Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հունիսի 24-ին հրամանագիր էր ստորագրել հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգելու մասին։ Որոշումն ուժի մեջ կմնա մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։ Պաշտոնական հիմնավորումը կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելն է։ Հատկանշական է, որ Ադրբեջանում քովիդի հետ կապված մյուս սահմանափակումները վաղուց վերացված են։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է, թե ինչ հիմնավորմամբ են Ադրբեջանի ցամաքային սահմանները դեռ փակ և ինչ տնտեսական օգուտներ է ստանում Ադրբեջանի իշխանությունն այդ կարգավիճակից։
Ադրբեջանի ցամաքային սահմանը փակ է 2020 թվականի մարտից՝ շուրջ չորս տարի։ Սա նշանակում է, որ մարդիկ կարող են երկրից դուրս գալ միայն օդային ճանապարհով։ Սահմանը փակ է քաղաքացիական երթևեկության համար։ Բեռնափոխադրումների համար սահմանը բաց է։
Միակ բաց ճանապարհը Թուրքիայի հետ 13 կիլոմետրանոց սահմանն էր, որը, սակայն, Արբեջանի որոշմամբ փակվեց 2022-ի հուլիսի 1-ին։ Սահմանը շարունակում է փակ մնալ նույնիսկ այն դեպքում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է արտակարգ իրավիճակի ավարտի մասին։ Այս հայտարարությունից հետո իշխանության և իշխանամետ լրատվամիջոցների կողմից դաշտ նետվեց թեզը, թե սահմանափակումները կապված են ահաբեկչական ռիսկերի հետ, որոնք գալիս են Հայաստանից և նրա հետ փոխկապակցված կազմակերպություններից։ Ըստ առաջ տարվող թեզի՝ փակ ճանապարհները օգնում են նվազագույնի հասցնել ռիսկերը։ Պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը անգամ ասել էր, որ ցամաքային սահմանը բացելու կոչեր անողները կարող են կապված լինել թմրանյութերի առևտրի հետ։
Այն, որ ցամաքային փակ սահմանները միայն համաճարակի հետևանք չեն, խոստովանել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 2024-ի ապրիլին նա սահմանը փակ պահելու որոշումը կապեց անվտանգության հետ։
Փակ սահմանների հնարավոր պատճառը
Իշխանության և քաղաքացիների կողմից առաջ բերվող տեսությունները բազմաթիվ են։
Eurasianet.org-ի և OC Media-ի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ երկարատև սահմանափակումների ամենահավանական պատճառը տնտեսականն է։ Մասնավորապես ընդգծվում է Ադրբեջանի ազգային փոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (ԱԶԱԼ) և ներքին զբոսաշրջության մասին, որոնց եկամուտները գնալով աճում են գործող սահմանափակումներ պատճառով։
Երկրի ազգային փոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի տնօրեն Սամիր Ռզաևը նշանակվել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Վերջինս նախկինում կառավարում էր «Բրավո» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է երկրի առաջատար ընկերություններից մեկին՝ «Pasha Holding»-ին։ Վերջինս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստրերին պատկանող կոնգլոմերատ է։
Այժմ Նախիջևանից թուրքական Իգդիր թռիչքի տոմսերի միջին գինը 300 ԱՄՆ դոլար է, մինչդեռ նույն ճանապարհը տաքսիով կարելի էր անցնել 6 դոլարով։ Մինչև համաճարակը դեպի Ադրբեջան չվերթեր իրականացնող ավիաընկերությունների թիվը գերազանցում էր 30-ը, այժմ դրանց թիվը զգալիորեն կրճատվել է։ Ըստ OC Media-ի՝ պատճառը բարձր հարկերն են։ Ցամաքային սահմանները փակվելուց հետո ԱԶԱԼ-ին տրվեց Ադրբեջան թռիչքներ կատարելու մենաշնորհ, արդյունքում տոմսերի արժեքը բարձրացավ։
2021-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ում անցկացված աուդիտը ցույց էր տվել, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով այն ունեցել էր ֆինանսական մեծ կորուստներ։ Ազգային ավիաընկերության ուղղակի եկամուտը 593,1 մլն դոլարից նվազել էր մինչև 197,1 մլն դոլարի: Վնասը 2020 թվականին կազմել էր 76,4 մլն մանաթ (մոտ 44.9 մլն դոլար)։ Համաճարակի պատճառած վնասները փոխհատուցելու համար կառավարությունը տարվա ընթացքում ավիաընկերություններին վճարել էր ավելի քան 232 մլն մանաթ (136 մլն դոլար) սուբսիդիա։
Հաջորդող տարիների հաշվետվություններում, սակայն, կարելի է տեսնել ինչպես են աճել ընկերության եկամուտները՝ 2020-ին կազմելով 335,2 մլն մանաթ (196 մլն դոլար), 2021-ին՝ 491,7 մլն մանաթ (288 մլն դոլար), 2022-ին՝ 1 մլդ 499 մլն (675 մլն դոլար)։
ԱԶԱԼ-ի առաջին փոխնախագահ Սամիր Ռզաևը 2023-ի փետրվարին հայտարարել էր, որ նախնական արդյունքներով «Ադրբեջանական ավիաուղիները» պատմության մեջ առաջին անգամ տարին ավարտել է զուտ շահույթով և կատարել բազմաթիվ պարտավորություններ օտարերկրյա և տեղացի պարտատերերի նկատմամբ։
Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի փոխանցմամբ՝ 2022 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ն արտահանել է 1,8 միլիոն դոլարի ծառայություններ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: