2024.03.21,

Ստուգված է

Ստոլտենբերգի ուղերձը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. նման ու տարբեր

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մարտի 20-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադարձավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Հայաստանում արած հայտարարությանը Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։ Պատգամավորը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյոք Վրաստանում և Ադրբեջանում եղած Ստոլտենբերգը ավելի հարմար տեղ չէ՞ր գտել այդ հայտարարություններն անելու համար։

«Ձեր հետ կատարած մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը բառացիորեն հայտարարեց՝ «Մենք ողջունում ենք ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ ենք անում, որ իրենցից կախված ամեն ինչ անեն, որ Պուտինը չհաղթի պատերազմում։ Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, և այս պատճառով է հենց, որ պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը։ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի»,- Ստոլտենբերի խոսքը մեջբերեց Խամոյանն ու հարցրեց, թե Վրաստանում և Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ավելի հարմար տեղ չգտա՞վ այդ հայտարարություններն անելու։

Ավելի վաղ՝ մարտի 19-ին, «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանն էր իր ֆեյսբուքի էջում գրել, թե Ստոլտենբերգը իրեն թույլ չէր տա նման բան ասել Բաքվում․

«Երբ Ստոլտենբերգը Երևանում ասում է «ողջունում եմ Ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ», նկատի ունի, որ ողջունում է մեր և Ուկրաինայի համերաշխ ճակատագրերը։ Բաքվում նա նման բան իրեն թույլ չի տալիս ասել, որովհետև անմիջապես պատասխան կստանար։ Իսկ Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսսայի ճակատագիրը»,- գրել էր Հոհաննիսյանը։

Այս գրառումը տարածել էին 168.am, irates.am, shamshyan.com և այլ լրատվակայքեր։

«Ստուգված է»-ն ուսումնասիրեց, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի և Ռուսաստանի վերաբերյալ ինչ հայտարարություններ է արել Երևան ժամանելուց առաջ՝ Վրաստանում և Ադրբեջանում և արդյոք ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ ուղերձներն այդքան տարբեր էին։

Հայտարարությունը Ադրբեջանում

Բաքու Ստոլտենբերգն այցելել է մարտի 17-ին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում նա հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ պատերազմ վարել Ուկրաինայի դեմ և ողջունեց Ադրբեջանին՝ ուկրաինացիներին տրամադրած մարդասիրական օգնության համար։

«Կարևոր է նաև ընդգծել, որ, իհարկե, երբ դիտարկում ենք Ուկրաինան տարածաշրջանի լայն համատեքստում, Ուկրաինան սևծովյան երկիր է, ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր է։ Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ պատերազմ վարել Ուկրաինայի դեմ։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չափազանց մտահոգված են շարունակվող պատերազմի հետևանքներով, և ՆԱՏՕ-ի դաշնակիցները աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային: Ես ողջունում եմ այդքան անհրաժեշտ ​​աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերում է Ուկրաինային, ինչպես նաև մարդասիրական օգնությունը, որը շատ անհրաժեշտ է։ Սակայն պետք է նշել, որ անհրաժեշտ է ավելի մեծ աջակցություն, քանի որ իրավիճակը Ուկրաինայում չափազանց բարդ է»,- ասել էր Ստոլտենբերգը:

Հայտարարությունը Վրաստանում

Յենս Ստոլտենբերգը Թբիլիսի այցելել էր մարտի 18-ին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ ասուլիսում նա կոչ արեց Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություն և ընտրությունների անցկացումը Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված տարածքներում անվանեց անօրինական։ Անդրադարձավ նաև ՌԴ նախագահական ընտրություններին․

«Ռուսաստանի նախագահական ընտրությունները ակնհայտորեն ոչ ազատ էին և ոչ էլ արդար։ Վրաստանը բախվում է անվտանգության բարդ մարտահրավերների։ Ռուսաստանի կայսերական հավակնությունները և Ուկրաինայում իրավիճակը մարտադաշտում մնում է ծանր, ուստի շատ կարևոր է, որ մենք շարունակենք ուժեղացնել մեր աջակցությունը։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները տրամադրում են Ուկրաինային ռազմական օգնության 99%-ը, և մեր գործընկերները նույնպես կարևոր դեր են խաղում։ Ես ողջունում եմ դա։ Վրաստանը հյուրընկալում է հազարավոր ուկրաինացի փախստականների և տրամադրում է կարևոր մարդասիրական և ֆինանսական օգնություն, միևնույն ժամանակ մենք կարող ենք և պետք է ավելին անենք Ռուսաստանի ագրեսիայի ցիկլը կասեցնելու»,- հայտարարել էր նա։

Հայտարարությունը Հայաստանում

Երևան Ստոլտենբերգն այցելեց մարտի 19-ին։ Ասուլիսի՝ Ռուսաստանին և Ուկրաինային վերաբերող հատվածը՝ ստորև․

«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, բայց այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- Փաշինյանի հետ ասուլիսում հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ու ողջունել Ուկրաինային մարդասիրական օգնություն հասցնելու Հայաստանի քայլը։

Այսպիսով, Ստոլտենբերգը երեք երկրներում էլ խոսել է Ռուսաստանի ագրեսիայի մասին և ողջունել Ուկրաինային աջակցելու՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի պատրաստակամությունը և կոչ արել մեծացնել աջակցության չափը։ Երեք դեպքում էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ռուսաստանի դեմ ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունից և Ուկրաինայի ծանր վիճակից։

Թբիլիսիի դեպքում նաև շեշտել է ՌԴ-ում անցկացված «ոչ ազատ և ոչ արդար» ընտրությունները, ինչը չի արել մյուս երկու երկրներում։ Հայաստանի դեպքում հատուկ ընդգծել է երկրի «համերաշխությունը Ուկրաինայի հետ», ինչը չէր արել որևէ այլ տեղ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *