2024.05.20,

Ստուգված է

Ով է Իրանի ժամանակավոր նախագահ Մոհամմադ Մոխբերը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Այսօր՝ մայսիսի 20-ին, հայտնի դարձավ, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում իշխանությունը փոխանցվում է առաջին փոխնախագահին՝ այս դեպքում Մոհամմադ Մոխբերին:

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է Մոհամմադ Մոխբերի գործունեությունը և փորձել հասկանալ, թե Իրանի նախագահի փոփոխությունը ինչպես կազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա։

Մոհամմադ Մոխբերի գործունեությունը

Մոհամմադ Մոխբերը 68 տարեկան է, նա դարձավ Իրանի առաջին փոխնախագահ 2021 թվականին, երբ նախագահ ընտրվեց Էբրահիմ Ռայիսին։ Նա համարվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմը, ում ձայնը շատ կարևոր է պետական ոլորտի որոշումների կայացման հարցերում:

Նա ունի գիտությունների թեկնածուի և միջազգային իրավունքի և կառավարման մագիստրոսի կոչում: Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բժշկական զորաբանակում՝ որպես սպա: 90-ականներին նա աշխատել է որպես «Դեզֆուլ հեռահաղորդակցական» ընկերության գործադիր տնօրեն։

2000-ականների սկզբին նա նշանակվեց «Մոստազաֆան» հիմնադրամի կոմերցիոն փոխնախագահ, որը, ըստ ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC), Իրանի գերագույն առաջնորդի հովանավորչական առանցքային ցանցն է, 160 հոլդինգներից բաղկացած հսկայական կոնգլոմերատ:

Նա նաև եղել է «Սինա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մոտ տասը տարի։ Եվրամիության (ԵՄ) տվյալներով՝ բանկը ֆինանսավորել էր բալիստիկ հրթիռների և միջուկային ծրագրերի իրականացումը։ ԵՄ-ն և ԱՄՆ պատժամիջոցներ են կիրառել բանկի նկատմամաբ Իրանի կառավարությանը պատկանելու հիմքով։

Մոխբերը 2007-ին ստանձնել էր Setad (Setad Ejraiye Farmane Hazrate կամ Իմամի հրամանի կատարման շտաբ) ներդրումային հիմնադրամի ղեկավարի պաշտոնը, որը ղեկավարել է 14 տարի։ Setad-ը կապված է գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հետ: Այն ստեղծվել է Իսլամական Հանրապետության հիմնադիր, Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնիի հրամանով: Reuters-ը բացահայտել էր, որ անշարժ գույքի, կորպորատիվ ներդրումների և Setad-ի վերահսկողության տակ գտնվող այլ ակտիվների արժեքը կազմում է մոտ 95 միլիարդ դոլար, որոնք կառուցված են «հասարակ իրանցիներին պատկանող հազարավոր սեփականությունների համակարգված բռնագրավման վրա»: Բռնագրավման զոհերը հաճախ կրոնական փոքրամասնություններն են։

Setad-ի հետ է կապվում նաև «Բարաքաթ» հիմնադրամը, որին հանձնարարվել էր մշակել և արտադրել Covid-19 պատվաստանյութը։ Նշվում է, որ Մոխբերը ստեղծել է այս հիմնադրամը Setad-ում իր պաշտոնավարման սկզբում՝ Գերագույն առաջնորդի խնդրանքով։ Իրանական աղբյուրները 2022-ին գրեցին, որ «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութն արտահանվում է Նիկարագուա։

2010 թվականին ԵՄ-ն Մոխբերին ներառեց այն անձանց և կազմակերպությունների ցանկում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանվում «միջուկային կամ բալիստիկ հրթիռային գործունեությանը» ենթադրաբար ներգրավվելու համար: Երկու տարի անց նրա անունը հանվեց ցուցակից։

Նա մեկն էր այն պաշտոնյաներից, որը 2022 թվականի հոկտեմբերին այցելեց Մոսկվա և ձեռք բերեց պայամանվորվածություն «երկիր-երկիր» հրթիռներ և ավելի շատ անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի բանակին մատակարարելու հարցում։

Որպես առաջին փոխնախագահի՝ Մոխբերին հանձնարարվել էր իրականացնել Իրանի Գերագույն առաջնորդի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Նրա հիմնական առաքելությունն էր ռազմավարական արդյունաբերական պլանի մշակումը և հայրենական արտադրության խթանումը։

Մոխբերը հաճախ էր այցեր ունենում Իրանի տարբեր հատվածներ։ Օրինակ 2022 թվականի մայիսին Աբադան քաղաքում տեղի ունեցած աղետից հետ, երբ շենքի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել, դեպքի վայր հենց Մոխբերը ուղարկվեց՝ հետաքննելու վնասները և զսպելու անկարգությունները, որոնք հաջորդեցին շենքի փլուզմանը։

Նա երբեմն հանդիպում էր նաև ահաբեկչական համարվող Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի» հետ, միևնույն ժամանակ չխուսափելով մասնակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի հետ հանդիպումից։ Սա հետաքրքիր է, քանի որ որպես կանոն ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի և փոխնախագահների միջև հանդիպումներ տեղի չէին ունենում։

Մոխբերը, որպես ժամանակավոր նախագահ, երեք հոգուց կազմված խորհրդի մի մասն է՝ խորհրդարանի խոսնակի և դատական համակարգի ղեկավարի հետ միասին։ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանդրության 131-րդ հոդվածի համաձայն՝  վերջիններս պետք է կազմակերպեն նոր նախագահական ընտրություններ նախագահի մահից հետո 50 օրվա ընթացքում:

Ինչպես կանդրադառնա այս փոփոխությունը Հայաստանի վրա․ իրանագետ

Իրանագետ Ժաննա Վարդանյանը «Ստուգված է»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախագահի փոփոխությունը չի կարող էական ազդեցություն ունենալ Իրանի արտաքին քաղաքականության վրա, քանի որ ամենակարևոր ինստիտուտը Հոգևոր առաջնորդինն է․ նախագահի փոփոխությունը կարող է միայն ներքին փոքր ցնցումներ առաջացնել։

«Հայաստանի վրա այս փոփոխությունը մեծ ազդեցություն չի ունենա, քանի որ Իրանում արտաքին և ներքին քաղաքականությունը չի որոշվում միայն նախագահի ինստիտուտով։ Առաջին և ամենակարևոր ինստիտուտը հոգևոր առաջնորդինն է։ Այս առումով երկրի ներիքն և արտաքին քաղաքականությունները լուրջ փոփոխություն չեն կրելու, քանի որ այդ քաղաքականության որոշմամբ զբաղված են մի քանի կառույցներ՝ այդ թվում Ազգային անվտանգության խորհուրդը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և այլն։ Իրանի պետական համակարգի ինստիտուտները և մեխանիզմները շարունակում են գործել։ Մեզ համար գուցե տարբերություն անգամ չլինի նախագահը Ռաիսին է, թե այլ գործիչ։ Տարբերությունը կարող ենք որոշակիորեն զգալ կախված նրանից, թե գործիչը կլինի բարեփոխական, թե՝ պահպանողական։

Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հետ հարաբերությունները կոնկրետ միջադեպով չեն պայմանավորված, դրանք շատ ավելի երկարաժամկետ են, շատ ավելի խորը արմատներ ունեն։ Մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմից հետո Իրանում կա հստակ որոշում ավելի ակտիվանալ Հարավային Կովկասում, և նախագահի ու արտգործնախարարի փոփոխությունը դրա վրա չի ազդելու։ Եվ այդ որոշումը հոգևոր առաջնորդի գլխավորությամբ է հաստատվել։ Կարող են փոքրիկ ցնցումներ լինել ներքաղաքական կյանքում, պահպանողականների ճամբարում, օրինակ, բայց դա կանդրադառնա ներքին կյանքի վրա, ոչ արտաքին հարաբերությունների»։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *