Պաշտպանության նախկին նախարար, ներկայում ընդդիմադիր քաղաքական գործիչ Արշակ Կարապետյանի՝ 168.am կայքում հրապարակված հարցազրույցում հարցազրույցավարը պնդել էր, թե Հայաստանի՝ Ֆրանսիայից և Հնդկաստանից ձեռք բերած զենքերը արտադրող երկրները չեն օգտագործում։
«Ոչ միանշանակ վերաբերմունք կա այդ զենքերի մասով էլ, որովհետև փորձագիտական հանրությունը ասում է, որ այդ զենքերը պաշտպանական են, բայց անգամ ներքին .. հենց էն երկրները, որոնք վաճառում են այդ զենքերը մեզ, իրենք էլ չեն օգտագործում իրենց պաշտպանական համակարգը ամրացնելու համար այդ զենքերով։ Էստեղ հարց չի առաջանում, էդ դեպքում մեզ ինչի է պետք նման զենք, եթե արտադրող երկիրը անգամ այն չի օգտագործում»,- Կարապետյանին հարցրել էր զրուցավարը։
Ի պատասխան՝ Կարապետյանը հաստատել էր հարցազրույցավարի մտահոգությունը, իր կողմից պնդելով, թե մասնավորապես Հնդկաստանից ձեռք բերված զենքերը Հայաստանում անսարք վիճակում են գտնվում։
Հրապարակումից հետո, երեք օրում հարցազրույցը շուրջ 40 հազար դիտում է հավաքել Յություբում։
Թեպետ բաց աղբյուրներով հնարավոր չեղավ ճշտել Կարապետյանի պնդումների իսկությունը, սակայն «Ստուգված է»-ն պարզեց, որ զրուցավարի պնդումը, Հայաստանի ձեռք բերած զենքերը չեն օգտագործվում [անգամ] արտադրողների կողմից, սխալ է։
Պինակա
Հայաստանը Հնդկաստանից Պինակա հրթիռներ պատվիրել էր դեռ 2023 թվականին՝ վճարելով շուրջ 250 միլիոն դոլար։ Պինակայի արտադրությունը սկսել է 1990-ականների վերջին, առաջին անգամ հնդկական բանակի կողմից հաջողությամբ կիրառվելով 1999 թվականին՝ Կարգիլի պատերազմում։ Ներկայումս Պինակա հրթիռներ տեղակայված են Պակիստանի հետ սահմանին երկրի արևմուտքում, և հյուսիսում՝ Չինաստանի հետ սահմանին։
Հնդկական բանակը շարունակում է արտադրողից ձեռք բերել նոր Պինակա հրթիռներ՝ նպատակ ունենալով փոխարինել երկրի սահմաններին տեղակայված ռուսական արտադրության Գրադ հրթիռները։
ZADS
Մեկ այլ հնդկական զինատեսակ, որը, ըստ հայկական և հնդկական մեդիայի, Հայաստանը ձեռք է բերել Հնդկաստանից երկրի հակաօդային պաշտպանությունը ամրապնդելու համար, Zen Anti-Drone System (ZADS)-ն է։ Համեմատաբար նոր այս զինատեսակը Հնդկաստանի պաշտպանության բանակը ևս նպատակ ունի օգտագործել իր բանակում՝ արտադրող Zen Technologies ընկերությունից առաջին պատվերը կատարելով 2021 թվականին։ Զինատեսակի առաքումը հնդկական բանակին սպասվում էր այս տարվա մարտին։ Ավելին, ըստ հնդկական մամուլի աղբյուրների, Հնդկաստանի՝ այս զենքի ձեռքբերումը օգնել է Հայաստանին որոշում կայացնելիս։
Այլ հնդկական զենքեր
Նախորդ տարվա վերջին Հայաստանը ստացել է նաև ATAGS հաուբիցներ։ Այս զինատեսակի առաջին պատվիրատուն, իսկապես, Հայաստանն է։ Հնդկական բանակը այս տարվա փետրվարից սկսել է հետաքրքրվել այս զինատեսակի հնարավոր գնումով։ 2019 թվականին արտադրված այս զինատեսակը մի քանի փուլով փորձարկումներ է անցել Հնդկաստանում։
Ֆրանսիական ռադարները
Հայաստանի՝ մյուս աղմուկ հանած ձեռքբերումը Ֆրանսիական հակաօդային պաշտպանության Ground Master 200 ռադարաներն են, որոնց մատակարարման համաձայնագիրը Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է նախորդ տարվա հոկտեմբերին: Ըստ Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության հաղորդագրություններից մեկի՝ ռադարները տեղակայված են Ֆրանսիայի Էվրո քաղաքի մոտակայքում գտնվող ռազմաբազայում, ինչպես նաև Ֆրանսիական Գվիանայում՝ Հարավային Ամերիկայում։
Բացի Ֆրանսիայից, այս ռադարները պատվիրել կամ օգտագործում են նաև Հոլանդիայի, Լիտվայի և Մոլդովայի, Սերբիայի և Նորվեգիայի բանակները։ Նախորդ տարի զինատեսակը արտադրող Thales ընկերությունը նվիրել էր երկու GM 200 ռադար Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային։
Այսպիսով, հարցազրույցավարի պնդումը, թե Հայաստանի գնած զենքերը արտադրող երկրները՝ Ֆրանսիան և Հնդկաստանը, չեն օգտագործում իրենց իսկ երկների պաշտպանության համար, սխալ է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: