Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը մայիսի 20-ին «Ա1+» հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախ-Իրան սահմանին չի եղել Խուդաֆերին (Խոդա Աֆարին) ջրամբար, եղել է կամուրջ։
Սամվել Բաբայանի այս պնդումը սխալ է։ Խուդաֆերինի ջրամբարի լուսանկարները տարածվել էր դեռևս 2011 թվականին։ Այն հնարավոր է տեսնել նաև արբանյակային պատկերներով։
Խուդաֆերին ջրամբարի կառուցումը սկսել է 1988-ից
Լրագրողի հարցին, թե նախկինում ինչպե՞ս էին օգտագործում Խուդաֆերին և Գիզ-Գալասի ջրամբարները, որոնք գտնվում էին արցախա-իրանական սահմանին, Սամվել Բաբայանը պատասխանել է․
«Ուրեմն դա Խուդաֆերին չի, էդ ջրամբարը Խուդաֆերինից բարձր ա։ Արցախյան կողմը որևիցե հարցով չէր օգտվում, պայմանավորվել էին 20 տարուց հետո։ Ղարաբաղի իշխանությունները ժամանակին չգիտեմ՝ ինչ պայմանավորվածությունների են եկել, ինչ են արել, որը ես սխալ եմ համարել։ Մի խոսքով, որևիցե կապ չուներ Ղարաբաղը դրա հետ և հաշտվել էր էն մտքի հետ, ինչ-որ պարսկական կողմը առաջարկել էր»։
Լրագրողի հստակեցնող հարցին, թե «Նո՞ւյնն էլ Խուդաֆերինը», Բաբայանը պատասխանեց՝ «Խուդաֆերինն ընդհանրապես կամուրջ ա, էնտեղ ջրամբար չկա»։
Խուդաֆերին ջրամբարի կառուցումը սկսել է 1988-ին, Արաքս գետի վրա՝ Իրանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանին։ Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է, որ շինարարության պայմանագիրը կնքվել էր ԽՍՀՄ-ի և Իրանի միջև: Սովետական միության փլուզումից հետո շինարարությունը պետք է շարունակվեր Ադրբեջանի և Իրանի միջև, սակայն սկսեց պատերազմը, այդ տարածքն անցավ Արցախի ազդեցության տակ։ Չնայած ադրբեջանական կողմի դժգոհություններին՝ ջրամբարի շինարարությունը շարունակվեց նաև այդ ժամանակ։ Շինարարական աշխատանքները կատարել են իրանցիները, սակայն դրանք ընթացել են գաղտնի պայմաններում։ Ջրամբարի և դրա վրա կառուցված ՀԷԿ-ի լուսանկարները համացանցում հայտնվեցին 2011 թվականին։
Ջրամբարն ու ՀԷԿ-ը կարելի է տեսնել նաև արբանյակային պատկերներում։ Google earth-ում ջրամաբարի առաջին արբանյակային լուսանկարը հայտնվել է 1985 թվականից։ Այդտեղ, սակայն, ջրամբարի կառուցման որևէ նշան չկա։ Հաջորդ պատկերը 2007-ին է հրապարակվել, այդ լուսանկարում արդեն ջրամբարի զգալի հատվածը կառուցված էր։ Հաջորդիվ հրապարակված լուսանկարներում կարելի է նկատել՝ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ջրամբարի տարածքում։
Խուդաֆերին ջրամբարի արբանյակային պատկերները, 1985-2020թթ․
Թաթուլ Հակոբյանը նշել է, որ 90-ական թթ. վերջերից ջրամբարի շինարարությունն ընթացել է իր աչքի առաջ, սակայն իրենք՝ լրագրողները, այդ մասին չէին կարող գրել։
«Մի քանի հայկական գյուղեր մնացին ջրի տակ: Տեղանքն այնպիսին է, որ ջրամբարը հիմնականում հայկական՝ արցախյան տարածքի վրա է, իսկ ջրապատնեշը և հիդրոէլեկտրակայանը՝ իրանական հատվածում»,- նշել է լրագրողը:
Խուդաֆերինի ջրամբարը ադրբեջանական վերահսկողությանն անցավ 2020-ի հոկտեմբերին։ 2024-ի մայիսի 19-ին տեղի է ունեցել Խուդաֆերին հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողությունը։
Գիզ Գալասի
Ինչ վերաբերում է Գիզ Գալասի ջրամբարին, որի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունը մայիսի 19-ին մասնակցել էր Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և հետադարձ ճանապարհին զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով, ապա դրա մասին տեղեկությունները շատ քիչ են։ Ջրամբարի մասին սկսեց խոսվել 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Խուդաֆերինի հետ Գիզ Գալասին ամենախոշոր հիդրոհանգույցն է Ադրբեջանի վերահսկությանն անցած տարածքներում։
Ոչ պաշտոնական աղբյուրներով՝ այն ունի 80 ՄՎտ հզորություն, կառուցման հատկացումներն էլ կատարվել են Խուդաֆերինի ջրամբարի հետ միաժամանակ։ Այն գտնվում է Խուդաֆերինի ջրամբարից մոտ 10 կմ հեռավորության վրա: Google earth-ի միջոցով տեսնում ենք, որ շինարարությունն այնտեղ 2011-ին արդեն մեկնարկել էր։
Գիզ Գալասի ջրամբարի արբանյակային պատկերները, 2011-2021թթ․
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: