտահանված ավտոմեքենաների քանակի 97%-ը Ռուսաստան է առաքվել։ 2023-ի 12 ամիսներին արտահանման ծավալը կազմել է մոտ 19 հազար, մինչդեռ այս տարվա առաջին կիսամյակում արտահանված մեքենաների ծավալը ընդամենը 231-ն է։ Ոչ մեծ թվով մեքենաներ են արտահանվել նաև Ղազախստան և Ղրղզստան։
Դեպի Ռուսաստան արտահանումն 2023-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, աճել է 22 անգամ, դեպի Վրաստան՝ 6 անգամ։
Այսպիսով, համեմատելով 2023 և 2024 թվականների առաջին կիսամյակների մարդատար մեքենաների արտահանման և ներմուծման ծավալները, կարելի է ասել, որ երկու դեպքում էլ ծավալը զգալիորեն նվազել է։ Աճի տեմպի նվազման մասին տարեսկզբին խոսել էր նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը․
«Չնայած 2023 թ. օգոստոսի 1-ից ՌԴ-ում ավտոմեքենաների օգտահանման (ուտիլիզացիայի) վճարի գծով կատարվեցին որոշ փոփոխություններ, որի արդյունքում ՌԴ ներմուծվող մեքենաների գծով մի քանի անգամ թանկացավ ուտիլիզացիոն վճարը։ Արդյունքում 2023 թ. օգոստոսից արդեն նկատում ենք, որ ավտոմեքենաների ներմուծման տեմպի նվազում կա»,- ասել էր Թամազյանը։
Այն, որ մեքենաների ներմուծման ծավալը կրճատվելու է, պարզ էր դարձել նախորդ տարվա օգոստոսին, երբ Վրաստանը արգելեց իր տարածքով դեպի Ռուսաստան ու Բելառուս ամերիկյան, իսկ հետագայում նաև եվրոպական արտադրության ավտոմեքենաների վերաարտահանումը (ռեէքսպորտը)։ Սա վերաբերում էր նաև Հայաստանից արտահանվող մեքենաներին, որոնք Ռուսաստան են հասնում Վրաստանի տարածքով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: