Հունիսի 11-ին Ազգային ժողովը քննարկում էր պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։
Գործող «Ընտանեկան օրենսգրքի» համաձայն՝ ամուսնության տարիքային նվազագույն շեմը 18-ն է, բայց կան բացառություններ: 22-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, օրինակ, դատարանը կարող է մերժել ամուսնացող անձի հետ կնքված ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին հայցը՝ կնոջ հղիության կամ երեխա ծնվելու դեպքում կամ «եթե դա են պահանջում անչափահաս ամուսնու շահերը»։ Նախագծով առաջարկվում է օրենքից հանել այս հատվածը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ «Գրանցված ամուսնությունների թիվը անչափահասների շրջանում 18-ն է, օրինակ՝ 2018-ին, բայց միայնակ մայրերի դեպքում՝ 151-ը: Այս տվյալները մինչև 2023-ը գրեթե նույն տեմպերով շարունակվում են»։
Ազգությամբ եզդի Բաքոյանը խոսեց նաև այն խնդիրների մասին, որոնց բախվում են իր համայնքի կանայք՝ վաղ տարիքում ծննդաբերելիս.
«Այս համայնքում (նկատի ունի եզդիական համայնքը, խմբ.), երբ մենք ուսումնասիրում ենք և պարբերաբար այցեր ենք կատարում, տեսնում ենք, որ 24-25 տարեկան աղջիկները առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Յուրաքանչյուր աղջիկ, որ նշանվում է կամ ամուսնանում է, երբեք դպրոց չի հաճախում։ Պատկերացրեք, եթե 16 տարեկանում թույլատրվում է ամուսնություն և նրան նշանում են 14-15 տարեկանում, աղջիկը հրաժարվում է կամ ծնողները թույլ չեն տալիս, որ նա դպրոց գնա։ Պատկերացրեք 14 տարեկան աղջիկներն այլևս չեն հաճախում դպրոց։ Ամուսնանալու դեպքում առավել ևս դա բացառվում է»,- ասաց Բաքոյանն ու հավելեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անչափահաս մայրերի դեպքում երեխաների մահացությունը շատ ավելի բարձր է։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, փորձեց հասկանալ, թե որքան է ծնելիությունը անչափահասների շրջանում վերջին տարիներին, թիվն աճե՞լ է, թե՞ նվազել, քանի անչափահաս է ամուսնացել և եզդի քանի աշակերտ է կիսատ թողել կրթությունը հանրակրթական դպրոցներում։
Ծնելիությունը՝ անչափահասների շրջանում
*Արդարադատության նախարարությունից և Վիճակագրական կոմիտեից հարցրել էինք, թե քանի անչափահաս է ծննդաբերել 2015-2024 թվականների ընթացքում։ Համադրելով պատասխանները տեսնում ենք, որ միայն 14-17 տարեկանների շրջանում վերջին 9,5 տարվա մեջ անչափահասներից ծնվել է 1575 երեխա, գրեթե 166 երեխա՝ յուրաքանչյուր տարում։ Ամենաբարձր ծնելիությունը գրանցվել է 17 տարեկանների շրջանում (1157):
18 տարեկանների շրջանում այս տարիներին ծնվել է 3248 երեխա։ 14-17 տարեկանների շրջանում ծնելիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2015 թվականին, որից հետո թիվը տարեցտարի նվազել է։
Անչափահասների ամուսնությունները
Ինչ վերաբերում է անչափահասների շրջանում գրանցված ամուսնություններին, ապա, ըստ Արդարադատության նախարարության տրամադրած տվյալների, դրանց թիվը 2018-2024 թվականների համար 146 է։ Ամենաշատն անչափահասներն ամուսնացել են 2021 թվականին. գրանցված է 54 ամուսնույթուն՝ 16 և 17 տարեկանների շրջանում։ 2022 թվականից կա նվազման միտում՝ 30, 27 և այս տարի արդեն 4 գրանցված ամուսնություն։ Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ ամուսնությունները Հայաստանում հաճախ չեն գրանցվում և ներկայացվող թվերը չեն կարող ամբողջական պատկերը ցույց տալ։
Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել անչափահասների ամուսնության ցուցանիշներ՝ 2018-2024 թվականների համար։
Նախարարության տրամադրած և Բաքոյանի հրապարակած տվյալները մի փոքր տարբերվում են իրարից. 2018-ին գրանցվել է ոչ թե 18 (ինչպես պնդում էր Բաքոյանը), այլ 14 անչափահասի ամուսնություն։
Փորձելով ստուգել Ռուսամ Բաքոյանի մյուս պնդումը, թե նորածինների մահացությունը անչափահաս մայրերի դեպքում շատ ավելի բարձր է, Առողջապահության նախարարությունից հարցրել էինք, թե քանի երեխա է մահացել անչափահաս մոր ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո։
Գերատեսչությունից պատասխանել էին, թե չեն տիրապետում նման տեղեկատվության, միևնույն ժամանակ տրամադրել էին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրություններ (1 2 3 4 5 ), որտեղ կարելի է կարդալ դեռահասների շրջանում հղիության բարձր ռիսկերի մասին։
Կրթությունն անավարտ թողած անչափահասներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հարցրել էինք, թե 2020-2024 թվականներին հանրակրթական դպրոցներում կրթությունը կիսատ թողած քանի աշակերտ կա և նրանցից քանիսն են ազգությամբ եզդի։
Ինչպես կարելի է տեսնել՝ վերջին չորս տարիներին դպրոցական կրթությունը կիսատ է թողել 560 երեխա, որոնցից ազգությամբ եզդի են 49։ Ամենամեծ թիվը գրանցվել է 2020-2021 ուսումնական տարում՝ շուրջ 163 աշակերտ։ Հաջորդ երկու ուսումնական տարիներին թիվը կրճատվել է, սակայն վերջին՝ 2023-2024 թվականներին կրկին աճել։
Հետաքրքիր է, որ ընդհանուր առմամբ ավելի շատ տղա է ուսումը անավարտ թողել, քան՝ աղջիկ, մինչդեռ ազգությամբ եզդիների պարագայում պատկերը հակառակն է՝ դպրոցական կրթությունը կիսատ թողած աղջիկների թիվն այստեղ ավելի մեծ է։
* Նյութի նախնական տարբերակում հրապարակված էր անչափահասների ծնելիության վերաբերյալ միայն Արդարադատության նախարարության տրամադրած տվյալներ, որոնք, ինչպես պարզվեց, թերի էին։ Թարմացված տարբերակում ներառված է Վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալները։ Թերի տվյալների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ Թեև լիազոր մարմնի՝ Արդարադատության նախարարության մեղքով, սակայն մեր նյութում հրապարակված սխալ տվյալների համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: