2024.05.31,

Ստուգված է

Դպրոց ու տներ՝ գետից 10 մետր հեռու․ ջրհեղեղից տուժած համայնքներում շինարարական նորմերը խախտվել են

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մայիսի 30-ի ասուլիսում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ներկայացրին, թե ինչ աշխատանքներ են տարվել մայիսի 26-ին Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ։

Եղիազար Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք գետին այդքան մոտ բնակելի շենքերի առկայությունը շինարարական նորմերի խախտում չէ, ասաց, թե ուսումնասիրությունը կտա այդ հարցերի պատասխանը և հավելեց, որ միջինում բազմաբնակարան շենքերը գետից պետք է 30 մետր հեռավորություն ունենան․

«Երկար տարիներ, եթե խոսքը բազմաբնակարան շենքերի մասին է, դրանք կառուցված են։ 30 տարի և ավել։ Միգուցե էն ժամանակ այդ նորմերը էն աստիճանի խիստ պահանջներ չէին ներկայացնում, ինչպես որ հիմա է։ Օրինակ այսօրվա գործող նորմերին եթե հղում տամ, ապա միջինում, տարբեր հոսքից և գետի հզորությունից կախված, միջինում (+ -) տարբեր տարբերակված մոտեցումներ կան, 30 մետրին մոտ հեռավորություն պետք ա ապահովվի»։

Media.am-ի փաստերի ստուգման թիմի՝ «Ստուգված է»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ջրհեղեղի հետևանքով տուժած, Դեբետ գետի և դրա վտակների ափամերձ շրջաններում գտնվող մի շարք համայնքներում շինարարական նորմերը խախտված են, պահպանված չէ գետից միջինում 30 մետր հեռավորություն ունենալու նորմը։ Հոդվածում առանձնացրել ենք այն համայնքները, որտեղ շինարարական կանոններն առավել զանգվածային են խախտված։ Ուսումնասիրությունն արել ենք Google Earth-ի օգնությամբ։

Օրենսդրություն 

Եղիազար Վարդանյանը, խոսելով միջինում 30 մետր հեռավորության նորմի մասին, ըստ երևույթին, հղում է արել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանին, որի 61-րդ աղյուսակի 20-րդ կետի համաձայն անօտարելի գոտի է համարվում՝ գետի ջրի ամենաբարձր հորիզոնի եզրագծից 35մ լայնությամբ գոտին։

Բացի դրանից՝ կա նաև 264-րդ կետը, ըստ որի՝ հանգստի առողջարանա-առողջավայրային կազմակերպությունների տեղակայումը ափամերձ հանգստի և առողջավայրային գոտիներում անհրաժեշտ է նախատեսել՝ հաշվի առնելով սույն նորմերի 13-րդ բաժնի պահանջները, սակայն գետերի ափերի և ջրամբարների պարագայում 50մ-ից ոչ պակաս հեռավորությամբ, եթե դա չի հակասում ՀՀ ջրային օրենսդրության պահանջներին։

Ալավերդի

Գետի վարարումից ամենաշատը տուժած համայնքներից մեկը Ալավերդի խոշորացված համայնքն է։ Կամրջի փլուզման հետևանքով քաղաքի մի հատվածը մեկուսացման մեջ էր հայտնվել։

Ալավերդիում կան բազմաթիվ շինություններ, որոնք կառուցվել են առանց գետից 30 մետր հեռավորությունը պահպանելու։ Կան շինություններ, որոնց հեռավորությունն ընդամենը 14, 17, 20 մետր է։

Կան նաև շենքեր, որոնք կառուցվել են առանց որևէ հեռավորություն պահելու՝ ուղիղ գետաբերանին։

Google earth-ի այս պատկերում նաև կարելի է տեսնել Ալավերդու թիվ 7 դպրոցը՝ գետից ընդամենը 11-12 մետր հեռավորության վրա։

Նկատենք, որ լուսանկարում կարմիրով նշված հատվածում գետի հունը զգալիորեն նեղացել է՝

Ալավերդիում առավելապես վնասվել է Սանահին կայարան թաղամասը։ Այստեղ բազմաթիվ շինություններ՝ տներ և նկուղներ, ջրալցված էին։

Արբանյակային պատկերներում տեսնում ենք, որ այս թաղամասում ևս շինարարական նորմերը պահպանված չեն։ Կան այդ թվում բազմաբնակարան շենքեր, որոնք կառուցվել են գետի ափին՝ որոշ դեպքերում 10-11 մետր հեռավորությամբ, որոշ դեպքերում՝ ավելի մոտ։

Ախթալա

Ախթալայում ևս կան Դեբետ գետին շատ մոտ և 30 մետր հեռավորության նորմին չհամապատասխանող շինություններ։ Դրանք ունեն գետից 8-9 մետր հեռավորություն:


Իսկ որոշ դեպքերում առհասակար որևէ հեռավորություն պահպանված չէ։

Այրում

Այրումը ջրհեղեղի արդյուքնում ամենաշատը տուժած բնակավայրերից մեկն է։ Այստեղ բազմաթիվ են գետին թույլատրելիից ավելի մոտ գտնվող շինությունները։ Դրանցից որոշներն ունեն 18, 19 մետր հեռավորություն։ Կարելի է նկատել նաև ուղիղ գետի ափին կառուցված շինություններ։


Քարկոփ

Քարկոփ գյուղը մայիսի 30-ի դրությամբ գրեթե ամբողջությամբ ջրի տակ էր անցել։ Կառավարության նիստում այս տեղեկությունը հաստատեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով՝ «Գյուղը հիմնականում մեկուկես մետր և ավելի ջրածածկ է»։

Գյուղ մուտք գործելը հնարավոր դարձավ միայն մայիսի 31-ին, երբ Ախթալայի փլուզված կամուրջի փոխարեն տեղադրվեց հետիոտնային կամուրջ։ Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ գյուղն ամբողջությամբ ցեխի մեջ է։


Քարկոփ գյուղի արբանյակային պատկերը, 2021

Ինչպես կարելի է նկատել՝ Քարկոփում ևս շինություններից շատերը չունեն գետից անհրաժեշտ հեռավորություն։ Դրանք Դեբետից հեռու են 9, 10, 20 մետր, իսկ երբեմն էլ պահպանված չի որևէ հեռավորություն։ 

Վահագնաձոր

Վահագնաձորում նույնպես հնարավոր եղավ գտնել կառույցներ, որոնք չունեին գետից 30 մետր հեռավորություն։

Նկատենք, որ որոշները կառուցվել են 2007-ից հետո։

Տաշիր

Տաշիր քաղաքը աղետի գոտի ճանաչված տարածքներից է։ Այստեղ կառուցված բազմաթիվ տների հեռավորությունը գետից 15-20 մետր է։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *